«Մամուլի ազատության մասին խոսակցությունը սկսելուց ես միշտ հետեւյալ նախադասություն եմ ասում՝ երբեք իշխանությունը մամուլին չի սիրում, երբեք լրագրողները զերծ չեն ճնշումներից: Եվ դա բոլոր երկրներում է»,- Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում նշեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
«30 եւ ավելի տարիներ լրագրության մեջ եմ, նաեւ իմ նկատմամբ եղած իրադարձությունների սպեկտրում եմ վերլուծություն անում եւ տեսնում եմ, որ միշտ իշխանությունների կողմից եղել են տարբեր բնույթի ճնշումներ, բայց այն, որ կունենանք փողոցից, քաղհասարակությունից, մամուլից եկած իշխանություն, որը կկիրառի դաժան ճնշումներ լրատվամիջոցների նկատմամբ, ճիշտն ասած, ես գոնե 2018թ չէի պատկերացնում:
Հակառակը, ինձ թվում էր, որ նախկին խմբագիր, նախկին լրագրողներ, քաղհասարակության ներկայացուցիչները` Քաղաքացիական պայմանագիր կոչվող խումբը, որ իշխանության է եկել, պետք է ավելի բարենպաստ միջավայր ստեղծի լրագրողների համար, պետք է մեզ գնահատեն, գուցե նաեւ արտոնյալ պայմաններ ստեղծեն, որպեսզի լրատվամիջոցները գործեն, որովհետեւ իրենք իրենց մաշկի վրա զգացել են այդ ճնշումները եւ պետք է հետեւություններ արած լինեին: Բայց ցավոք սրտի, 2018-ից հետո բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան ԶԼՄ-ների հետ կապված, որոնք վկայում են այն մասին, որ այս իշխանությունը չունի հարգանք լրատվամիջոցների հանդեպ, չի գիտակցում ԶԼՄ-ների դերն ու նշանակությունը հասարակության մեջ, ընդհակառակը՝ ամեն գնով փորձում է փակել մեր բերանը, զսպաշապիկ հագցնել, այնպես անել, որ մեր աշխատանքի հնարավորությունները սուղ լինեն, մենք ավելի կաշկանդված լինենք»,-ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
Նա փաստեց, որ «Հրապարակի» նկատմամբ ճնշումները սկսել են հենց 2018-ից. «Օգոստոս ամիսն էր, երբ ֆլեշմոբ սկսեցին ՔՊ-ի անդամները՝ հրաժարվեք բաժանորդագրությունից, մի կարդացեք «Հրապարակ»… Բայց դրանք դեռ ծաղիկներն էին, հետագայում բռնաճնշումները նորանոր ձեւեր ստացան… Հիմա մենք ունենք հետեւյալ վիճակը՝ անընդհատ հայցեր, հավատարմագրումից զրկել, լրագրողների նկատմամբ ֆիզիկական եւ վերբալ բռնություններ: Ունենք նաեւ փաստեր, որ ազատ խոսքի համար անգամ փոդքաստ վարող մարդիկ հայտվում են բանտում, ունենք քրեական գործ հարուցելու փորձ, հայցեր, որտեղ իրենք միլիոնների տուգանքներ են նշանակում լրատվամիջոցների նկատմամբ եւ ամենակարեւորը՝ մի քանի ՔՊ-ական կարկառուն դեմքեր սովորույթ են դարձրել ամեն օր եթեր մտնել, գրառումներ անել լրատվամիջոցների դեմ, ատելության խոսք տարածել, պահանջեր ներկայացնել եւ իրենց կարծիքով՝ հաշվետվություններ պահանջել…»:
Կարդացեք նաև
Ասուլիսն ամբողջությամբ․
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արմինե Օհանյանի լուսանկարը՝ ֆեյսբուքի իր էջից


















































