«Աբսուրդի ժանրից է: Խնդիրն այն է, որ ես նայել եմ Նիկոլի աչքերի մեջ: Ըստ երեւույթին, դա արդեն վախ է բերել: Ես պլանավորել եմ քաղաքի, գյուղերի ու Արցախի ազատագրումները: Երբ ես մի բան պլանավորում էի, կազմակերպում էի, դա ազատագրում էր: Որտեղ նրանք այսօր աշխատում են, որ երկրի պատասխանատուներն են համարվում, այդ երկրի ազատագրման գործում եմ եղել: Այլ ոչ թե նման բաներ կարող էի պլանավորել, առավել եւս երիտասարդներով»,- այսօր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված, այդ գործով մեղադրյալ հասարակական գործիչ Գեւորգ Գեւորգյանը:
«Իմ աչքերն են առանձնացրել, եթե իմ հայացքից լուրջ վախեր է ունենում, շատ ավելի վատ վիճակում ենք, քան կարելի է պատկերացնել: Իմ գործողություններն այն են եղել, որ երբ տեսել եմ՝ հարվածում են երիտասարդին, ձեռքից բռնել եմ՝ ասել եմ՝ դուրս եկեք, եկեղեցում սենց բան չեն անում»,-հավելեց Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել: Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
3 անձ ձերբակալվել էին՝ դպրոցահասակ եղբայրներ Դավիթ ու Միքայել Մինասյանները եւ Գեւորգ Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ երեկ Մինասյան եղբայրների տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել: Ինչպես փաստաբաններն են պնդում, իրավապահները փնտրում էին Փաշինյանի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, բայց տանը հայտնաբերել են միայն գրքեր ու պատվոգրեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































