Հավակնոտ բյուջե առանց կարիքներից բխող գիտատեխնոլոգիական գերակայությունների
«Գիտուժ»-ի դիրքորոշումը Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի վերաբերյալ
Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի ընդունումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն ամրագրում է աննախադեպ ֆինանսական հանձնառություններ: Միևնույն ժամանակ, այն նաև վեր է հանում խորքային կառուցվածքային բացեր այն հարցում, թե ինչպես է մեր պետությունը ձևակերպում և լուծում իր իսկ խնդիրները։
Հայաստանի ՀևՄ (հետազոտությունների և մշակումների, R&D) էկոհամակարգը պետք է դառնա մեր պետական խոցելիությունների «դեղամիջոցը»։ Թեև այս ծրագիրը զգալի միջոցներ է հատկացնում ակադեմիական գիտության կարողությունների զարգացման համար, այն չի առաջարկում այդ միջոցները պետական անվտանգային և տնտեսական կարիքներին ծառայեցնելու ինստիտուցիոնալ գործիքակազմ։
Կարդացեք նաև
- Աննախադեպ հանձնառություն և ակադեմիական գիտական հավակնություն
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ սահմանել է պետական ՀևՄ ծախսերի իրավաբանորեն ամրագրված, չափելի և հավակնոտ թիրախ՝ ՀՆԱ-ի 0.75%-ը մինչև 2030 թվականը։ «Գիտուժ»-ը ողջունում է այս ամրագրված հանձնառությունը։ Սա գրեթե երեք անգամ ավելին է, քան 2026 թվականին նախատեսված 0.27%-ը: Թեև միջազգային չափանիշներով սա դեռևս զիջում է պետական պատվերով ՀևՄ-ի համար անհրաժեշտ նվազագույն ներդրումների մակարդակին, այս նշաձողի սահմանումը կարևորագույն քայլ է։ Սա հիմնարար ձեռքբերում է, որն արտացոլում է «Գիտուժ»-ի և մեր գործընկերների տարիների հետևողական ջանքերը։
Ինչ վերաբերում է հիմնարար ակադեմիական հետազոտություններին, ապա ծրագիրը բավականին մանրամասն է, հավակնոտ և միտված է աճին։
- Բացակայող «կարիքներից բխող» ՀևՄ մեխանիզմը
Թեև ֆինանսական հանձնառությունն աննախադեպ է, բացակայում է դրա նպատակային ուղղորդման մեխանիզմը։ Ծրագիրը նշում է, որ գիտությունը պետք է ծառայի ազգային կարիքներին, սակայն չի առաջարկում դա իրագործելու գործնական եղանակ։
Փաստաթուղթն արձանագրում է, որ պետական կարիքների վերհանման և դրանցից բխող ՀևՄ պատվիրման մեխանիզմները շատ թույլ են զարգացած: Բայց դրանք զարգացնելու ու ամրապնդելու հստակ մեթոդաբանություն (ինչպես դա հանգամանորեն արվում է ակադեմիական հետազոտությունների դեպքում) ծրագիրը չի ուրվագծում։
«Գիտուժի» ջանքերով նախկինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ճանաչվել էր կարիքներից բխող ՀևՄ պատվերի մեխանիզմների ինստիտուցիոնալ բացը, և տրվել էր խնդրի լուծմանն ուղղված հետազոտության իրականացման հանձնարարական՝ պետական ֆինանսավորման երաշխիքով: Մեծ բացթողում ենք համարում, որ խնդրի լուծմանն ուղղված այս կոնկրետ հետազոտությունը չի հիշատակվում ռազմավարական ծրագրում որպես կոնկրետ միջոցառում: Այս պահին մենք ունենք ակադեմիական գիտության վրա գումար ծախսելու հիմնավոր պլան, բայց պետության համար լուծումներ ստանալու միայն մտադրության հռչակում։ Վերոհիշյալ հետազոտության իրականացումը և կարիքներից բխող ՀևՄ պատվերի մեխանիզմի նախագծումը պետք է դիտարկվեն որպես ծրագրի ամենահրատապ ու հստակ պլանավորված առաջնահերթությունը։
- Փոխառված գերակայությունները
Խիստ խնդրահարույց է ռազմավարական ուղղությունը։ Ըստ փաստաթղթի՝ գիտական և տեխնոլոգիական գերակայություններն ամբողջությամբ փոխառված են միջազգային զեկույցներից (օրինակ՝ ԵՄ, ՆԱՏՕ, ՏՀԶԿ և այլն)։ Ծրագիրը չի ներկայացնում մեթոդաբանություն, թե ինչպես են հարյուրավոր գլոբալ միտումներից առանձնացվել այս կոնկրետ 12 ուղղությունները։ Ավելին՝ այն ենթադրում է, որ այս փոխառված ցանկից դուրս այլ բնագավառ (բացառությամբ՝ հայագիտության) չի կարող համարվել պետական առաջնահերթություն։ Մենք չենք կարող պետական ռազմավարություն ներմուծել այնպես, ինչպես սպառողական ապրանք ենք ներմուծում։
«Գիտուժ»-ը մշտապես պնդել է, որ գիտության և տեխնոլոգիաների զարգացման մեր նպատակները պետք է բխեն մեր իսկ իրականությունից ու առանձնահատուկ կարիքներից։ Սակայն այս ծրագրում հղում չկա ռիսկերի գնահատման պաշտոնական փաստաթղթի, ներպետական կանխատեսումների կամ ազգային կարիքների վերլուծության։ Իսկ եթե նման հիմնարար պետական փաստաթղթեր ուղղակի գոյություն չունեն, և հենց դա է հղումների բացակայության պատճառը, ապա դա վկայում է առավել խորքային խնդիրների մասին։
Այս փոխառված ռազմավարական շրջանակի վրա հիմնվելը ստեղծել է կառուցվածքային բացթողումներ․
- Հումանիտար և հասարակական գիտությունների անտեսում․ Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերների համատեքստում այս բնագավառների անտեսումը ռազմավարական բացթողում է։ Բացի հայագիտությունից այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կիրառական տնտեսագիտությունը, տարածաշրջանային լոգիստիկան, հիբրիդային սպառնալիքները, ռազմական գիտությունը, կառավարումը և սփյուռք-պետություն հարաբերությունները, կենսական հետազոտական ուղղությունների ընդամենը մի քանի օրինակ են, որոնք գնահատման կարիք ունեն, սակայն շրջանցվել են։
- Անվտանգության նեղ ընկալում․ Փաստաթղթում հաճախ է հիշատակվում «անվտանգություն» հասկացությունը, սակայն այն հանգեցվում է զուտ «պաշտպանության»։ Թեև էներգետիկան, առողջապահությունը և գյուղատնտեսությունը ներառված են որպես տեխնոլոգիական միտումներ, դրանք չեն դիտարկվում ազգային անվտանգության և խոցելիության տեսանկյունից։
Այն, որ որևէ տեխնոլոգիա բեկումնային է ՆԱՏՕ-ի համար, դեռևս չի նշանակում, որ այն գերակայություն է Հայաստանի համար։ Գերակայությունների ցանկը՝ առանց ազգային ախտորոշման, ռազմավարություն չէ. այն պարզապես փոխառված ցանկությունների ցուցակ է։
- Անվտանգային և տնտեսական ՀևՄ կարողությունների զարգացման տեսլականի բացը
Ծրագրում բացակայում է անվտանգության և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ՀևՄ կարողությունների նպատակային զարգացման տեսլականը՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածներում։
- Մասնավոր ՀևՄ հավակնությունների պակաս․ 2030 թվականի համար սահմանված մասնավոր ՀևՄ-ի 25% թիրախն անընդունելի ցածր է մի երկրի համար, որը նպատակ ունի կառուցել մրցունակ տնտեսություն և երկակի նշանակության տեխնոլոգիաների կայուն էկոհամակարգ։ Ավելին, այս թիրախը սահմանվել է առանց ամբողջական պատկերի. վերլուծությունը շրջանցում է արդյունաբերական կարևորագույն տվյալներ (օրինակ՝ մասնավոր ՀևՄ-ի իրական ծախսերը, անձնակազմի քանակը և բնագավառային բաշխվածությունը)։
- Պետության՝ որպես պատվիրատուի դերի անտեսումը․ Կրիտիկական անվտանգային կարիքները բավարարելու համար պետությունը պետք է գիտակցի իր դերը որպես խոշոր պատվիրատու՝ ակտիվորեն պահանջարկ ձևավորելով և դրանով իսկ նպատակային խթանելով և զարգացնելով մասնավոր հատվածի ՀևՄ կարողությունները։
- Պետական ՀևՄ ներքին կարողությունների բացը․ Ծրագրի ակադեմիական շեշտադրումը ստվերում է պետության սեփական, ներքին ՀևՄ ինստիտուտներ ձևավորելու հրատապ անհրաժեշտությունը։ Մեզ պետք են կիրառական, կոնկրետ խնդիրներ լուծող կարողություններ պետական ՀևՄ իրականացնող հաստատությունների ներսում, որոնց արդյունավետությունը կչափվի ոչ թե ակադեմիական հրապարակումներով, այլ պետությանը տրամադրված գործնական լուծումներով։
Ամփոփելով՝ «Գիտուժ»-ը սատարում է այս ծրագրի դրական դրույթներին, սակայն մեր հստակ ակնկալիքն է, որ կառավարությունը կմշակի և կընդունի ամբողջական ՀևՄ ռազմավարական ծրագիր կամ իրար փոխլրացնող ծրագրեր՝ վերացնելով արձանագրված կրիտիկական բացերը։ Կարիքներից բխող ՀևՄ մեխանիզմների ներդրումն այլևս չի կարող հետաձգվել: Մենք հետամուտ ենք լինելու այս ինստիտուցիոնալ հենքի կառուցմանը և պատրաստ ենք աջակցելու կառավարությանն այդ հարցում։
«Գիտուժ» նախաձեռնություն


















































