Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյունքում՝ իշխանությունը սկսեց վախենալ իր ստեղծած սերնդային ալիքից և դիմեց ճնշումների, այլ կերպ ասած՝ «վերադաստիարակման». Արմեն Հովասափյան

Ապրիլ 01,2026 15:48 Share

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես հայտնի է՝ օրերս Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի էր ունեցել միջադեպ. այսօր հայտնի դարձավ, որ դեպքի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց, ում ներկայացված էր ակնհայտ քաղաքական մեղադրանք։

Ըստ էության՝ յուրաքանչյուր իշխանություն ընտրական փուլերին մոտենալիս փորձում է ցույց տալ, որ լիովին վերահսկում է իրավիճակը։ Սա ավելի շատ ուժի ցուցադրման մի դրվագ էր, թե իբր «պետությունը գործում է, սահմանները կան»։ Ըստ ամենի՝ նման վարքագծի դրսևորումն ուղղված է ոչ այնքան ընդդիմադիր ընտրազանգվածին, որքան ապաքաղաքական կամ տատանվող ընտրողին, որը առաջնահերթ կարևորում է կայունությունը։

Չի բացառվում մի սցենար ևս․ ցանկացած իրավիճակում, երբ իշխանությունը գտնվում է բարդ ներքաղաքական վիճակում (լինի դա արտաքին ճնշումներ, սոցիալական դժգոհություն, կամ վստահության հարց), նման դեպքերն օգտագործվում են որպես օրակարգային շեղում՝ արհեստական դիսկուրսի ստեղծում, քանի որ քննարկման առանցքը տեղափոխվում է կոնկրետ միջադեպի վրա։

Ասեմ, որ պատմական օրինակներ կան, երբ իշխանության համար երիտասարդները պարբերաբար դարձել են բացահայտ թիրախ և նրանցից սպառնալիք են տեսել։

Մասնավորապես, Չինաստանում մշակութային հեղափոխության հետ կապված պարադոքսալ փուլն ասվածի ցցուն օրինակներից էր։ Բանն այն է, որ սկզբնական փուլում Մաո Ցզե Դունն ինքն էր մոբիլիզացնում երիտասարդությանը («կարմիր գվարդիա») հին էլիտաների դեմ, բայց շատ արագ այդ նույն երիտասարդությունը դարձավ անկառավարելի։

Արդյունքում՝ իշխանությունը սկսեց վախենալ սեփական ստեղծած սերնդային ալիքից և դիմեց ճնշումների, այլ կերպ ասած՝ «վերադաստիարակման»։ Այսինքն՝ այստեղ ունենք դասական դեպք, երբ իշխանությունը սկսում է վախենալ հենց երիտասարդության անկանխատեսելիությունից։

Բավական հատկանշական է՝ Իրանի 2009 թվականի բողոքի ցույցերը։ Թեև շարժումը լայն էր, իշխանության հիմնական նյարդայնությունը գալիս էր քաղաքային, կրթված երիտասարդությունից, որը չէր տեղավորվում իսլամական հանրապետության գաղափարական շրջանակներում։

Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի վարչակարգը երկար ժամանակ թերագնահատում էր երիտասարդությանը, բայց երբ պարզ դարձավ, որ հենց երիտասարդներն են կազմակերպչական և մեդիա շարժիչը, արձագանքը դարձավ կոշտ։ Այստեղ վախը կապված էր ոչ թե բռնի ուժի, այլ նոր տեխնոլոգիական և արժեքային մտածողության հետ։

Նույնիսկ ավելի վաղ՝ 1905 թվականի առաջին ռուսական հեղափոխությունից հետո Նիկոլայ II-ի վարչակարգը ուսանողությանը և երիտասարդ մտավորականությանը դիտարկում էր որպես «վտանգավոր շերտ»՝ անկախ կոնկրետ գործողություններից։ Արդյունքում՝ համալսարանների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց, իսկ երիտասարդական ակտիվությունը հաճախ քրեականացվեց։

Նշածս բոլոր դեպքերում կա մի ընդհանուր օրինաչափություն․ իշխանությունը սկսում է վախենալ երիտասարդությունից, երբ ոչ թե նրանց գործողությունները, այլ նրանց պոտենցիալը դառնում է հավաքական ու իրենից ռիսկ է ներկայացնում՝ արագ մոբիլիզացվելու, արժեքային փոփոխություն բերելու, չհարմարվելու գործող կանոններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930