«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունն այսօր հրավիրած ասուլիսում ընտրական գործընթացների խոչընդոտման եւ անարդար մրցակցության վերաբերյալ փաստեր ներկայացրեց։ Նախաձեռնության անդամ Լեւոն Չուկակլյանն ասաց, որ օրերս Արմավիրի գրասենյակում ճանաչողական հանդիպում են անցկացրել երիտասարդների հետ։ Այդ երիտասարդները ցանկություն էին հայտնել միանալ «Միասնության թեւեր»-ին ու իրականացնել կամավորական աշխատանքներ։
«Մենք հանդիպման հետ կապված հրապարակեցինք լուսանկարներ, իսկ լուսանկարների հրապարակումից հետո տեղի ունեցավ այն, ինչը կոչվում է ժողովրդավարության հիմքերը խարխլող։ Լուսանկարները ՏԻՄ մարմինների միջոցով ուղարկվեցին նրանց ուսման վայրեր, ծնողների աշխատանքի վայրեր եւ բարեկամների ու ընտանիքի անդամների կողմից ճնշումների միջոցով փորձում են երիտասարդներին վախեցնել, որպեսզի այլեւս որեւէ կապ չունենան մեզ հետ, չմասնակցեն մեր նախաձեռնություններին ու քաղաքական գործընթացին։ Սա ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունը վախեցած է, վախեցած են երիտասարդներից, ովքեր հասկանում ու գիտակցում են իրավիճակը եւ փորձում են փոխել այն։ Նրանք փորձում են ձեւավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք՝ ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվելու։ Վախի մթնոլորտը ՀՀ-ում հաղթահարված է, եւ անգամ սպառնալիքների միջոցով նրանք չեն հասնելու իրենց ուզածին։ Բոլոր ծնողներին, ուսումնական հաստատությունների ուսուցիչներին ու դասախոսներին հորդորում ենք՝ մասնակից մի դարձեք ապօրինի այս գործունեությանը։ Մենք թույլ չենք տալու, որ այդ վախերը տարածվեն»,- ասաց Լեւոն Չուկակլյանը։
Նա նշեց, որ այս ամենը փաստագրելու են, կազմելու են միջազգային զեկույց եւ ներկայացնելու են միջազգային կազմակերպություններին։ «Վարչական ռեսուրսի կիրառումը լայն թափ է ստանում, իշխանության վախերը Միասնության թեւեր քաղաքական նախաձեռնության աճին զուգընթաց ավելի են շատանում»,- ասաց նա։
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ Ստյոպա Ասրյանն էլ նշեց, որ Մեծամոր համայնքում եւս եղել են այն նույն ճնշումները, որոնք տեղի են ունեցել Արմավիրում։ Մասնավորապես, խնդիրների են հանդիպել գրասենյակի վարձակալության հարցով։ «Մենք այստեղ ենք, որ համայնքային ու մարզային իշխանության ներկայացուցիչներին եւ առհասարակ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներին ասենք, որ երիտասարդները ձեզանից չեն վախենում։ Մի ուղերձ ունեմ, որն ուզում եմ հղել երիտասարդներին՝ հարգելի երիտասարդներ, մի վախեցեք, իշխանությունն է ձեզանից վախենում։ Վերջին օրերի իրենց քայլերը ցույց են տալիս, որ հենց իրենք են մեզանից վախենում»,- ասաց Ասրյանը։ Նա նաեւ նշեց, որ չկա գեթ մեկ օրինակ, երբ իրենք անչափահասի հետ քաղաքական որեւէ խոսակցություն են ունեցել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ասուլիսի բանախոսները նաեւ հորդոր ուղղեցին քաղհասարակության ներկայացուցիչներին․ «Պետք է գործել որպես քաղհասարակություն, բարձրացնել ձեր ձայնը, աչքաթող չանել նման դեպքերը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































