«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը դատապարտել է եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից, դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու փաստը.
«Ազատությու’ն Դավիթ Մինասյանին։
Բառերն ի զորու չեն արտահայտելու մեր փոթորկված հոգիների վրդովմունքն ու ցասումը։
Այս մասշտաբի անարդարության, օրենքի ու իրավունքի աղավաղման մասին անհրաժեշտ է խոսել. մեր լռությունն ու անտարբերությունն են ծնում այս ամենաթողությունը։
Կարդացեք նաև
Դատարանը կիրառեց խափանման միջոցներից ամենածանրը՝ կալանքը, այն դեպքում, երբ, օրինակ, սպանության փորձի կամ գողության համար շատ հաճախ տնային կալանք կամ վարչական հսկողություն է կիրառվում։
Ի՞նչ էին արել այս օրինակելի ընտանիքն ու պատանիները, գնացել էին Սուրբ Պատարագի Ծաղկազարդի տոնին ու չէին էլ կարող ենթադրել, որ սադրիչի սադրանքը կարող է ճակատագրական դառնալ։
Այսօր շրջանառված տեսանյութում հստակ երևում է, որ վարչապետի քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցը հարվածում է Դավիթի դեմքին։
Դավիթի կալանքը այս պաշտոնյայի ու այս իշխանության թուլության ու վախի դրսևորումն է, ու դա ճակատագրական է լինելու , որովհետև ձեր քարոզչությամբ մեզ համար գտնում եք հանրության մեջ թաքնված իսկական հերոսների, ովքեր ոգեշնչում ու մղում են պայքարի՝ ձեր անարդարության ու վախերի դեմ։
Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Դավիթն է, վաղը մեզնից յուրաքանչյուրի երեխան կամ ծնողը կարող է դառնալ այս վախերի ու ագրեսիայի զոհ։
Հա՞շտ ենք այս իրականության հետ։
Ձեռքերդ հեռո՛ւ անմեղներից, արդարներից»։


















































