Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր փափկության մեջ առավել ամրություն և ուժ կա, քան որևէ կարծրության մեջ. Նազենի Հովհաննիսյան

Ապրիլ 01,2026 22:30 Share

«Հայուհի» կանանց կենտրոնը շարունակաբար նախաձեռնում է կրթամշակութային ծրագրեր՝ ուղղված կանանց ներուժի զարգացմանը, համայնքային ակտիվության խթանմանը և արժեքային դաշտի ամրապնդմանը։ Կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ հերթական միջոցառումը՝ Նազենի Հովհաննիսյանի «Սիրո խաչմերուկներ» խորագրով ասմունքի երեկոն՝ Armenian String Quartet-ի նվագակցությամբ։

Ներկայացվեցին հայ և համաշխարհային գրականության նմուշներ։ Կազմակերպիչներն ընդգծեցին, որ երեկոն նպատակ ունի արժևորել գրական խոսքը, խթանել մշակութային երկխոսությունը և ստեղծել հարթակ՝ արվեստի միջոցով ինքնաճանաչման ու ներշնչման համար։

«Հայուհի» կանանց կենտրոն ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիանա Մանուկյանը նշեց, որ իրականացնում են ոչ ֆորմալ կրթություն, մշտապես կազմակերպում վարպետաց դասեր, մշակութային միջոցառումներ՝ կանանց կենցաղից կտրելու և նրանց կյանքը բազմազան ու հետաքրքիր դարձնելու նպատակով. «Կանանց միամսյակի այս խորհրդանշական օրերին որոշեցինք անպայման Նազենի Հովհաննիսյանի հետ երեկո ունենալ, որովհետև խոսքն է ամենամեծ ուժը, որը միավորում է, ոգեշնչում և բուժում։

Իմ համոզմամբ դա ամենահամահունչն է մեր կենտրոնի որդեգրած արժեքներին, և դա այն պահանջն էր, որը կար մեր կենտրոնի շահառուների մոտ»։

Նա նաև հավելեց, որ ամեն շաբաթ իրենց կենտրոնում կայանում են հայտնի և սիրված հայ կանանց հետ հանդիպումներ՝ մտերմիկ մթնոլորտում, ու կանանց միամսյակին էլ որոշել են ավելի մեծ մասշտաբի միջոցառումներ իրականացնել, իսկ Նազենի Հովհաննիսյանի և Armenian String Quartet-ի մասնակցությամբ երեկոն հենց այդ համատեքստում է։

Լիանա Մանուկյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Վանաձորում են միջոցառում կազմակերպել՝ Hayat Project-ն է համերգ ունեցել «Հայուհի» կանանց կենտրոնի շահառուների համար։ Առաջիկայում էլ նախատեսում են Վարդենիսում համերգ կազմակերպել՝ Ethno Colors-ի մասնակցությամբ։ «Հայուհի» կանանց կենտրոն ՀԿ-ի հիմնադիր նախագահը հավելեց, որ միջոցառումները շարունակական են լինելու, անելու են ամեն ինչ, որ իրենց համայնքն ավելի մեծանա, կանանց կյանքն ավելի հետաքրքիր դառնա։

Aravot.am-ի հարցին՝ ինչ կարող է փոխել կինը այս աշխարհում, որտեղ կան աղետներ, պատերազմներ ու բազմաթիվ նեգատիվ բաներ, Լիանա Մանուկյանն այսպես արձագանքեց. «Կինը այն առանցքն է, որի շուրջ ձևավորվում է ընտանիքը, հասարակությունը, հայրենիքը։ Կանայք հասարակության տրամադրությունների դիրիժորներն են։ Եթե կանայք երջանիկ են, աշխարհն ավելի երջանիկ և ներդաշնակ է դառնում։ Մեր կենտրոնի նպատակներից մեկը երջանիկ կին կերտելն է»։

«Հայուհի» կանանց կենտրոնի ծրագրերի ղեկավար Անի Ազոյանն ասաց, որ երեկոն Նազենի Հովհաննիսյանի մասնակցությամբ է, որովհետև նա ամենականացի հայուհիներից է, դրա համար ցանկացել են, որ հենց նա հանդես գա «Սիրո խաչմերուկներ» խորագրով երեկոյին։ Նրա ձևակերպմամբ, հայ կինն ունակ է փոխելու ամեն ինչ, եթե իր մեջ հայտնաբերի այն ներուժը, որ ունի։

Անի Ազոյանի խոսքով, «Հայուհի» կանանց կենտրոնի՝ միամսյակի շրջանակում անցկացվող ծրագրի խորագիրը՝ «Գարունը դու ես», պատահական չի ընտրված, քանի որ հայուհիները հենց գարունն են՝ իրենց թաքնված, բայց անսպառ ներուժով։

Նազենի Հովհաննիսյանը՝ ողջունելով դահլիճում ներկա կանանց, նշեց. «Մեր փափկության մեջ առավել ամրություն և ուժ կա, քան որևէ կարծրության մեջ։ Ինձ համար պատիվ և շնորհ է լինել այսօր այստեղ և փորձել բանաստեղծական մեր ճամփորդությամբ մի քիչ մեղմել ձեր առօրյա հոգսերը, բազում հարցերն ու խնդիրները։ Բոլորս ապրում ենք մի իրականության մեջ, որից որքան էլ փորձենք փախչել, այդ իրականությունը կոնկրետ քայլերով գալիս և հիշեցնում է իր մասին»։ Դրա համար նա առաջարկեց անջատել հեռախոսները, մոռանալ հոգսերը և վայելել երեկոն։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930