Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այդ դեպքը լիներ նախկինների օրոք ու եկեղեցում 18-ամյա աշակերտի փոխարեն լիներ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտը, ինքը կուզենա՞ր նույն պատիժը տեսնել»․ Կարապետ Պողոսյան

Ապրիլ 01,2026 19:55 Share

Aravot.am-ը Կարապետ Պողոսյանից՝ որպես նախկին իրավապաշտպանի, կարծիք հարցրեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, ուր մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանը մտել էր իր թիկնազորով, տեղի ունեցած միջադեպից հետո այսօր 18-ամյա աշակերտ Դավիթ Մինասյանին երկամսյա կալանքի ենթարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 12-րդ դասարանում սովորող Դավիթին տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ, որտեղ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց։
«Եթե փորձենք իրավական գնահատականից առաջ շատ կարճ քաղաքական գնահատական հնչեցնել, նման իրավիճակում պատասխանատվությունը երկրի ղեկավարինն է ու նրա անվտանգությանը։
Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը մտնում է եկեղեցի, իր անվտանգության պատասխանատուն նախապես պետք է հաշվի առներ ցանկացած միջադեպի հավանական տարբերակ և չպիտի թույլ տար որևէ տեսակի այսպես ասած միջադեպային իրավիճակ։ Կամ եթե արդեն թույլ էր տվել, այստեղ միանշանակ քրեական վարույթ առաջին հերթին պետք է նախաձեռնվեր իր աշխատակցի նկատմամբ, որը կադրերում երևում է, հարվածում է անչափահաս երեխային, ընդ որում ոչ թե հարվածում է անհրաժեշտությունից բխած իրավիճակում, այլ ուղղակի հարվածում է՝ երևի թե իր շեֆին դուր գալու համար։

Այստեղ անչափահասի չափազանց կարևոր իրավունքներ ոտնահարվեցին․ առաջին հերթին երեխայի նկատմամբ հարվածը, երկրորդը՝ երեխային ազատությունից զրկելը։ Առհասարակ երեխային ազատությունից զրկում են ծայրահեղ իրավիճակներում, խոսքը գնում է բնականաբար այն երկրների մասին, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն իսկապես գերակա արժեք են։ Ազատությունից զրկում են շատ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է երեխային։

Տեսեք, դրանից անմիջապես հետո երեխայի առողջության կտրուկ վատացում տեղի ունեցավ, իսկ մինչ այդ հանրությունը և դատավորը տեղյակ էին երեխայի առողջական վիճակի, բարդությունների մասին։
Այստեղ նաև երեխայի առողջության իրավունքը ոտնահարվեց, ոտնահարվեց երեխայի կրթվելու իրավունքը։

Եթե նույնիսկ քաղաքական տեսանկյունից չնայենք, սա ուղղակի քաղաքական հաշվեհարդար է այդ երեխայի նկատմամբ։ Սկզբում ծեծում են, հետո տանում, բանտարկում, իրականում բառեր չկան, ու ցավալի է, որ կույր և խուլ Եվրոպան նմանատիպ իրավիճակները չի տեսնում։

Եթե նախկինում որևէ մեկը նման բան աներ, դուք պատկերացրեք՝ Եվրոպան և եվրոպական կառույցներին կից հասարակական կազմակերպությունները հիմա ինչպիսի աղմուկ-աղաղակ, կներեք բառիս համար, վայնասուն էին բարձրացրել։ Իսկ հիմա այդ նույն կազմակերպությունները լռում են»,- ասում է Կարապետ Պողոսյանը։

Նա նախկինում անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած մի միջադեպ մեջբերեց, որտեղ տղային գաղութ ուղարկելու փոխարեն հանձնել են համայնքի համապատասխան բաժնի հսկողությանը։
«Մի դեպք հիշեցի, որի մասին տեղեկություն կա նաև «Դատալեքսում» և որի մասին ես մի անգամ առիթ ունեցել եմ խոսել, կրկին կխոսեմ։ Այսպես ասած նախկինների օրոք՝ «Հանրապետական» կուսակցության ղեկավարման, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում, երբ նույն եվրոպացիները նրան փորձում էին մեղադրել տարատեսակ, ոչ ժողովրդավարական արարքների մեջ, դեպքեր շատ են եղել, ու դրանք հիմնականում հանգուցալուծվել են երեխային ծնողին ու համայնքի համապատասխան բաժնի խնամակալությանը հանձնելով։ Օրինակ՝ հենց հիմա կարող եմ ասել․ Արտյոմ Սիսակյան, ով այս պահին աշխատում է Գեղարքունիքի մարզում՝ որպես պարեկ։

Նույն տարիքին ինքը իր ընկերների հետ թույլ էր տվել խուլիգանական արարք, որի մասով կա նաև օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ։ Երևանում՝ Օպերայի մոտ բռնություն գործադրելով, մարդ ծեծելով, քիթ ջարդելով, հայհոյանքներով և այլն՝ թույլ էր տվել խուլիգանություն, բայց հաշվի առնելով նրա տարիքը, իսկ նա նույն տարիքին էր, ինչ այսօրվա տղան, իր նկատմամբ ոչ միայն խափանման միջոց չէր կիրառվել, այլ դատարանը որոշել էր նրա նկատմամբ կիրառել այնպիսի վճիռ, որը կբերի նրան դաստիարակության և վարքի փոփոխությանը։ Նրան հանձնեցին իր ծնողների և տարածքի խնամակալության և խնամատարության բաժնի հսկողությանը»։

Կարապետ Պողոսյանը նաև հիշեցնում է, որ նախկինում ոստիկանության բոլոր բաժանմունքներում կար անչափահասների հարցերով զբաղվող բաժին։

«Բացի այդ, մեկ այլ կարևոր բան եմ ուզում հիշեցնել նախկինից, նախկինում ոստիկանությունում կար անչափահասների բաժին, հիմա դա էլ են վերացրել։ Հավանաբար կհիշեք, որ, օրինակ՝ Գյումրիում անչափահասների գծով բաժնի պետը Հայկ Զաքարյանն էր, շատ լավ անձնավորություն, բոլորի հետ շփվում էր, դպրոցներում տարատեսակ պրոֆիլակտիկ աշխատանքներ էր իրականացնում։ Այսինքն՝ այդ մարդիկ նախապես փորձում էին ամեն ինչ կառավարել, կանխազգալ։ Հիմա սա ինչու եմ ասում, որովհետև այս իշխանությունը երկիրը վերածել է մի մեծ խառնաշփոթի։

Կոնկրետ այս դեպքի մասով ինչ ենք տեսնում․ ներխուժում եկեղեցի, մոռանանք նրա քաղաքական կարգավիճակը, մոռանանք պաշտոնը, փորձենք այս ամենը դիտարկել հասարակական տեսանկյունից, ոչ քաղաքական, ոչ իրավական, հասարակական, այսինքն մարդկանց համակեցության հավասար կանոնները դիտարկելով։

Ինչ է տեղի ունենում, ինչ-որ մեկը, կապ չունի՝ ինքը ով է, որովհետև Աստծո առաջ բոլորն են հավասար, և եկեղեցում բոլորն են հավասար, ինչ-որ մեկը որևէ մեկից ինչ-որ տիպի առավելություն չունի, ներխուժում է եկեղեցի անվտանգության զինված աշխատակիցների հետ, մարդը կանգնած աղոթում է, այդ մարդուն հրում-գցում են այն կողմ, որ իրենք այնտեղ ինչ-որ շոու նկարեն։ Չեմ փորձում արդարացնել տղային, բայց ով էլ լիներ եկեղեցում կանգնած, մոտենային, իրեն հրեին, ինքը որոշակի դիրքորոշում կցուցաբերեր, չէ՞, անհնար էր չցուցաբերել։

Դրանից հետո էս մարդուն սադրում են, սադրանքից հետո մի հատ էլ խփում են, վնասում են, հետո հանում են դուրս, բոլորի ներկայությամբ նորից անհամաչափ բռնի ուժ են կիրառում, որը մենք բոլորս տեսանք, ու մի հատ էլ տանում են կալանքի։

Սա ամենաճղճիմ վրեժխնդրությունն է։ Այս դեպքում տեղի է ունեցել սադրանք, և այն տեղի է ունեցել երկիրը ղեկավարողի կողմից։ Երևի թե ճիշտ կլինի Նիկոլ Փաշինյանին տեսնելիս՝ ինչքան հնարավոր է հեռու մնալ, չգնալ սադրանքների, այդ մարդն ամեն տեղ կարող է նման իրավիճակներ ստեղծել ու մարդկանց բանտերը լցնել։

Ես բոլոր լրագրողներին եմ խնդրում, երբ հաջորդ անգամ կլինի բրիֆինգ, թող մի հարց տան Փաշինյան Նիկոլին՝ եթե, ասենք, այս դեպքը լիներ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, Սերժ Սարգսյանը մտներ եկեղեցի, ու եկեղեցում այդ երիտասարդի փոխարեն կանգնած լիներ իր որդին՝ Աշոտը, նա աղոթելիս լիներ, ի՞նչ կաներ Փաշինյան Նիկոլը ընդդիմադիր ժամանակ, ինքը նորից կուզենա՞ր նույն պատիժը տեսնել»։

Կարապետ Պողոսյանն ասում է՝ չի հիշում որևէ երկիր, որտեղ որևէ միջադեպից հետո անվտանգության աշխատակիցը երեխա ծեծի։ Ըստ նրա, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահների ուղղությամբ ձվեր են նետել, բայց որևէ մեկին չեն ծեծել։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930