Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծավալը էական չէ». հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ

Մարտ 31,2026 17:58 Share

Այս տարի հիմնական դպրոցը կավարտեն  հանրակրթության նոր չափորոշչով ուսումնառություն ստացող առաջին շրջանավարտները։ Հետևաբար, նրանց քննությունները կազմակերպվելու են ՀՓՉ պահանջներով՝ նոր ձևաչափով։

«Արմենպրես» գործակալության ուղիղ եթերում կազմակերպված առցանց վեբինար հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանը և ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը պատասխանել են 9-րդ դասարանի ավարտական քննություններին, մասնավորապես՝ էսսեի ձևաչափով «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ինտեգրված քննության կազմակերպման վերաբերյալ հարցերին: Նախորդ երկու տարիներին նշված առարկաների ավարտական քննությունը էսսեի ձևաչափով արդեն հանձնել են Տավուշի մարզի դպրոցականները՝ նոր չափորոշչի փորձարկման շրջանակում։ Այս տարի արդեն էսսեի քննությունը հաձնելու են ՀՀ բոլոր դպրոցների 2025-2026 ուստարվա 9-րդ դասարանի սովորողները։

Վեբինար հարցուպատասխանը հեռարձակվել է ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջով, ինչպես նաև Արմենպրես գործակալության Յութուբի հարթակում․ պարզաբանվել են նախապես ստացված, ինչպես նաև ուղիղ եթերի ընթացքում ուսուցիչների և քաղաքացիների ներկայացրած հարցերը։

Ի՞նչ քննություններ են հանձնելու 9-րդ դասարանցիները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրել է 9-րդ դասարանի բոլոր քննությունների անցկացման ընթացակարգը. ««Հայոց լեզու» և  «Մաթեմատիկա» առարկաներից սովորողները հանձնելու են թեստային աշխատանք՝ հիմնականում նախորդ տարիների քննության ձևաչափով։ Հաշվի առնելով, որ չափորոշչի ներդրման շրջանակում շեշտադրվում են սովորողի կարողությունները և հմտությունները՝ փոխված է լինելու առաջադրանքների բնույթը.  թեստերում տեղ կգտնեն գործնական բնույթի առաջադրանքներ: «Օտար լեզու» առարկայից սովորողներն ընտրելու են իրենց նախընտրած օտար լեզուն և հանձնելու են բանավոր քննության: Բնագիտական առարկաներից քննության երկու տարբերակ կա. սովորողները հնարավորություն ունեն ընտել կամ որևէ բնագիտական առարկա՝ թեստի ձևաչափով, կամ միասնական նախագծային աշխատանք: Ընդ որում՝ թեստային առաջադրանքների շուրջ 30%-ը կրկին լինելու են գործնական լաբորատոր բնույթի առաջադրանքներ:

Նախագծային աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է․ ձևավորվել են աշխատանքային խմբեր, հաստատվել են նախագծային աշխատանքների թեմաները, ձևավորվել են հանձնաժողովներ, որոնք համակարգում  և ստուգում են կատարված աշխատանքները։ Նախագծային աշխատանքները կամփոփվեն մայիսին․ եթե նախագծային աշխատանքի քննարկման արդյունքները սովորողին չեն բավարարի, նա կարող է հրաժարվել այդ տարբերակից և հունիսին հանձնել թեստային քննություն։ Այսինքն՝ սովորողն այս դեպքում ունի երկրորդ տարբերակից օգտվելու հնարավորություն։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սովորողները 9-րդ դասարանն ավարտելիս «Ֆիզկուլտուրա» առարկայից պետք է ստուգարք հանձնեն, որը կկազմակերպվի նախորդ տարիների նմանությամբ»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ այս տարի փոխվել է «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննությունը, որը սովորողները հանձնելու են ինտեգրված էսսեի ձևաչափով։

Ինչո՞ւ էսսե

Նախարարի տեղակալի խոսքով՝ միայն թեստերի կամ բանավոր քննության միջոցով հնարավոր չէ ստուգել հանրակրթության նոր չափորոշչով սահմանված վերջնարդյունքների կամ կարողունակությունների պահանջվող շրջանակը: Ուստի, մասնագիտական քննարկումների արդյունքում որոշվել է նշված երկու առարկաների քննությունները կազմակերպել էսսեի ձևաչափով։

««Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննությունը կազմակերպվելու է միասնական էսսեի  ձևաչափով: Սովորողները ստանալու են երկու տեքստեր՝ գրական որևէ ստեղծագործության և պատմական որևէ դրվագի կամ իրադարձությանը վերաբերող: Այդ տեքստերին ծանոթանալուց հետո 150 րոպեի ընթացքում սովորողները պետք է իրենց մոտեցումն ու կարծիքը շարադրեն նշված երկու տեքստերի վերաբերյալ՝ փորձելով գտնել պատճառահետևանքային կապեր՝ դրսևորելով վերաբերմունք, ստեղծագործ միտք և քննադատական մտածողություն։ Այսինքն՝ էսսեն սովորողին հնարավորություն է ընձեռում ավելի ազատ ձևաչափով շարադրելու մտքերը՝ դրսևորելով քննական և վերլուծական մտածողություն։ Էսսեի շրջանակում չի գնահատվելու հայոց լեզվի իմացությանը վերաբերող բաղադրիչը, քանի որ սովորողները հայոց լեզվից առանձին քննություն են հանձնելու»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը։

Ուսուցիչները և դպրոցները պատրա՞ստ են սովորեցնել՝ ինչ է էսսեն

ԿԶՆԱԿ տնօրեն Ժաննա Հարությունյանն անդրադարձել է ուսուցիչների հետ իրականացրած աշխատանքներին, մասնավորապես՝ էսսեի քննության նախապատրաստական ընթացքին: Նա իրազեկել է, որ ի լրումն արդեն իսկ իրականացրած մեծածավալ աշխատանքների՝ նախատեսվում է ապրիլին մեկնարկել մարզային գործուղումներ՝ ուսուցիչներին աջակցելու և նախապատրաստական վերապատրաստումներ իրականացնելու նպատակով:

«Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում իրականացրել ենք փորձնական քննություն՝ մշտական կապ պահելով ուսուցիչների հետ: Նույն ձևաչափով աշխատելու ենք նաև մարզերի ուսուցիչների հետ: Այսօր կարող ենք ասել, որ ուսուցիչների անհանգստությունները նվազել են, քանի որ առավել հստակ են պատկերացնում էսսեի ձևաչափն ու անելիքները»,- ասել է Ժաննա Հարությունյանը:

Ուսուցիչների մտահոգություններին անդրադարձել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարս Սարգսյանը՝ նշելով, որ հարցերը հիմնականում վերաբերում են էսսեի ձևաչափի ընտրությանը: ««Գրականություն և «Հայաստանի պատմություն» առարկաների՝ նոր չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ուղիղ կապված են սովորողների քննադատական, վերլուծական մտածողության և ինքնուրույն պնդումներ անելու և դրանք հիմնավորելու կարողությունների հետ: Կարևորում ենք, որ երեխաները, տարբեր առարկաների շրջանակում ուսումնասիրելով տվյալ ժամանակաշրջանը, կարողանան տեսնել այդ իրադարձությունների կապը»,- ասել է Թամարա Սարգսյանը:

Էսսեի կառուցվածքը

ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը պարզաբանել է էսսեի կառուցվածքը․ «Էսսեն ունի մուտք, հիմնամաս և ամփոփում։ Ինտեգրված էսսեի մուտքը բխում է հարցից, որի շուրջ պետք է սովորողը էսսեն կառուցի: Հարցադրման պատասխանն էլ կլինի այն պնդումը, որը աշակերտը կշարադրի որպես անձնական տեսակետ: Երկու հատվածների ամբողջ համադրումը պետք է լինի ապացուցումն այն անձնական տեսակետի, որը նա դրսևորել է: Վերջում պետք է ներկայացնել անձնական դիտարկումներում արած վերջնարդյունքը՝ որպես ամփոփում»:

Էսսեի թեմաները նախապես տրամադրվելու՞ են

Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ էսսեների թեմաների ընդհանուր շրջանակը ընդգրկում է դպրոցականների ուսումնառության ընթացքում «Պատմություն», «Հայաստանի պատմություն» և «Գրականություն» առարկաներից ուսումնասիրված թեմաները:

«Այս ընթացքում դպրոցներին պարբերաբար ուղարկվել են տարբեր թեմաներ, որոնց շուրջ  աշակերտների հետ ուսուցիչները նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել: Առանձին քննության էսսեի թեմաներ, սակայն, չեն տրվելու, քանի որ դա կնշանակի նախապես հրապարակել քննական առաջադրանքը, ինչը հակասում է քննության տրամաբանությանը»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ քննության օրերը դեռևս հաստատված չեն:

Էսսեի գնահատումը

ԿԶՆԱԿ պատասխանատուները փաստում են՝ էսսեի գնահատման չափանիշները տրամադրված են ուսուցիչներին։ Ըստ այդմ՝ ծավալը էական չէ՝ առաջնայինը բովանդակությունն է, ասելիքի ամբողջականությունն ու սովորողի դատողություններում երկու հատվածների համակշռված լինելը։

«Այսինքն՝ գրականությունը և պատմությունը պետք է մեկնաբանվեն զուգահեռ՝ մեկ հարցադրմամբ, մեկ պնդմամբ, մեկ ամփոփմամբ: Կողմնորոշման համար սահմանված է 1.5-ից 2.5 էջ, ինչը, սակայն, պարտադիր պայման չէ: Մանրամասները ներկայացված են ուղեցույցում և էսսեագրության տեսանյութում, որոնք  հրապարակված են ԿԶՆԱԿ-ի կայքում»,- նշել է ԿԶՆԱԿ հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանը։

Սովորողը գնահատվում է 20 միավորային սանդղակով: Պատմության և գրականության ուսուցիչները, առանփին կարդալով էսսեն, այն գնահատում են 20-ական միավորով՝ յուրաքանչյուրը՝ ըստ իր առարկայի գնահատման չափանիշների: Գնահատականը միջինացվում է, և ավարտական վկայականում դրվում է մեկ վերջնական, ավարտական գնահատական: Սովորողն ազատ է արտահայտելու իր կարծիքն ու դիրքորոշումը, սակայն գնահատման գործընթացում առանցքային են պնդման հիմնավորվածությունը, մեջբերումներով ապացուցումը:

Բողոքարկման գործընթացը սահմանված է աշխատակարգում. ըստ այդմ՝ այն հնարավոր է իրականացնել քննության հաջորդ օրը:

Արդյոք սահմանված 150 րոպեն բավարա՞ր է

Տավուշի մարզում նախորդ տարիներին անցկացված քննությունների փորձը ցույց է տվել, որ ժամանակը լիովին բավարար է: Քննությունը նախատեսված է բոլոր սովորողների համար՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, որոնց ծնողները կարող են դիմումի համաձայն երեխային ազատել քննությունից: Միաժամանակ, Տավուշի փորձը ցույց է տվել, որ նույնիսկ ամենացածր առաջադիմություն ունեցող սովորողներն ակտիվորեն են մասնակցում էսսեի քննությանը՝ արտահայտելով համարձակ և հետաքրքիր մտքեր:

Քննությանը տրվում է էսսեի 1 տարբերակ

Ըստ ընթացակարգի՝ մասնագետների կողմից առաջարկվում են էսսեի թեմաներ, որոնք գաղտնի փոխանցվում են Գնահատման և թեստավորման կենտրոնին: Վերջինս ընտրում է առաջարկված թեմաներից որևէ մեկը՝ որպես քննական տարբերակ բոլոր դպրոցների համար՝ ապահովելով հավասար պայմաններ: Կտպագրվեն էսսեի քննության համար անհրաժեշտ տետրերը՝ համապատասխան տեքստերով և էսսե գրելու հրահանգներով: Այդ տետրերը փակ ծրարներով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ՝ դպրոցներ, և բացվում են քննության մեկնարկին, ինչից հետո երեխաները սկսում են աշխատել:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031