Լսե՞լ եք Լուսնի վրա բացված ռեստորանի մասին։ Սնունդը հիանալի է, բայց դե մթնոլորտ չկա․․․
Ապրիլի մեկին՝ Ծիծաղի օրը, եկեք վերհիշենք, թե ինչ դրական ազդեցություն ունի ծիծաղը մարդու առողջության (և ոչ միայն) վրա։ Բայց մինչ այդ նշենք, որ շատ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մարդիկ այսօր ապրում են «խփիր կամ փախիր» վիճակում, որը մեր օրգանիզմի բնական արձագանքն է սթրեսին։ Ժամանակին այդ վիճակը մարդուն օգնում էր, օրինակ, փախչել սուրատամ վագրից։ Սակայն այն պետք է լիներ կարճատև, իսկ մեր օրերում՝ մշտական սթրեսի պայմաններում այդ արձագանքը, կարծես, չի անջատվում։
Այս «խփիր կամ փախիր» վիճակը կապված է սիմպաթիկ նյարդային համակարգի հետ, որը վտանգի պահին արագ գործի է անցնում՝ պատրաստելով մեզ պաշտպանվելուն։ Այդ ընթացքում մարդու շնչառությունը դառնում է մակերեսային, սիրտը սկսում է արագ բաբախել, իսկ բիբերը լայնանում են։
Հետազոտողները նշում են, որ սթրեսային համակարգի այսպիսի երկարատև ակտիվացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության վրա՝ ավելացնելով ճարպակալման, սրտային հիվանդությունների, քաղցկեղի և բազմաթիվ այլ հիվանդությունների վտանգը։
Կարդացեք նաև
Սրա հակառակ կողմում պարասիմպաթիկ նյարդային համակարգն է, որը պատասխանատու է մարդու հանգիստ վիճակի համար։ Այդ վիճակը պատկերավոր անվանենք «թուլացիր ու վայելիր» արձագանք։ Երբ նյարդային այս համակարգն է ակտիվ, մարդու շնչառությունը դառնում է ավելի հանգիստ, սրտի աշխատանքը՝ կանոնավոր։
Պարասիմպաթիկ նյարդային համակարգը ակտիվանում է, երբ մարդու մարմինը հասկանում է, որ այլևս վտանգի մեջ չէ և կարող է թուլացնել պաշտպանությունը։ Խորը շնչառությունը, ֆիզիկական ակտիվությունը և, այո, նաև ծիծաղը կարող են նպաստել «թուլացիր ու վայելիր» արձագանքի «միացմանը»։
Ծիծաղի օգտակար ազդեցությունն առողջության ու մարդու կյանքի որակի վրա
1. Նվազեցնում է սթրեսը
Միայնակ, ընկերների կամ ընտանիքի հետ ուրախ ժամանակ անցկացնելն ու ծիծաղելը նվազեցնում է սթրեսը՝ թուլացնելով նյարդային համակարգը։
2. Ամրացնում է սոցիալական կապերը
Շատ մարդիկ ընկեր, զուգընկեր կամ ապագա գործընկեր ընտրելիս՝ կարևոր առավելություններից մեկն էլ համարում են տվյալ մարդու հումորի զգացումը, և դա պատահական չէ։ Մարդիկ սոցիալական արարածներ են, և ուրախ պահերը կիսելը համայնք ստեղծելու ձևերից մեկն է։
3. Մարմինը հագեցնում է թթվածնով
Երբ մենք լիաթոք ու բարձրաձայն ծիծաղում եք (ոչ թե պարզապես հաղորդագրության մեջ սմայլիկ ենք դնում), մարմինը ստանում է շատ ավելի շատ թթվածին։ Դա դանդաղեցնում է սրտի աշխատանքը, ակտիվացնում պարասիմպաթիկ նյարդային համակարգը, խթանում մտքի պայծառությունը։
4. Բարելավում է սրտի առողջությունը
Վաղ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծիծաղը կարող է՝
- նվազեցնել սթրեսային հորմոնների մակարդակը,
- նվազեցնել զարկերակային բորբոքումը,
- բարձրացնել «լավ» խոլեսթերինի մակարդակը։
Այսպիսով՝ ծիծաղը կարող է օգնել սրտին՝
- բարելավելով արյան շրջանառությունը,
- նվազեցնելով սթրեսային հորմոնները, որոնք նեղացնում են արյունատար անոթները,
- նվազեցնելով սրտի կաթվածի վտանգը։
Իսկ թե ինչպես ավելի շատ ծիծաղ բերել ձեր կյանք, կիմանաք միայն դուք․ կարևորը ցանկանալն է։ Ի դեպ, մոռացանք նշել ծիծաղի «կողմնակի» ազդեցության մասին․ այն կարող է «սագի թաթիկներ» նկարել ձեր աչքերի շուրջ, բայց եկեք համաձայնենք, որ դրանք միմիայն գեղեցկացնում են այն մարդուն, որն իր լիաթոք ծիծաղով վարակում է շրջապատի մարդկանց իր լավ տրամադրությամբ։
Նկարը՝ Յոհաննես Վերմեերի, «Սպան և ծիծաղող աղջիկը»
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Cleveland clinic


















































