Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Կատարի դեսպանը հայտնել է իր երկրի հետաքրքրվածությունը համագործակցության խորացման հարցում

Ապրիլ 01,2026 20:20 Share

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի առաքելությունը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման դինամիկան՝ ընդգծելով վերջին տարիներին արձանագրված շարունակական աճը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է պետական աջակցության ծրագրերը՝ անդրադառնալով տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու օրենսդրական բարեփոխումներին, որոնք նպաստում են նորարարության խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա» նախաձեռնությանը՝ որպես տարածաշրջանում նորարարության և ձեռնարկատիրության խթանման կարևոր հարթակ։ Քննարկվել են նաև միջոցառման շրջանակում հնարավոր համագործակցության հեռանկարները՝ ընդգծելով դրա կարևորությունը միջազգային կապերի ընդլայնման տեսանկյունից։

Նախարարը խոսել է նաև Հայաստանը «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ» դարձնելու հայեցակարգից՝ ներկայացնելով Հրազդանում և Գագարինում FirebirdAI և EleveightAI ընկերությունների՝ արհեստական բանականության տվյալային կենտրոնների կառուցման ընթացքը։ Անդրադարձ է եղել նաև ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների արտահանման հնարավորություններին։

Դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինը բարձր է գնահատել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և հայտնել Կատարի հետաքրքրվածությունը համագործակցության խորացման հարցում՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, ԱԲ-ի և ներդրումների ուղղություններով։ Նա վերահաստատել է պատրաստակամությունը՝ աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք կարևորելով առկա ներուժի իրացումն ու համատեղ ծրագրերի առաջխաղացումը։ Առանձնակի անդրադարձ է կատարվել արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների բնագավառներում կապերի սերտացմանը, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների դերակատարմանը՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման և համատեղ հետազոտական ու ինժեներական նախագծերի իրականացման գործում։

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների բարձրաստիճան փոխայցելությունները՝ պայմանավորվելով շարունակել ակտիվ երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և գործնական արդյունքների ապահովման նպատակով։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930