«Արմենպրես». Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրություն է կատարում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում, ինչի արդյունքում արձագանք կտրվի տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն՝ մեկտեղ ընդգծելով, որ առաջիկայում նաև հանդիպումներ են նշանակված թե՛ ծնողների, թե՛ մանկապարտեզի անձնակազմի հետ։
«Եթե որևէ մեկն իր աշխատանքային պարտականություններում թերացել կամ այնպիսի սխալ է թույլ տվել, որը համատեղելի չէ իր գործունեությանը, մեր կողմից անպայման համապատասխան արձագանք կստանա՝ լինի դա կարգապահական տույժի, թե այլ տեսքով։ Այս պահին բոլորիս ջանքերն ուղղված են առողջ բարոյահոգեբանական միջավայրում հաստատության բնականոն գործունեության ապահովմանը»,– նշեց Մարգարիտ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծնողները բողոքի ակցիա են անում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում` պահանջելով, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հեռանա։ Նրանց խոսքով` շուրջ 1 տարի առաջ նշանակված տնօրենի պահվածքի պատճառով դաստիարակները աշխատանքից դուրս են գալիս։
Կարդացեք նաև
190 ծնող ստորագրել է դիմում–բողոքի տակ։ Ծնողները պատասխանատու կառույցներից պահանջել են խնդիրը լուծել, հակառակ դեպքում իրենց երեխաներին կտանեն մանկապարտեզից։


















































