Սկիզբը՝ այստեղ:
ԱՄՆ-Եվրոպա լարվածություն եւ ճեղքեր՝ ՆԱՏՕ-ի շարքերում
ԱՄՆ-Եվրոպա հարաբերություններում նկատվող լարվածությունը վերջին զարգացումների ֆոնին ստանում է համակարգային բնույթ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունները, համաձայն որոնց՝ ՆԱՏՕ-ն «բացարձակապես ոչնչով չի օգնել» Իրանի դեմ պայքարում, փաստում են դաշինքի ներսում վստահության ճգնաժամի խորացման մասին։
Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդգծում է, որ դաշինքը «երբեք այսքան ուժեղ չի եղել», սակայն ընդունում է սպառազինության արտադրության սահմանափակումները՝ ասելով. «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի կարողանում անհրաժեշտ ծավալի աճ ապահովել եւ չի կարողանում անհրաժեշտ արագությամբ արդիականացնել ոլորտը»։
Կարդացեք նաև
Այս հակասական ուղերձները փաստում են կառույցի ոչ այնքան ուժեղ լինելու մասին, այլ վկայում են ներքին տարաձայնությունների առկայության մասին։
Հորմուզի նեղուցի հարցում համատեղ գործողությունների քննարկումները եւս ապացուցում են, որ դաշինքը չունի արագ արձագանքման միասնական ռազմավարություն։
Ուշագրավ էր Գերմանիայի կանցլերի դիրքորոշումը, համաձայն որի՝ Իրանի պատերազմը «իրենցը չէ», որն ավելի է խորացնում ճեղքերը։
«Իսկապե՞ս Իրանում ռեժիմի փոփոխությունն է նպատակը։ Եթե այո, ապա չեմ կարծում, որ նրանք կհասնեն դրան», նշել էր Գերմանիայի կանցլեր Մերցը՝ հավելելով, որ «Աֆղանստանում դա տեւեց 20 տարի»։ «Այն, ինչ Թրամփն այժմ անում է, ոչ թե լարվածության թուլացում է, ոչ թե խաղաղ լուծման հասնելու փորձ, այլ լայնածավալ սրացում՝ անորոշ արդյունքով։ Ամերիկացիներն ու Իսրայելը ամեն օր ավելի են խորանում այս հակամարտության մեջ։ Եվ, իմ կարծիքով, նրանք ռազմավարություն չունեն»,- նկատել էր կանցլերը։
Այս պայմաններում ՆԱՏՕ-ի համախմբվածության թուլացումը ստեղծում է ուժային վակուում, որը կարող է ազդել նաեւ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության վրա՝ նվազեցնելով արեւմտյան միասնական ճնշման հնարավորությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։
Ի դեպ, Իրան-ԱՄՆ-Իսրայել լարվածության պայմաններում, ԵՄ երկրներից ԱՄՆ-ի ուղղությամբ որոշակի քննադատության ֆոնին հետաքրքրական էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մի դիտարկումը։ Ռուսաստանը երբեք չի խուսափել եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացումից եւ վերականգնումից, հայտարարել է Պուտինը՝ հավելելով. «Ուկրաինայում Արեւմուտքի կողմից հովանավորվող հեղաշրջումը ողբերգական իրադարձությունների ամբողջ շղթայի պատճառն էր։ Հենց նրանք էին, որ աջակցեցին Ուկրաինայում հեղաշրջմանը, եւ սա առաջացրեց ողբերգական իրադարձությունների ամբողջ շղթան, որը շարունակվում է մինչ օրս»։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հարաբերությունները եվրոպական երկրների հետ ճգնաժամի մեջ են, եւ դա Մոսկվայի մեղքը չէ. «Եվրոպական ճգնաժամը ծագել է ինչպես նախորդ ամերիկյան վարչակազմի, այնպես էլ մի շարք առաջատար եվրոպական երկրների պատճառով։ Մոսկվան երբեք չի հրաժարվել Եվրոպայի հետ հարաբերությունները վերականգնելու գաղափարից»։
ԱՄՆ-Իրան հակամարտությունն ու գլոբալ էներգետիկ ճգնաժամը
ԱՄՆ-Իրան հակամարտությունը վերածվել է բազմաշերտ պատերազմի՝ ընդգրկելով ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական եւ էներգետիկ ոլորտները։ Հորմուզի նեղուցի փակումը, որի միջոցով անցնում է համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսը, արդեն իսկ առաջացրել է նավթի գների կտրուկ աճ՝ մինչեւ 110 դոլար։
Թրամփի հայտարարությունները՝ «Իրանը պետք է բացի նեղուցը», ուղեկցվում են ռազմական սպառնալիքներով, մինչդեռ իրանական կողմը զգուշացնում է, որ ցանկացած ամերիկյան գործողություն կհանգեցնի դրա լիակատար փակմանը։ Այս հակադրությունը ցույց է տալիս, որ էներգետիկ անվտանգությունը դարձել է գլոբալ հակամարտության առանցքային գործոն։ Տարբեր երկրներ արդեն փորձում են մեղմել հետեւանքները՝ հարկերի նվազեցմամբ կամ այլընտրանքային էներգիայի ակտիվացմամբ։ Այս իրավիճակը խորացնում է տնտեսական անկայունությունը եւ մեծացնում միջազգային մրցակցությունը էներգետիկ ռեսուրսների համար, որն էլ անուղղակիորեն ազդում է նաեւ փոքր տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա՝ բարձրացնելով դրանց ռազմավարական նշանակությունը։
Իրարամերժ բանակցություններ եւ վստահության բացակայություն
ԱՄՆ-Իրան բանակցությունների շուրջ առկա հակասական հայտարարությունները վկայում են վստահության անընդհատ խորացող ճգնաժամի մասին։ ԱՄՆ նախագահ Թրամփը մեկ պնդում է, թե բանակցությունները «շատ լավ են ընթանում», մինչդեռ Իրանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ որեւէ բանակցություն չի ընթանում։ Իրանի պահանջները՝ ներառյալ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը եւ փոխհատուցումները, կտրուկ հակասում են ԱՄՆ-ի 15 կետանոց ծրագրին, որը նախատեսում է միջուկային ծրագրի սահմանափակում եւ ենթակառուցվածքների վերահսկում։
Այս «կարմիր գծերի» բախումը նվազեցնում է համաձայնության հասնելու հավանականությունը։ Բացի այդ, միջնորդների միջոցով հաղորդակցությունը եւս դանդաղում է՝ անվտանգության մտավախությունների պատճառով։
Այս ամենը վկայում է այն մասին, որ նույնիսկ բանակցային գործընթացի առկայության դեպքում դրա արդյունավետությունը խիստ սահմանափակ է, որն էլ կարող է երկարաձգել հակամարտությունը եւ խորացնել տարածաշրջանային եւ միջազգային անկայունությունը։
Պատերազմի ընդլայնումն ու տարածաշրջանային դերակատարների ակտիվացումը
Իրանական հակամարտությունը աստիճանաբար վերածվում է լայն տարածաշրջանային պատերազմի՝ ներգրավելով նոր դերակատարների։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները Հորմուզում, ինչպես նաեւ Եմենի հութիների հարձակումները Իսրայելի վրա, վկայում են հակամարտության տարածման մասին։ Սաուդյան Արաբիայում ամերիկյան բազայի վրա հարվածները եւ ամերիկացի զինվորականների վիրավորումները ցույց են տալիս, որ պատերազմը դուրս է եկել երկկողմ ձեւաչափից։ Իսրայելի կողմից հարվածների շարունակական ընդլայնումը եւս նպաստում է լարվածության աճին։ Այս բազմակողմ ներգրավվածությունը ստեղծում է անկանխատեսելի զարգացումներ, որտեղ յուրաքանչյուր նոր դերակատար կարող է փոխել ուժերի բալանսը։ Արդյունքում, միջազգային համակարգը կանգնած է նոր լայնամասշտաբ հակամարտության տարածման վտանգի առջեւ, որը կարող է ազդել նաեւ այլ տարածաշրջանների վրա՝ ստեղծելով շղթայական վտանգներ։
Եվրոպայի դիրքորոշումը եւ ռազմավարական տարակարծությունները
Եվրոպական երկրների դիրքորոշումները եւս միանշանակ չեն։ Գերմանիայի կանցլերը բացահայտորեն կասկածի տակ է դնում ԱՄՆ եւ Իսրայելի ռազմավարությունը՝ նշելով, որ նրանք «ռազմավարություն չունեն» եւ խորացնում են հակամարտությունը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կանխատեսում է իրավիճակի հետագա սրացում։ Այս հայտարարությունները վկայում են, որ Եվրոպան ոչ միայն չի աջակցում ԱՄՆ գործողություններին ամբողջությամբ, այլ նաեւ մտահոգված է դրանց հետեւանքներով։
Միեւնույն ժամանակ, ԵՄ-ի ներսում չկա միասնական դիրքորոշում, ինչը սահմանափակում է նրա ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա։ Եվրոպայի պասիվ եւ տարակարծություններով լի դիրքորոշումները թույլ են տալիս այլ ուժային կենտրոններին՝ Ռուսաստանին եւ տարածաշրջանային դերակատարներին, մեծացնել իրենց ազդեցությունը։
Ռուսաստանի դիրքավորումը եւ նոր հնարավորությունները
Ռուսաստանը, ի դեմս Վլադիմիր Պուտինի, փորձում է օգտագործել արեւմտյան ճգնաժամը՝ վերականգնելու հարաբերությունները Եվրոպայի հետ։ Պուտինը հայտարարում է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել համագործակցությունից եւ մեղադրում է Արեւմուտքին ներկայիս ճգնաժամի համար։ Այս դիրքավորումը հնարավորություն է տալիս Մոսկվային հանդես գալ որպես այլընտրանքային գործընկեր եվրոպական երկրների համար։ Արեւմտյան ճամբարում առկա տարաձայնությունները ուժեղացնում են Ռուսաստանի բանակցային դիրքերը նաեւ այլ տարածաշրջաններում։ Հարավային Կովկասում սա կարող է արտահայտվել Ռուսաստանի միջնորդական դերի պահպանմամբ կամ վերականգնմամբ, հատկապես եթե Արեւմուտքը չկարողանա հանդես գալ միասնական դիրքերից։
Ռազմական կորուստներ եւ երկարաձգվող պատերազմ
Պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի կրած կորուստները՝ ինքնաթիռների, անօդաչուների եւ ռադարների վնասումը, ինչպես նաեւ մինչեւ միլիարդավոր դոլարների ֆինանսական վնասները, վկայում են այն մասին, որ հակամարտությունը հեռու է արագ ավարտից։
Միեւնույն ժամանակ, Թրամփի հայտարարությունները, թե դեռ հազարավոր թիրախներ կան Իրանում, վկայում են ռազմական գործողությունների շարունակման պատրաստակամության մասին։ Պատերազմի երկարաձգումը մեծացնում է ինչպես մարդկային, այնպես էլ տնտեսական կորուստները՝ խորացնելով գլոբալ ճգնաժամը։ Սա նաեւ ազդում է միջազգային ռազմական ռեսուրսների բաշխման վրա, օրինակ՝ Ուկրաինայի համար նախատեսված սպառազինության հնարավոր վերաբաշխման հարցում։ Արդյունքում, այլ հակամարտությունների նկատմամբ հնարավոր է ուշադրության պակաս՝ միջազգային դերակատարների կողմից։
Միջազգային անվտանգային համակարգը գտնվում է խորը ճգնաժամի եւ վերաձեւավորման փուլում
Վերոնշյալ բոլոր զարգացումները ցույց են տալիս, որ միջազգային անվտանգային համակարգերը գտնվում են ակտիվ կազմաքանդման փուլում։ ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների լարվածությունը, ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնությունները, Մերձավոր Արեւելքում լայնամասշտաբ պատերազմը եւ Ռուսաստանի ակտիվացումը ստեղծում են բազմաբեւեռ, անկայուն միջավայր։
Այս պայմաններում Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը նույնպես հայտնվել է հակասական ազդեցությունների ներքո։ Մի կողմից՝ գլոբալ ուժերի զբաղվածությունն այլ ճակատներում կարող է նվազեցնել նրանց ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ՝ թույլ տալով կողմերին ավելի ինքնուրույն բանակցել։ Մյուս կողմից՝ հենց այդ նույն վակուումը կարող է մեծացնել տարածաշրջանային ուժերի մրցակցությունը եւ սրել իրավիճակը։
Արեւմուտքի միասնական դիրքորոշման բացակայությունը նվազեցնում է խաղաղության գործընթացում արտաքին ճնշման ու զսպման գործոնները։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2026


















































