Հստակեցում․ օրենսգրքի հոդված 81-ի 2-րդ մասի 2-րդ նախադասության փոխարեն հանվել է նույն մասի երկրորդ պարբերությունը
ՀՔԱՎ. 2022թ․ հուլիսին ՀՀ ընտրական Օրենսգրքի փոփոխություններով նախատեսվել էր, որ անձնանունների ու պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների անուններով դաշինքների անվանումն արգելվում է։ Կարգավորման նպատակն էր վերացնել համամասնական ընտրությունների ժամանակ անձակենտրոն դաշինքների ձևավորումը՝ խրախուսելով գաղափարախոսական միավորումները։
Սույն թվականի մարտի 31-ին Անկախ դիտորդ դաշինքը նկատել է, որ ՀՀ Ընտրական օրենսգրքից համապատասխան դրույթը հեռացվել է 2024թ․ դեկտեմբերին կատարված փոփոխություններով։ Հաշվի առնելով, որ ընտրական բարեփոխումների գործընթացում ներգրավված կազմակերպություններին հայտնի է, որ այդ փոփոխությունների էական մասը առաջարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ Անկախ դիտորդ դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը գրառում է կատարել՝ նշելով, որ դրույթը փոխվել է ԿԸՀ առաջարկությամբ։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքել է Դանիել Իոաննիսյանի գրառումը։
Շարունակելով ուսումնասիրել նշված փոփոխությունների ոդիսականը՝ Անկախ դիտորդը բացահայտել է, որ 2-րդ ընթերցումից առաջ նախագծում կատարվել է ենթադրաբար տեխնիկական շտկում, որը փաստացի բերել է բովանդակային էական փոփոխության։ Օրենսգրքի հոդված 81-ի 2-րդ մասի 2-րդ նախադասության փոխարեն, այն է՝
Կարդացեք նաև
«Կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները։», նախագծից հանվել է նույն մասի երկրորդ պարբերությունը, այն է՝ «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ:» (http://parliament.am/draftreading_docs8/K-927_DR2.pdf, էջ 135)
Այսպիսով, այո՛ փոփոխության նախաձեռնողը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ, այլ որևէ այլ անձի կամ կառույցի անփութության արդյունք, որի վերաբերյալ հուսով ենք կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ։ Նշված հատվածի էկրանապատկերը առաջին մեկնաբանության մեջ։
Մինչ այդ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տեղեկացնում ենք, որ թե Դանիել Իոաննիսյանը, թե Անկախ դիտորդի մյուս դիտորդները ծանոթ են դիտորդին ներկայացվող պահանջներին։ Այդ պահանջներում որևէ կերպ նշված չէ, որ դիտորդին արգելվում է գնահատել որևէ ընտրական հանձնաժողովի որևէ գործողություն, անգործություն կամ որոշում։
ՀՔԱՎ


















































