Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Պետրոսյանցն իր 75-ամյակին ներկայացավ նոր պատմավեպով

Ապրիլ 01,2026 14:00 Share

Մարտի 26-ին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի ծննդյան 75-ամյակն էր եւ նրա հեղինակած «Գագիկ Երկրորդ» պատմաքաղաքական վեպի շնորհանդեսը։

Տիգրան Պետրոսյանցը Մանկավարժականում աշխատում է արդեն 17 տարի:

Հասարակական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, պատմաբան, լրագրող, ՀՀ բանակի պահեստի փոխգնդապետ, Դոնի կազակական միավորման գեներալ-մայոր, Մոսկվայի անվտանգության ակադեմիայի գեներալ-մայոր, նույն ակադեմիայի դոկտոր, Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի լրագրողների միության անդամ Տիգրան Պետրոսյանցին շնորհավորելու էին եկել ոչ միայն մանկավարժականները, այլ Հայաստանի տարբեր բուհերի դասախոսներ, գիտական էլիտան, ուսանողներ, գրողներ, Նոր Նորքի «Համո Սահյանի անվան» գրադարանից…

Տ. Պետրոսյանցը հրատարակել է 67 գիրք ու գրքույկ, 100-ից ավելի գիտական հոդված։

«Գագիկ Երկրորդ» պատմաքաղաքական վեպը Պիզու աքսորված վտարանդի թագավոր, շահնշահ Գագիկ Երկրորդ Բագրատունու մասին է, այն մասին, թե ինչպես առաջացավ Ռուբինյան հայկական թագավորությունը Կիլիկիայում, որի գաղափարը Գագիկ Երկրոդինն էր, որի մահով էլ ընդհատվեց նրա երազանքը։

Վեպը գրված է հայ դասական պատմավեպի ավանդներով, վավերականը եւ գեղարվեստականը միահյուսված են։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ներկայացրեց գիրքը, ասելով. «Գրողը պետք է հաշվի նստի պատմական փաստերի հետ։

Գագիկ Երկրորդի մասին հարուստ նյութ կա թե հայկական աղբյուրներում, թե օտար։ Բոլոր աղբյուրները միաբերան հաստատում են, որ ընդամենը տասնութ տարեկանում, ծաղկուն Անիում գահ բարձրացած երիտասարդ թագավորը, որին արաբական բնորոշմամբ, շահնեշահ էին կոչում, եղել է խիզախ զինվորական ու մի քանի անգամ Վահրամ սպարապետի հետ կարողացել է հաղթել Անին գրավելու եկած բյուզանդական բազմաքանակ զորքին»։

Հեղինակը «Գագիկ Երկրորդ Բագրատունի» պատմավեպն ավարտել է 2009-ին, սակայն գրքի վերջաբանը գրվել է 2024-ին…

Ճշմարտացի ու տպավորիչ պատմում է Բագրատունի վերջին արքա Գագիկ Երկրորդի մասին, որը դարձավ հայ դավաճան իշխանների խարդավանքի զոհը։ Իհարկե, չպետք է մոռանալ, որ դավադրության հիմքը բյուզանդական կայսրերի՝ Հայաստանը նվաճելու քաղաքականությունն էր»։

Նա նաեւ ներկայացրեց, թե ինչպես նախկին գրադարանը՝ «խրճիթը», Տ. Պետրոսյանցը փրկեց, դարձնելով օրինակելի միջավայր:

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, գրքի խմբագիր Էդիկ Գեւորգյանն ասաց. «Հայկական գիտական պատմության ողջ ընթացքի լուսաբանումը մշտապես արդիական հնչողություն ունի։ Անկախ, ինքնիշխան Հայրենիքի կերտումը, պահպանումը յուրաքանչյուր հայի սրբազան եւ անքննելի պարտականությունն է։ Միայն այն գիտակցումը կարող է տվյալ ժողովրդին հայտնություն, բարեկեցություն, անվտանգություն պարգեւի։

Վեպում կարմիր թելի պես, հստակորեն ուրվագծվում են Բագրատունյաց վերջին արքայի, նրան շրջապատող ազատանի եւ անազատ խավերի կերպարներն ու գործերը։ Վասպուրականից, Շիրակից, Կարսից, Արցախից եւ բազմաթիվ այլ վայրերից Կապադովկա-Կիլիկիա եկած հայոց մեծամեծերի փոխհարաբերությունները, գոյություն ունեցող պետական կառավարման համակարգն իր գործակալությունների ինստիտուտով եւ բազում այլ հիմնահարցեր։ Չէ որ այդ ամենը, ի վերջո, հանգեցրին հեռավոր Կիլիկիայում հայկական իշխանությունների, այնուհետեւ 300-ամյա հայկական թագավորության հաստատմանը, որը կարեւոր դեր խաղաց հայության քաղաքական, մշակութային ու հոգեւոր կյանքում։ Չմոռանանք, որ բուն Հայաստանում արդեն ինքնիշխան պետականությունը բացակայում էր»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
31.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930