«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Այն կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր ստորագրեց «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։
Հուշագիրը ստորագրած կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։ Ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, և կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են երիտասարդ եւ մեծ ներուժ ունեցող ուժերին հնարավորություններ տան, նաեւ, որպեսզի հնարավոր դառնա երկրում որակական փոփոխություններ բերել․ «Արտախորհրդարանական ուժերից շատերի հետ եղել են շփումներ, բայց մեր պատկերացրած ձեւաչափը, ամեն դեպքում, քաղաքական համակարգի որոշակի տրանսֆորմացիան է, փոփոխությունն է, նոր առաջարկն է Հայաստանի քաղաքական համակարգի»։
Համագործակցության՝ դաշինքի ձեւաչափի առումով, խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմն ապահովելու մասով, «Ուժեղ Հայաստանում» խնդիր չեն տեսնում։ «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ հասարակական վստահությունը եւ փոփոխությունների պահանջը, ըստ Նարեկ Կարապետյանի, մղում են ավելի վստահ գործելու։
Կարդացեք նաև
«Կամ ամեն ինչ մնում է նույնը՝ մեր այս խեղճացած վիճակով՝ Փաշինյանի հետ, կամ՝ Կարապետյանի հետ գալիս են նոր փոփոխություններ, մեծ փոփոխություններ, նոր հնարավորություններ մեր երկրի համար»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Նիկոլ Փաշինյանի եւ իշխող քաղաքական ուժի մեղադրանքները, թե այլ քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ «Ուժեղ Հայաստանը» պատերազմ են բերելու, Նարեկ Կարապետյանի բնութագրմամբ օրակարգի, առաջարկի բացակայությունից է․ «Ծառին նայում են իր պտուղով։ Այս ծառը (նկատի ունի ՔՊ-ին-Ն․ Գ․), երեք պատերազմ է բերել մեզ։ Ամեն սեպտեմբեր մենք արթնանում էինք նոր զոհերով, նոր պատերազմով․ հույսները թող չդնեն, որ մեր ժողովուրդը հիշողություն չունի։ Մեր ժողովուրդը հարյուր տարի առաջն էլ է լավ հիշում, հիման էլ է հիշում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































