Ուրվագծելով՝ գերմանական քաղաքի առանձնահատկությունները
Ֆրանկֆուրտից 15-20 րոպեում կարելի է մեքենայով հասնել Մայն գետի ափին գտնվող գերմանական Օֆենբախ քաղաքը (Offenbach am Main): Երկու քաղաքներն այնքան մոտ են իրար, որ տեղացիները հաճախ կատակում են, թե Ֆրանկֆուրտը հարուստ բանկիրների քաղաք է, իսկ Օֆենբախը՝ աշխատավորների: Օֆենբախի բնակչության ավելի քան 60%-ը կազմում են ներգաղթյալները, բազմամշակութային Օֆենբախում ապրում են ավելի քան 150 ազգությունների ներկայացուցիչներ, նրանց ներկայությամբ է պայմանավորված Օֆենբախի խոհանոցային բազմազանությունը՝ իտալականից մինչեւ պարսկական ու վիետնամական ռեստորաններ են գործում այստեղ կողք կողքի:
Կարդացեք նաև
Պատմականորեն Օֆենբախը եղել է կաշվի վերամշակման համաշխարհային կենտրոն, եւ այսօր էլ այդ քաղաքում հպարտանում են իրենց Գերմանական կաշվի թանգարանով (Deutsches Ledermuseum): Այն հիմնադրվել է 1917թ., հիմնադիրը գերմանացի ճարտարապետ, դիզայներ եւ կրթական գործիչ Հուգո Էբերհարդտն է:

Գերմանական կաշվի թանգարանում 30.000 ցուցանմուշ է պահվում, այդ թվում՝ միջնադարյան եվրոպական երկարաքիթ կոշիկներ, տարբեր դարաշրջաններում ազնվականների կրած նմուշներ, աշխարհի տարբեր ժողովուրդների կաշվե հագուստներ, դիմակներ, ծիսական իրեր:
Թանգարանում, ի թիվս այլնի, ցուցադրվում են նաեւ ժամանակակից ու 20-րդ դարի հայտնի դիզայներների կաշվե աշխատանքներ: Բավարիայի արքայադուստր եւ Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթի (Սիսիի) կոշիկներից մեկը եւս պահվում է Օֆենբախի Կաշվի թանգարանում: Հայտնի է, որ նա եղել է իր ժամանակի ամենաճաշակավոր կանանցից մեկը, նրա հագուստի ոճը առանձնացել է իր նրբագեղությամբ եւ ինքնատիպությամբ:

Գերմանական կաշվի թանգարանում են գտնվում նաեւ Վոլֆգանգ Գյոթեի գլխարկի կաշվե տուփը եւ նրա սիրելիներից՝ Ուլրիկե ֆոն Լեւեցովի հողաթափերը։
Ի դեպ, հենց Օֆենբախում է տեղակայված Deutscher Wetterdienst (DWD)-ի Գերմանական օդերեւութաբանական ծառայության գլխավոր գրասենյակը, որը քաղաքը դարձնում է եղանակի «կենտրոնակայան»: Օֆենբախում է գտնվում դիզայնի բարձրագույն դպրոցը, որը քաղաք է բերում հազարավոր երիտասարդ արվեստագետների, քաղաքի հին գործարաններից եւ արդյունաբերական շինություններից շատերը վաղուց վերածվել են արթ-տարածքների: Օֆենբախն, ընդհանրապես ընկալվում է որպես արվեստների քաղաք:
Այս տարի մայիսի 29-ից կմեկնարկի Օֆենբախի արվեստի փառատոներից մեկը՝ KUNSTANSICHTEN-ը, որի ընթացքում արվեստի գործիչները սովորաբար բացում են իրենց ստուդիաները, արվեստանոցները, պատկերասրահները եւ ցուցահանդեսային տարածքները, հրավիրում այցելուներին ծանոթանալու նկարչության, գրաֆիկական արվեստի, քանդակագործության, վիդեոարթի, լուսանկարչության, պերֆորմանսի եւ այլնի հետ: Արդյունքում Օֆենբախը վերածվում է արվեստի արտահայտման ձեւերի կենսունակ պանորամայի:
Wetterpark Offenbach-ը եւս քաղաքի հետաքրքիր վայրերից է, սա մի յուրահատուկ «եղանակային այգի» է, բնապահպանական եւ ուսուցողական նշանակությամբ հանգստի վայր, որտեղ այցելուներին հնարավորություն է տրվում ինտերակտիվ ցուցանմուշների միջոցով ուսումնասիրել աստղագիտական եւ եղանակային երեւույթները։
Օֆենբախի կենտրոնում՝ Wilhelmsplatz հրապարակում 1902 թվականից գործում է Wochenmarkt Offenbach-ը՝ քաղաքի ամենամեծ ու գունեղ շուկան, այն ոչ միայն ֆերմերային շուկա է, նրբահամ ուտեստներ համտեսելու, ընկերների հետ հանդիպման հրաշալի վայր, տարածքում նաեւ սրճարաններ կան ու անսահման շատ ծաղիկներ եւ բույսեր:
Wochenmarkt-ը բաց է երեքշաբթի, ուրբաթ եւ շաբաթ օրերին: Հնագույն այս շուկայում պարբերաբար անցկացվում են գաստրոնոմիական փառատոներ, ձեռագործության ցուցահանդեսներ եւ մշակութային բազմազան միջոցառումներ: Օֆենբախում բացի գեղեցիկ, պատմական ու հետաքրքիր շինություններից, որոնց մասին, մեկ այլ առիթով կպատմեմ, շատ են քառակուսի, տձեւ, հսկա եւ անդեմ ու վանող շենքերը, որոնք գալիս են պատմելու Օֆենբախի բազմադեմության ու բազմամշակութայնության մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Օֆենբախ-Երեւան
«Առավոտ» օրաթերթ
31.03.2026



























































