Սույն թվականի մարտի 25–ին Հայաստանի ԱԺ իշխող խմբակցությունը 67 կողմ ձայնով, 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որի համաձայն՝ այսուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չեն տրամադրվելու։
Որքան և ինչ փաթեթավորմամբ էլ այսօրվա իշխող քաղաքական ուժը փորձի վստահեցնել, թե օրենքի այս փոփոխությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված չեն, այլ դրանց նպատակն ընդամենը հողային սեփականության խնդիրը կարգավորելն է, միևնույն է, վերջին ամիսներին իշխանությունների վարած եկեղեցահալած քաղաքականությունը փաստում է ճիշտ հակառակը։
Նշենք, որ ըստ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի՝ պետությանը և համայնքներին պատկանող հողամասերը, ըստ անհրաժեշտության, կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Այնինչ՝ օրենքի նոր նախագծով, առանց ծանրակշիռ հիմնավորման առաջարկվում է հողերը տրամադրել բացառապես և միայն օգտագործման իրավունքով։
Հայոց պատմության մեջ թերևս բազմաթիվ են դեպքերը, երբ Հայոց թագավորները, իշխանները, ազնվականներն ու եկեղեցասեր անձինք կալվածքներ են նվիրել եկեղեցիներին և վանքերին։
Կարդացեք նաև
Այսպես՝ ըստ պատմագրության հաղորդած տեղեկությունների՝ Ս․ Տրդատ Գ Մեծ արքան Եկեղեցին դասել էր «ազատաց տոհմին» կարգին և ավաններում ու ագարակներում սեփականության իրավունքով հողատարածքներ էր նվիրել՝ տնտեսապես ապահովելու համար (Հ․ Մանանդյան, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երևան, 1934, էջ 104-109)։
IV դարավերջին ավատատիրական կարգերի զարգացումը տանում էր մասնատման, իսկ կենտրոնախույս ուժերի համար առկա էին անջատվելու հնարավորություններ, և այս պայմաններում կենտրոնական իշխանությունն ամուր պահելու խնդիր էր առաջացել։ Այս առարկայական իրավիճակի առջև կանգնած պետության համար Հայ Եկեղեցին լավագույն աջակիցն էր՝ քրիստոնեական արժեքների ամրագրումով, իսկ Ս․ Ներսես Մեծ կաթողիկոսը՝ հեղինակավոր հաշտարար, որը փորձում էր մեղմել թագավորի և իշխանների միջև առկա հակասությունները։ Ցավոք, Արշակ թագավորը դա չընկալեց և չգնահատեց։ Թե արքան ինչպես հետամուտ եղավ եկեղեցական կալվածքների սահմանափակմանը, ուղղակիորեն հայտնի չէ․ Փավստոս Բուզանդի հիշատակության համաձայն՝ Հայր մարդպետը Տարոն այցելության ժամանակ, որտեղ այդ պահին գտնվում էր նաև Ս․ Ներսես Մեծը, հիացած եկեղեցական կալվածքների բարեկարգությամբ, հոխորտում է, թե թագավորին պետք է համոզել՝ վերցնել այդ կալվածքները Եկեղեցուց։ Ս․ Ներսես հայրապետը պատասխանում է, որ ուրիշի ունեցվածքին աչք դրած չարամիտ մարդը չի հասնում իր նպատակին։ Հայր մարդպետի ճակատագրով հետաքրքրվողները կարող են կարդալ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ը (Երևան, 1987, էջ 181)։
XIII դարում Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանը Տաթևի վանքին է վերադարձնում վաղուց հափշտակված տիրույթները՝ Հարժիքն ու Ցուրը՝ իրենց սահմաններով, իր ձեռքով տնկած այգին Խոտագետում, Քեթիավանքը՝ իր սահմաններով՝ լեռներով ու դաշտերով (տե՛ս Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 332-333)։
Այսպիսի վկայությունները հայ պատմագրության մեջ բազմաթիվ են։ Անշուշտ, Սուրբ Էջմիածնի կալվածքների վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում ենք կազմում Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի «Ջամբռ» աշխատության շնորհիվ, որտեղ, ըստ ներկայացված կալվածագրերի, հրովարտակների, հրամանագրերի և վաճառագրերի, անուն առ անուն հիշատակվում են XVIII դարավերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գյուղերը, այգիները, պարտեզները, ջրամբարները, կալվածքներն ու անշարժ գույքը։
Նշենք այդ բնակավայրերից որոշները, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեփականության իրավունքով ուներ հսկայական հողատարածքներ՝
1. Վաղարշապատ
2. Օշական
3. Ֆռանկանոց (Ամբերդ)
4. Մաստարա
5. Քիրաշլու (Ապարանի տարածքում)
6. Մուղնի
7. Սանտ (Դիպակլու)
8. Քեշիշքենդ
9. Այդինդավրիշ (Չալաբի քենդ)
10. Նորագյուղ (Երևանի տարածքում)
11. Նորք (Երևանի տարածքում)
12. Եղվարդ
13. Յայիճ (Երևանի նահանգում)
14. Ամիրի (Երևանի նահանգում)
15. Մելիք (Ապարանի տարածքում)
16. Բաթռինջ (Երևանի նահանգում)
17. Բոխենիս (Չաշուռլու․ Ամբերդ ամրոցի տարածքում)
18. Ծոպանիս (Երևանի նահանգում)
19. Ղարաղոյունլու
20. Յոլ Քյասան (Գառնիի նահանգում)
21. Աշտարակ
22. Աղավնատուն
23. Նորագավիթ
24. Բյուրական
25. Հաջլար և այլն։
Առավել ընդարձակ է եկեղեցապատկան այգիների, պարտեզների, ջրամբարների, լճակների, ձիթհանների, ջրաղացների, տների, խանութների և այլ անշարժ գույքերի ցանկը։
Նշենք, որ մի շարք վավերագրեր վկայում են, որ Եկեղեցու՝ անշարժ գույքի սեփականության իրավունքը պահպանվել է մինչև XX դարասկիզբը (տե՛ս Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, գիրք Է, Երևան, 2000, էջ 80-97)։
Ավելին՝ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն ամրագրել է եկեղեցապատկան գույքը, այլ նաև այն համարել է Սուրբ Էջմիածնի անձեռնմխելի սեփականությունը․ «Մայր Աթոռի իրաւասութեան ենթակայ վանքերի, եկեղեցիների և այլ աստուածահաճոյ հաստատութիւնների բոլոր կալուածները, շարժական ու անշարժ գոյքերը մնում են անձեռնամխելի սեպհականութիւն Հայաստանեայց Առաքելական Մայր Եկեղեցւոյ» (տե՛ս Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության, գիրք Ե, էջ 515)։
Միայն Հայաստանի խորհրդայնացումից հետո է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական և անշարժ, այդ թվում՝ մշակութային արժեք ներկայացնող գույքը (ձեռագրեր, գրքեր, արվեստի նմուշներ, գտածոներ և այլ իրեր) ապօրինաբար բռնագրավվել և պետականացվել։
Ընդգծենք, որ Հայաստանի ներկայիս Հանրապետությունը նախորդ հանրապետությունների իրավահաջորդն է ոչ միայն իրավական տեսանկյունից, այլ նաև պարտավորությունների առումով․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող անշարժ և շարժական գույքի մեծագույն մասն առ այսօր չի վերադարձվել, և Եկեղեցին էլ դրա դիմաց փոխատուցում չի պահանջել, ինչի իրավունքը լիովին ունի։
Հ․Գ․
Իսկ որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել ոչ թե Մայր Աթոռի այս կամ այն այգու խնամքը ստանձնելու, այլ ողջ ազգի առջև «Արցախը Հայաստան է և վերջ» մարդահաճո խոստումով իշխանության գալու, բայց Արցախը՝ իր սրբավայրերով հանդերձ թշնամուն հանձնելու, Արցախը հայաթափելու, հազարավոր զոհեր և վիրավորներ տալու, հայի արժանապատվությունը նսեմացնելու և Հայրենիքը բազում վտանգների և արհավիրքների առջև կանգնեցնելու մասին։
Տեր Արարատ քահանա ՊՈՂՈՍՅԱՆ


















































