«Հայաստանը բարդ իրավիճակում է, և չեմ կարծում, որ շատ ակտիվ պետք է լինի։ Սա շատ ավելի մեծ պետությունների ու ազդեցիկ ուժերի մասնակցությամբ գործընթաց է, որի վրա ՀՀ-ն ունի զրոյական ազդեցություն։ Այս համատեքստում ակնկալել, որ ՀՀ-ն ակտիվ դիրքորոշում պետք է արտահայտի, տեսակետներով հանդես գա, լուրջ չէ»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Իրան-ԱՄՆ պատերազմի հետ կապված, քանի որ շատերի մոտ տպավորություն է, որ ՀՀ իշխանություններն այս հարցով անհոգ են, և արդյոք ի՞նչ պետք է անի ՀՀ-ն, ԱՊՐԻ Արմենիայի կողմից կազմակերպված Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ի դիրքորոշումը բավականին զգուշավոր է, և դա հասկանալի է․ «1 տարի 2 ամիս առաջ է ստորագրվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը և վաշինգտոնյան հռչակագրից հետո տեսնում ենք ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացում։ Կարծես թե կա միտում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների խորացման։ Մյուս կողմից բոլորը հասկանում են, թե ինչ կարևոր պետություն է Իրանը ՀՀ-ի համար։ Փաստ է՝ գոնե 2021-2024-ին նաև Իրանը էական դեր է խաղացել այն հանգամանքում, որ կանխել է Ադրբեջանի կողմից ռազմական հարձակում ՀՀ հարավային շրջանների ուղղությամբ Զանգեզուրի միջանցքը բացելու ուղղությամբ»։
Ըստ Բենիամին Պողոսյանի՝ ՀՀ-ն պետք է մի կողմից փորձի պահպանել Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, մյուս կողմից էլ փորձի ԱՄՆ-ի հետ նկատվող միտումները պահպանել։ Կան իրավիճակներ, երբ ինչքան քիչ քայլեր ու հայտարարությունն ես անում, այնքան ավելի լավ։
Կարդացեք նաև
Անդրադառնալով պատերազմում ուժերի ռազմական կարողությունների հարաբերակցությանը՝ ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյանն ասաց․ «Ունենք մի երևույթ, երբ ռազմական մակարդակում կողմը կարողանում է բավականին մեծ առաջ գրանցումներ ունենալ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի մասին եմ ասում։ Եթե վերցնենք օդուժի աշխատանքը, այն արդյունավետ է․ կորուստներ գրեթե չկան, մեկ հատ կործանիչ է միայն վնասված 10 հազար թռիչքից հետո, միևնույն ժամանակ ռազմավարական մակարդակում այդ ամենը այդպես չի աշխատում։ Ունենք Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, որը շատ ավելի շատ խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի համար, քան այն ռմբակոծությունները, որ անում են ամերիկացիներն ու Իսրայելը։ Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի կողմից վատ պլանավորված գործողություններ, մի բանակ, որն այդքան էլ չի հասկանում իր նպատակները՝ որոնք են այդ պատերազմում։ Եթե նպատակը չկա, ոչ մի բանակ էլ չի կարող արդյունավետ մարտ վարել։ Իրանի ռազմական հնարավորությունները նվազել են, լուրջ կորուստներ ունի բանակը ՀՕՊ-ի հետ կապված և հրթիռների ենթակառուցվածքի հետ կապված։ Զուտ ռազմական հարցը մնում է՝ ավելի շա՞տ էսկալացիա, թե՝ դադարում մոտ երկու-երեք շաբաթվա ժամանակահատվածում։ Եթե փոքր օպերացիա էլ լինի՝ թեկուզ Հորմուզի բացման համար, ռիսկեր է պարունակելու, որ դառնալու է բավականին մեծ պատերազմ, որի դեպքում ինչ-որ իմաստով հնարավոր կլինի զուգահեռներ տանել ռուս-ուկրաինական պատերազմի հետ»։
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































