Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ այսօր էլ հաշվետու եմ…»

Ապրիլ 01,2026 12:30 Share

Այս բառերը պատկանում են ճարտարապետ, պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ Մարտին Միքայելյանին, ով քաղաք էր «հորինում»` լույսի եւ էներգիայի արժանի քաղաք, որը պիտի լիներ ու եղավ ներդաշնակ, հանց սիմֆոնիա, որտեղ յուրաքանչյուր կառույց իր նոտան է կատարում…

Ծնվել է տանը` Երեւանում, թեեւ արմատները տանում են Վան եւ Մակու… Հավաքված հարեւանուհիները սիրով են օգնել երկհարկանի շենքում բնակվող մանկաբարձուհուն, որն ընդունել է մանչուկին: Ինքնակենսագրականում Մարտին Միքայելյանը գրում է. «Լողացնելիս, երբ փորձ եմ արել բռնել տաշտակի կողը եւ վեր բարձրանալ, դատավոր Սիմոնի կինը` Նատոն, ասել է. «O՜, սա ճարտարապետ է դառնալու»: Մարգարեական խոսքեր…

Հեղինակը` Մարտին Միքայելյան. «Մեղրի»

Պատանին հասակ է առել քարի եւ գծի հանդեպ սիրով, տեսել է այն, ինչ ուրիշները չէին նկատում` որսացել լույսի խաղը պատերի վրա, ստվերի պարը քարե մակերեսների երկայնքով, լսում էր ճարտարապետության մեջ թաքնված երաժշտությունը, իր մեջ ամբարում անիմանալին ու տիեզերականը: Նա հավատում էր, որ ճարտարապետությունը կարող է փոխել մարդու կյանքը, որ գեղեցիկ քաղաքը կարող է ծնել գեղեցիկ հոգի:

Ուշագրավ է, որ Մարտին Միքայելյանի առաջին ինքնուրույն աշխատանքը եղել է 1947-ին` դեռեւս չորրորդ կուրսում ուսանելիս, իր ընտանիքի համար նախագծած մենատունը Երեւանի Ի. Ալիխանյան փողոցում, որը հավանության է արժանացել եւ հաստատվել Երեւանի գլխավոր ճարտարապետի տեղակալ Գրիգոր Աղաբաբյանի կողմից: Հետագայում Մարտին Միքայելյանը գրում է. «Առանձնատան կառուցումը, որ ինձ համար, իհարկե, հասունանալու դպրոց էր, բերեց նաեւ մեծ հոգսեր: Դժվար էր ե՛վ ուսանել (հետագայում աշխատել), ե՛ւ կառուցել, ե՛ւ ճարտարապետական մրցույթներին մասնակցել, ե՛ւ տեսությամբ զբաղվել… Կոփվե՞լ է դա կոչվում, թե՞ ուժերի ջլատում, ես այսօր էլ որոշակի պատասխան չունեմ… երեւի երկուսն էլ»:

Իսկ`

Դարը դողում է, շառաչում ու անցնում,

Մարդիկ պայքարում են, մարտնչում ու անցնում,

Վա~յ նրան, ով այս փոթորկուն ժամին

Դարից անջատ է հառաչում ու անցնում:

Կամ`

Երանի նրան, ով որ անթառամ

Իր կյանքի ճամփին ծաղկունք է ցանում

Եվ արծաթափայլ ձմեռվա նման

Իր կյանքից հետո ապրող աշխարհին

Անմահ գործերի գարունն է թողնում:

Բանաստեղծական այս տողերն էլ են պատկանում Մարտին Միքայելյանին: Նրա պոեզիան սոսկ բառեր չեն, այլեւ լույսի եւ ստվերի խաղ, բաց ու փակ տարածությունների ռիթմ, երկարության միավորների տրոփ՝ խորունկ ու խորախորհուրդ, խոհափիլիսոփայական մտորումներ, բանաստեղծություններ՝ նվիրված ճարտարապետներ Սամվել Սաֆարյանին, Ռաֆո Իսրայելյանին… «Մեծ է եղել իմ պատասխանատվությունը գրավոր խոսքի հանդեպ: Դա մի այլ ու պահանջկոտ աշխարհ է, քան բանավորը: Մեծագույն հաճույք է եղել գրելը, մանավանդ` մայրենի լեզվով: Իսկ Հայոց լեզուն մի հրաշք է, մեր ժողովրդի ամենամեծ ոգեղենը, եւ երջանիկ է այն հայը, որ հասու է նրա գեղեցիկ եւ խոր վեհություններին, նրա միջոցներին` ճկուն, բազմազան ու մշտնջենական»,- գրում է Մարտին Միքայելյանն ինքնակենսագրականում:

Ինչու ոչ, նաեւ` նկարիչ. «Հաղպատ, զանգակատուն», «Սեւան, խաղաղ ժամ», «Գառնու ձորը», «Փիրուզագույն անտառ», «Գյուղակը սարերում», «Մեղրի», «Մեղմ օր»… Շուրջ 300 կտավները վկայում են ինքնաբավ նկարիչ Մարտին Միքայելյանի գեղագիտական ճաշակը, աշխարհը յուրովի տեսնելու, մանրուքները նկատելու ունակությունը, սեփական ներաշխարհն ու ճշմարտությունն արտահայտելու ձիրքը: Նրա գծանկարներում ու գեղանկարներում ապրում են նույն երազանքները, որոնք հետագայում քարի ու բետոնի կերպարանք են ստանում: Նրա գործիքը ոչ միայն մատիտն էր ու վրձինը, այլեւ երեւակայությունը` անսահման, համարձակ, թռիչքի պատրաստ:

100 տարի անց` մարտի 24-ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Տրդատ» ցուցասրահում տեղի ունեցավ Մարտին Միքայելյանի (1926-1997) ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ-երեկո, ինչպես նաեւ «Մարտին Միքայելյան. ճարտարապետ» երկլեզու գիրք-ալբոմի շնորհանդեսը: Ժամանակավոր ցուցահանդեսը` «Ես հարյուր տարեկան եմ եւ այսօր էլ հաշվետու եմ» խորագրով, ճարտարապետի անուրանալի վաստակը մեկ անգամ եւս վերագնահատելու նպատակ ունի: Բացման խոսքով հանդես եկավ թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը` մասնավորաբար նշելով. «Ես արժեւորում եմ ճարտարապետի ժառանգների նախանձախնդրությունը թանգարանի հետ համագործակցության համատեքստում. ցուցահանդեսը հարստացրեց թանգարանը մի շարք արժեքավոր ցուցանմուշներով, որ Միքայելյանների ընտանիքը սիրով նվիրեց թանգարանին` հարատեւ կյանք հաղորդելով դրանց: Շնորհակալությունս եմ հայտնում Մարտին Միքայելյանի որդիներին: Մարտին Միքայելյանը մեզ նաեւ ժառանգություն է թողել մեր ազգի կարեւորագույն ուժը, այն է` միասնության գաղափարը: Միասնությունն արտահայտվեց նրա դիպլոմային աշխատանքում, որտեղ համախմբվեցին ընտանիքի անդամները, եւ իր մասնագիտական ներուժին ավելացավ ընտանեկան միասնությունը: Այս միասնությունը դրսեւորվեց նաեւ մեր ցուցահանդեսի կազմակերպմամբ, որտեղ իրենց լուման բերեցին թանգարանի աշխատանքային թիմը, Մարտին Միքայելյանի որդիները, բարեկամները, ուսանողները…»:

Մարտին Միքայելյանը որդիների հետ՝ Արմեն, Արեգ, Ավետ, Գոշավանքում։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն իր ողջույնի խոսքում, ընդգծելով Մարտին Միքայելյանի ճարտարապետական ժառանգության կշիռն ու արժեքը, ասաց, որ պատիվ է ունեցել լինելու Մարտին Միքայելյանի ուսանողը. նա երախտագիտության զգացումով փաստեց իր դասախոսի մեծ հեղինակությունը, նրա հանդեպ իր ակնածանքը` նշելով՝ «նա խիստ էր, բայց՝ արդարացի…»:

Հուրախություն հոդվածագրիս` ավագ եղբայրս` ճարտարապետ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Աշոտ Սահակյանը, որ ինձ փոխանցել է սերը առ ճարտարապետություն, նույնպես պատիվ է ունեցել լինելու Մարտին Միքայելյանի ուսանողը 1967թ.:

Ճարտարապետի կյանքի էջերը սիրով ու զգացմունքայնությամբ ներկայացրեց արեւելագետ, ասմունքող Աննա Միքայելյանը` Մարտին Միքայելյանի զարմուհին, ճարտարապետ, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս Սամվել Սաֆարյանի թոռնուհին: Ելույթ ունեցավ արվեստագետ Ռուբեն Արեւշատյանը։

Մարտին Միքայելյանն իր անունը հավերժացրել է ազգային ճարտարապետության պատմության էջերում՝ որպես վարպետ, անուն, ով իր ստեղծագործություններով նպաստել է արդի հայ ճարտարապետության ձեւավորմանը եւ զարգացմանը: Հիմա, երբ Հայաստանում աշխուժորեն քննարկվում են ժամանակակից քաղաքաշինության հիմնախնդիրները, Մարտին Միքայելյանի ժառանգությունը նորովի է ընկալվում` որպես համալիր քաղաքաշինական մտածողության վառ օրինակ:

Նա իր յուրահատուկ ստեղծագործական ոճով կարեւոր հետք է թողել ճարտարապետության պատմության անդաստանում, նրա նախագծած կառույցները, որոնցից առանձնանում է Մեծամոր քաղաքի համալիր նախագիծը, մինչ օրս գրավում են մասնագետների ուշադրությունը` դառնալով ուսումնասիրության առարկա` որպես խորհրդային մոդեռնիզմի կարեւոր վկայություն եւ ներշնչանքի աղբյուր ճարտարապետների նոր սերնդի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նա նախագծել է մշակույթի տներ՝ Երեւանում, Եղեգնաձորում, Վայքում, Սեւանում, Մարալիկում, հուշարձաններ՝ Նոր Խարբերդում, Ապարանի շրջանի Ձորագլուխ գյուղում, վարչական շենքեր՝ Երեւանում, բնակելի շենքեր՝ Էջմիածնում, առողջարանային համալիրներ՝ Ջերմուկում, Հանքավանում, Արզնիում, հանգստի տներ, հեղինակել Հրազդանի գլխավոր հատակագիծը… Մարտին Միքայելյանը ոչ միայն տաղանդավոր ճարտարապետ էր, այլեւ իր ժամանակի խոշոր մտածողներից մեկը:

Պատառիկներ ժամանակակիցների հուշերից. կենդանի խոսք՝ տեսանյութերի շնորհիվ.

«Մարտին Միքայելյանը՝ որպես առաջադեմ, տաղանդավոր, բազմաշնորհ ճարտարապետ, դասավանդեց, մասնակից դարձավ մեր երիտասարդ սերնդի ճարտարապետների դաստիարակմանը: Մեծ վաստակ ունի. նա՝ որպես ստեղծագործող ճարտարապետ, որպես մանկավարժ, որպես ճարտարապետական գիտության բնագավառի աշխատող: Այդպիսի բազմաշնորհ, բազմախորհուրդ ճարտարապետ իմ սաների մեջ, ես, ճիշտն ասած, երկրորդը չեմ գտնի»,- Վարազդատ Հարությունյան:

«Մարտին Միքայելյանը միշտ գտնվում էր իր մասնագիտության ավանգարդում: Ակտիվ գործող, նախագծող, պրակտիկ ճարտարապետ էր, լավ դասախոս… Ինձ մոտ Մարտին Միքայելյանի կերպարը մնացել է տղամարդկային, գործնական, լարված աշխատանքով, շնորհաշատ, նպատակային` այսինքն` ճարտարապետին հատուկ բնավորության գծերը Մարտինը լիուլի ուներ»,- Ջիմ Թորոսյան:

«Սա մի մարդ էր, որը, եթե գիտի, ուրեմն՝ ճիշտ գիտի, եթե մի բան է ասում, ուրեմն՝ դա իրոք այդպես է, եթե գործ է ձեռնարկում, նա պիտի արմատապես այդ խնդիրը լուծի: Մարտինի ամբողջ ֆորմուլան, կյանքի ֆորմուլան եղել է, որ ազնիվ լինի իր համոզմունքների մեջ, հետեւողական լինի իր համոզմունքների մեջ: Ես գիտեմ, որ նա արտակարգ հայրենասեր էր, արտակարգ… Խստապահանջ էր իր նկատմամբ եւ անհանդուրժող, երբ որեւէ ուրիշ մեկը մարդկային նորմերը խոչընդոտում էր»,- Ղուկաս Չուբարյան:

Շարունակելով հոդվածի վերնագիրը` Մարտին Միքայելյանը պիտի գրի. «Կյանքի, անցած ուղու համար հաշվետու լինելու զգացումը ինձ միշտ ուղեկցել է իմ գործունեության ընթացքում: Յուրաքանչյուր օր, համարյա, ինքս ինձ հաշիվ եմ տվել, թե ինչ արեցի այդ օրը: Ահա, հիմա էլ հաշվետու եմ, եւ կարծես երկարեց ինքնախոստովանանքս»:

Պարզապես իսկական ճարտարապետը շարունակում է ապրել այն մարդկանց սրտերում, ովքեր հասկանում են, որ ճարտարապետությունը ոչ միայն քարացած երաժշտություն է, այլեւ՝ պոեզիա:

Նա շարունակում է ապրել նաեւ իր որդիների ջերմ հուշերում ու հիշողություններում. Արմեն, Արեգ եւ Ավետ Միքայելյանները հաստատում են հայեցի ու ավանդական այն միտքը, որ երջանիկ է այն ծնողը, ում զավակները վառ են պահում իր հիշատակը թե՛ կենդանության օրոք, թե՛ ավելի ուշ:

Սահականուշ ՍԱՀԱԿՅԱՆ

բանասեր, թարգմանիչ

Հ.Գ. Մարդու մեծությունը դրսեւորվում է երախտագետ լինելու, շնորհակալություն հայտնելու ունակությամբ: Հուզիչ էր ու տպավորիչ գիրք-ալբոմի վերջին էջում զետեղված Մարտին Միքայելյանի հիշարժան խոսքը. «Ես շնորհակալ եմ կյանքին` ինձ տրված երջանիկ պահերի համար: Շնորհակալ եմ, որ կյանքն ինձ երբեք չի շոյել ու հանգստացրել չափազանց բարվոքությամբ: Ամեն ինչ իմ կյանքում եղել է միայն աշխատանքի շնորհիվ` անզուսպ եւ բազմակողմանի: Շնորհակալ եմ բոլորին, ում հետ աշխատել եմ, ստեղծագործել. Ս. Սաֆարյան, Կ. Հակոբյան, Վ. Հարությունյան, Վ. Արեւշատյան, Մ. Հայրապետյան, Ա. Թարխանյան, Ա. Կանայան, Կ. Տիրատուրյան, Ֆ. Վաղարշակյան, Ս. Ումեդյան, Կ. Ղազարյան, Մ. Մուսոյան, Ռ. Ազատյան, Վ. Ալեքսանյան, Ի. Ջաղեթյան ու շատ շատեր… իմ ժողովրդին, իմ սիրելի հայրենիքին…»:

«Առավոտ» օրաթերթ
31.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930