Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՜ն կարեւոր է մեր կյանքում լռությունը

Ապրիլ 01,2026 14:30 Share

Հովհաննես Սինայեցու հոգեւոր վարժությունները կարող են մեզ օգտակար լինել

«Ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի. եւ ով ասի՝ անմի՛տ, ենթակա կլինի գեհենի կրակին», – ասում է Հիսուս Լեռան քարոզում (Մատթ., 5:22)։ Հիմարը (բնագրում՝ «ռակա» արամեերեն բառն է) եւ, առավել եւս, անմիտը, այսինքն՝ ապուշը այս համատեքստում, ժամանակակից լեզվով ասած, «ատելության խոսք» են, որոնց դեմ պետք է անխնա պայքարել: Ատյանը, որը հիշատակում է Քրիստոսը, սովորական դատարան չէ, դա սինեդրիոնն է՝ այն ժամանակվա բարձրագույն կրոնական, քաղաքական ու իրավական մարմինը: Դե, գեհենի կրակների մասին էլ չխոսենք:

Ինչ «տեխնիկա» էին առաջարկում քրիստոնյա աստվածաբանները՝ այդ կործանարար ճանապարհից խուսափելու համար: Միջոցների մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ այդ վարքի արմատները: 7-րդ դարի քրիստոնյա աստվածաբան Հովհաննես Սինայեցին գտնում էր, որ բարկությունը սկզբից ծնվում է որպես մտադրություն, այնուհետեւ՝ որպես ներքին տենդ եւ միայն դրանից հետո է բառ դառնում: Հետեւաբար, եթե ցասումը հնարավոր եղավ «հանգցնել» մինչեւ որ այն խոսք է դառնում, դա մեզ համար հաղթանակ է, իսկ եթե այն վերածվում է խոսքի, մենք, նախ եւ առաջ մե՛նք, ոչ թե ցասկոտ խոսքի թիրախը, հոգեկան վնասվածք ենք ստանում:

Նույն Հովհաննես Սինայեցին այսպիսի մի վարժություն է առաջարկում: Եթե լսում ես չարախոսություն, ավարտիր խոսակցությունը, եթե չես կարող ավարտել, փոխիր թեման, իսկ եթե չես կարող փոխել՝ հեռացիր: Այս աստվածաբանին անվանում են նաեւ Հովհաննես Սանդուխք (ռուսական ավանդության մեջ՝ Иоанн Лествичник), որովհետեւ իր հիմնական «Scala paradisi»՝ «Աստվածային սանդուղք» աշխատության մեջ (600 թվական) նա մանրամասնորեն վերլուծում է ճգնակեցության աստիճանները: Բնականաբար, մենք չենք կարող ճգնավոր դառնալ, բայց այդ վարժություններից մի քանիսը թերեւս արժե փորձել: Հատկապես Մեծ պահքի ժամանակ ու առավելապես Ավագ շաբաթվա ընթացքում:

Հովհաննես Սինայեցու եւ այլ հոգեւոր ուսուցիչների մոտ ցասումից եւ հայհոյանքից խուսափելի հիմնական միջոցներից է լռությունը (hesychia – ն), հանդարտությունը, խաղաղությունը: «Լռություն սիրողը մոտենում է Աստծուն», – գրում է աստվածաբանը:  30 քայլանոց նրա «աստիճանակարգում» լռությունը զբաղեցնում է 11-րդ աստիճանը, այսինքն մինչեւ դրան հասնելը պետք է որոշակի հոգեւոր աշխատանք կատարել, անցնել երկու «բաժին»՝ աշխարհից հրաժարում, աշխարհիկ ապրելակերպի մերժում եւ հոգեւոր կյանքի սկիզբ, որն իր հերթին բաղկացած է 4 աստիճանից՝  հնազանդություն, ապաշխարություն,  մահու հիշատակ, լաց (մեղքերի համար):

Ինչ է տալիս լռությունը, դարձյալ եթե այն ընդունենք որպես վարժություն եւ ոչ որպես ճիգնավորի ուխտ: Դրա շնորհիվ մարդը դադարում է գնահատել, վիճել եւ ընդհանրապես՝ «ներքուստ աղմկել»: Եվ այս հարցում բոլոր կրոնները սկզբունքորեն համաձայն են: Պարսիկ բանաստեղծ Ջալալ ադ-Դին Ռումին գրում էր, որ լռությունը Աստծո լեզուն է, մնացածը՝ վատ թարգմանություն է: Լռությունն, ի վերջո, տարածություն է տալիս՝ քրիստոնեության եւ սուֆիզմի դեպքում՝ Աստծո համար, հինդուիզմը դա համարում է ճշմարտության, բուդդիզմը՝ մտքի պայծառացման տարածություն: Բայց իմաստը, մեծ հաշվով, նույնն է:

Մեր ժամանակներում, երբ մարդիկ ավելի շատ սիրում են խոսել, քան լսել, ավելի շուտ գրել, քան կարդալ (հաճախ չունենալով համապատասխան մտավոր պաշար եւ գրագիտություն), գոնե մի քանի ժամ լռելը դառնում է խիստ անհրաժեշտ հոգեւոր ու նույնիսկ ֆիզիկական առողջության համար: Որովհետեւ երբ համացանցում անընդհատ խոսում ես, մեծ է գայթակղությունը մեկին անվանել «ռակա», իսկ մյուսին «ապուշ»: Խոսելը պետք է լայն իմաստով հասկանալ՝ երբ մտնում ենք համացանց՝  ստուգելու, թե ով ինչպես է արձագանքել մեր «հանճարեղ» մտքերին եւ քանի հոգի դրանք կարդացել, դա նույնպես «խոսակցություն» է, մտքի անհանգստության վկայություն:

Պարզ է, որ ամենօրյա ռեժիմով աշխատող լրագրողի դեպքում «լռելը» (բոլոր իմաստներով) գրեթե անհնար է: Բայց նույնիսկ մենք՝ լրագրողներս պետք է երբեմն անենք Հովհաննես Սինայեցու վարժությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930