Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյանը թող ասի՝ ի՞նչ սահմաններով է Ադրբեջանը հռչակել իր անկախությունը, ո՞ր իրավական փաստաթղթով է հաստատել իր իրավունքները ԼՂ նկատմամբ»

Ապրիլ 01,2026 20:33 Share

«Առավոտ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

-Պարոն Մանասյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում»։ Արդյոք դա այդպե՞ս է, թե՞ Փաշինյանը խեղաթյուրում է պատմական իրողությունը։

-Յուրաքանչյուր այսպիսի հայտարարություն պետք է հիմնվի փաստաթղթերի և իրավական հիմքերի վրա, չի կարելի հենց այնպես ասել։ Ադրբեջանը կարո՞ղ է ցույց տալ, թե ի՞նչ սահմաններով է 1991 թվականին հռչակել իր անկախությունը։ Եթե դա հայտնի է պարոն Փաշինյանին, թող այդ մասին խոսի, թող ասի, թե որ իրավական փաստաթղթով է Ադրբեջանը հաստատել իր իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ դուրս գալով Խորհրդային միությունից և վերադառնալով 1918-1920 թվականների ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը։ Եթե այդպիսի հիմնավոր փաստաթուղթ կա, թող այդ մասին ասեն, ոչ թե հենց այնպես հայտարարություններ անել։ Լրագրողներն այս հարցը պետք է տան Փաշինյանին՝ այդ ո՞ր փաստաթղթում են նշված Ադրբեջանի սահմանները։

Ադրբեջանը սահման չի հռչակել, 1991 թվականի սահմանադրական ակտով արել են հետևյալ հայտարարությունը՝ «պատմականորեն ձևավորված սահմաններում ադրբեջանական հանրապետության տարածքներն անօտարելի ու միասնական են»։ «Պատմականորեն ձևավորված սահմաններ» ձևակերպումը իրավական բովանդակություն չունի, իրավական տեսակետից դա անհեթեթ բան է։ Այդպիսի հայտարարությամբ Ադրբեջանի սահմանները ոչ սահմանազատված են, ոչ էլ սահմանագծված են։ Այնուհետև իրենք հանել են այդ նախադասությունն իրենց սահմանադրական ակտից։ Եվ հիմա Ադրբեջանի սահմանադրական ակտում ուղղակի ասվում է, որ «ադրբեջանական հանրապետության տարածքներն անձեռնմխելի են»։ Թե որ տարածքները, հայտնի չէ։ Իրենք գիտեն, որ սահման չունեն, մե՞նք ենք սահման վերագրում նրանց։ Կամ եթե վերագրում ենք, ի՞նչ սահման ենք վերագրում։ Ո՞նց կարող ես դու որոշել Ադրբեջանի սահմանները, այդպիսի բան չկա, սահմանները որոշվում են հանրաքվեներով, միջազգային պայմանագրերով։ Բայց Ադրբեջանն Ալմա-Աթա գնացել է առանց կոնկրետ սահմանների։ Եվ դրանից հետո երևի Եվրոպան ասել է՝ մի հատ հանրաքվե արա։ Այդ հանրաքվեն արել են Ալմա-Աթայից հետո, սակայն նորից չգիտի, թե ինչ սահմաններում է ինքն անկախանում։ Էլի գրել են մի անհեթեթ բան՝ հղում են կատարել հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտին, որտեղ գրված է՝ «պատմականորեն ձևավորված սահմաններ»։ Հանրաքվեում գրված էր՝ «դուք համաձա՞յն եք սահմանադրական ակտին», այսինքն՝ այնտեղ, որտեղ սահմաններ հռչակված չեն։ Այդպես էլ Ադրբեջանը սահման, տարածքներ ձեռք չի բերել։ Դրա համար էլ ասում են՝ «Հայաստանը պատմական Ադրբեջան է», արդեն սկսել են Հայաստանը համարել իրենց տարածք։ Ավելին, Ալիևն ասում է՝ «միջազգային իրավունք չկա, ինչ կուզեմ, կանեմ»։ Փոխանակ այդ քաղաքականության ագրեսիվ բնույթը լուսաբանվի, մենք ինքներս ասում ենք, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»։

Հիմա անդրադառնանք Լեռնային Ղարաբաղին։ 1991 թվականի դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակել է անկախություն։ Այդ անկախությունը դեկտեմբերի 10-ին ամրագրվել է հանրաքվեով։ Դեկտեմբերի 21-ին Բաքուն գնացել է Ալմա-Աթա առանց հանրաքվեի։ Իսկ ԼՂ-ն 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվե է անցկացրել մի տարածքում, որը Ադրբեջանին չի պատկանել, որովհետև Ադրբեջանը սահման չէր հռչակել և իրեն համարել էր 1918-20 թվականներին ադրբեջանական հանրապետության իրավահաջորդը, որի սահմանները հստակ չեն եղել և որի մեջ Ղարաբաղը չի մտել։ Դեկտեմբերի 10-ին ԼՂ-ն հռչակել է անկախություն մի տարածքում, որը ոչ Ադրբեջանին է պատկանում, ոչ Սովետական միությանը։ Ինչո՞ւ, որովհետև դեկտեմբերի 10-ից 2 օր առաջ՝ դեկտեմբերի 8-ին Բելովեժյան բացատում Սովետմիությունը լուծարվել է։ Այսինքն՝ այդ տարածքը չի պատկանել ոչ Սովետական միությանը, ոչ Ադրբեջանին։ Պատմականորեն, իրավաբանորեն, ամեն տեսակետից իրեն պատկանող տարածքներում է Լեռնային Ղարաբաղը հռչակել անկախություն։ Բայց այս հասարակ բանը իշխանությունները չեն գիտակցում։

Կովբյուրոյի որոշմանն են նաև հղում անում, ասում են, թե 1921 թվականի հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին։ Այդպիսի բան չկա, այդ որոշումը չի ընդունվել։ Ամսի 4-ին որոշում է ընդունվել, որ պետք է ի օգուտ Հայաստանի որոշվեր այդ հարցը, իսկ ամսի 5-ին Ստալինը կարդացել է այդ փաստաթուղթը, բայց դա չի դրվել քվեարկության, այսինքն՝ ընդունված փաստաթուղթ չկա։ Այսինքն՝ ողջ սովետական տարիներին Լեռնային Ղարաբաղն օկուպացված տարածք է եղել, ինչպես հիմա։ Սա է պարզից էլ պարզ իրողությունը։

-Իշխանության այս հայտարարությունները և քաղաքականությունն ի՞նչ հետևանք կարող է ունենալ մեզ համար։

-Եթե այսօր ասում ենք՝ Ղարաբաղը քոնն է, վաղը պետք է ասենք՝ Սյունիքն էլ է քոնը, մյուս օրը՝ Երևանն էլ է քոնը։ Եթե այսպես առանց իրավական հիմքերի ենք առաջնորդվում, իհարկե, դա վատ հետևանք կարող է ունենալ մեզ համար։ Տեսեք՝ հիմա ադրբեջանցիները մեջբերում են 1918 թվականի դեպքերը,  ասում են, թե իբր մարտի 31-ին Բաքվում «հայերը կոտորել են ադրբեջանցիներին»։ Բայց դա ազգամիջյան կռիվ չի եղել, որ ներառեին հայերին, այնտեղ իշխանության համար կռիվ է եղել, և ադրբեջանական ապստամբները Թուրքիայի աջակցությամբ ապստամբություն են արել ու ուզեցել են Բաքվի կոմունան ջախջախել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930