«Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որ պատերազմում չներգրավվի։ Կա ընկալում, որ սա Թուրքիայի պատերազմը չէ։ Պետք է ամեն ինչ անել, որ թույլ չտա Իրանի մասնատումը, քանի որ Թուրքիայում կա ընկալում, որ Իրանի ցանկացած մասնատման դեպքում Թուրքիան կունենա ևս մեկ քրդական ինքնավարություն Իրանում»,- ԱՊՐԻ Արմենիայի կողմից կազմակերպված Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Իսկ թե ՀՀ-ի վրա որոնք կարող են լինել Իրան-ԱՄՆ պատերազմի անվտանգային, հումանիտար հետևանքները, Բենիամին Պողոսյանն այս առիթով ասաց․ «Շատ գնահատականներ կային, որ եթե իրավիճակն ամբողջովին դուրս գա Իրանի իշխանության վերահսկողությունից, կունենանք փախստականների լուրջ հոսք։ Սակայն առայժմ իրադարձություններն այդ սցենարով չեն զարգանում, և փախստականների հոսք չկա։ Կան տեղեկույթներ, որ Իրանի ներսում որոշակի միգրացիոն տեղաշարժեր կան, սակայն այստեղ խոսքը միայն հարյուր հազարավոր մարդկանց մասին է։ Այնպես որ, առայժմ հումանիտար և անվտանգային ազդեցությունը բավականին սահմանափակ է։ Իսկ թե ինչ կլինի հետո, կախված է նաև պատերազմի ընթացքից ու վերջնական արդյունքներից»։
Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Իրան-ԱՄՆ պատերազմը Ադրբեջան-ՀՀ հարաբերությունների վրա, Բենիամին Պողոսյանը պատասխանեց․ «Որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգ Ադրբեջանի կողմից գրեթե զրոյական է և շարունակում է զրոյական մնալ»։
Կարդացեք նաև
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































