Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ունեն քննարկելու Փաշինյանն ու Պուտինը

Ապրիլ 02,2026 10:30 Share

Հայ-ռուսական հարաբերությունները, «Զանգեզուրի միջանցքի»՝ չդադարող թեման, եւ տարածաշրջանային նոր հաշվարկները Փաշինյան–Պուտին հանդիպման ենթատեքստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։ «Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», ասվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ:

Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը եւ ապրիլի 1-ին ծրագրված այցը ՌԴ տեղի են ունենում խորապես բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Կրեմլի հաղորդմամբ, նախ՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել էին երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ առեւտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում, եւ ընդգծվել էր, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։

Ապրիլի 1-ին մինչ Փաշինյանի մեկնելը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ հայտնեց Պուտին-Փաշինյան հանդիպման ձեւաչափի վերաբերյալ։ Պեսկովը հայտնել էր, որ ապրիլի 1-ին կկայանա հայ-ռուսական բանակցություններ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ օրակարգի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հետ կապված հարցեր։ Այնուհետեւ, ըստ Պեսկովի՝ Պուտինը եւ Փաշինյանը, շփումները կշարունակեն դեմ առ դեմ՝ աշխատանքային նախաճաշի ձեւաչափով։

Փաշինյանն օրերս հայտարարել էր՝ «մենք կապերը պահում ենք»՝ Ռուսաստանը բնութագրելով որպես բարեկամ երկիր։ Սակայն այս ձեւակերպումները պետք է դիտարկել ոչ միայն երկկողմ հարաբերությունների պահպանման, այլեւ նոր հավասարակշռություն փնտրելու համատեքստում։ Իրանի դեմ պատերազմի պայմաններում Ռուսաստանը մնում է տարածաշրջանի առանցքային խաղացողներից մեկը, եւ Երեւանը, ըստ ամենայնի, փորձում է վերաձեւակերպել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հաշվի առնելով Արեւմուտք–Ռուսաստան հակադրության խորացումը։

Փաշինյան-Պուտին հանդիպման անցկացման պայմանավորվածությունը վկայում է, որ կողմերը կարեւոր թեմաներ ունեն փակ ձեւաչափում քննարկելու, եւ ըստ ամենայնի, դրանցից գլխավորը՝ «տրանսպորտային-լոգիստիկը», Սյունիքում «միջանքային» թեման է։

Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու է Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը, հայտնել էր Կրեմլն ավելի վաղ։ «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ Ռուսաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը։ Բանակցությունների առանցքում են լինելու նաեւ տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները», ասվում էր Կրեմլի հաղորդագրության մեջ:

Պուտին. Եվրամիության հետ՝ Մաքսային միության մեջ լինելն անհնար է

Այսպես, Փաշինյան—Պուտին հանդիպման հրապարակայնորեն քննարկված թեմաներից մեկը ԵԱՏՄ—ԵՄ անհամատեղելիությունն էր։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է գնում Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։ Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերվում։ Հասկանում ենք, որ ցանկացած երկիր մաքսիմում համագործակցություն է փնտրում երրորդ երկրների հետ։ Բայց դա պետք է բացահայտ լինի եւ ազնիվ՝ հենց սկզբից։ Եվրամիության հետ՝ Մաքսային միության մեջ լինելը, ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն։ Պարզապես հնարավոր չէ»,- ասաց Պուտինը։

Հարցը, նրա խոսքով, տնտեսական է, ոչ թե քաղաքական։ Պուտինը շեշտեց՝ միգուցե տարիներ հետո այս երկու միությունների տարբերությունները կարգավորվեն, սակայն պնդեց՝ ուկրաինական ճգնաժամի հենց սկզբից եվրոպացիների հետ չի հաջողվել պայմանավորվել միասին աշխատելու շուրջ։ «Ինչ վերաբերում է էներգակիրների գնին, գազը Եվրոպայում կտրուկ թանկացել է՝ 600 դոլար հազար խորանարդի դիմաց, իսկ Ռուսաստանը Հայաստանին 177.5 դոլարով է վաճառում։ Տարբերությունը հսկայական է։ Մենք այստեղ ձեզ հետ հաճախ վիճում ենք, ես գիտեմ, որ դուք պնդում եք, որ էներգակիրների գները մի փոքր այլ կերպ որոշվեն, բայց տեսեք՝ 600 դոլար ու 177.5 դոլար»,- ասաց նա՝ հավելելով՝ վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ։

Փաշինյանը, իր հերթին, ասաց՝ Երևանում գիտեն, որ երկու միությունների անդամակցությունը հնարավոր չէ. «Բայց այն, ինչ մենք անում ենք, եւ մեր օրակարգը, որ ունենք, այս պահին համատեղելի են, եւ քանի դեռ հնարավոր է այդ երկու օրակարգերը համատեղել, մենք կհամատեղենք։ Երբ հնարավոր չլինի, ու պետք լինի որոշում կայացնել, ես վստահ եմ, որ Հայաստանի քաղաքացիները որոշում կընդունեն»։ Միաժամանակ ընդգծեց՝ Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները երբեք չեն եղել եւ չեն լինի կասկածի տակ։

Ինչ վերաբերում է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, Փաշինյանն ասաց, որ սա, բացի ռուսաստանցի գործընկերներից, այլ երկրների հետ էլ են քննարկում։ «Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը»,- հավելեց նա։

Պուտինը այս մասին չխոսեց, սակայն գոհունակությամբ արձանագրեց՝ երկու դաշնակիցների միջեւ տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով. 2024-ին շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար, 2025 թվականին՝ 6,4 միլիարդ։ Ռուսաստանի նախագահը շեշտեց, որ Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից՝ 4,9. «Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է։ Եվ այդ 6,5 միլիարդից 1,2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Դա բանջարեղեն է, միրգ, գինի, այսինքն՝ այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը»։

Հաջորդը՝ ՀԱՊԿ-ի թեման էր։ Պուտինն ասաց՝ տեղյակ է, որ հայկական կողմի մոտ դժգոհություններ կան ՀԱՊԿ-ի մասով։ «Բայց ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ Պրահայում 2022-ին, երբ Դուք ճանաչեցիք Ղարաբաղը Ադրբեջանի մաս, արդեն ներադրբեջանական դարձած այս հարցին ՀԱՊԿ-ի միջամտությունը բոլորովին ճիշտ չէր լինի»,- նշեց ՌԴ նախագահը։

Փաշինյանը փաստեց՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել են «այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն այդ մասին հրապարակավ խոսեց»։ «Ես արդեն հրապարակավ ու բաց հայտարարել եմ, որ մենք չենք շարունակում ղարաբաղյան շարժումը, եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն խաղաղություն է հաստատված, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը եւ միմյանց ինքնիշխանությունը։ Դա արվել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ Երևանն ու Բաքուն փոխադարձաբար ընդունել են, որ անկախ Հայաստանը 100 տոկոսով նույնական է Խորհրդային Հայաստանին, իսկ անկախ Ադրբեջանը՝ Խորհրդային Ադրբեջանին»,- նշեց Փաշինյանը։

Նա պնդեց՝ անվտանգային դաշինքի մեխանիզմները 2022-ին պետք է աշխատեին, բայց չաշխատեցին։ «Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետեւ մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ, իմ կարծիքով՝ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին»,- նշեց Փաշինյանը։ Նա շեշտեց, որ սա բերեց այն իրավիճակին, որը ներկայումս հիմա կա ՀԱՊԿ-ի հետ կապված։ «Մենք հիմա չենք մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին պարզ պատճառով, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքել՝ չնայած համաձայնագրով ունեցած պարտավորություններին»,- նշեց Փաշինյանը։

Այնուհետեւ Պուտինը նկատեց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ջանքերի շնորհիվ, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի մասնակցության շնորհիվ, հաջողվել է դուրս գալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացման մակարդակի։ «Իմ կարծիքով, նաեւ տրանսպորտային ուղիներն են ապաշրջափակվում եւ այլն։ Այստեղ պարզապես պետք է փնտրել հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիներ։ Բայց ինձ թվում է, որ այստեղ էլ պետք է վերջակետ դնել, եւ ավելի լավ կլիներ, եթե սա չդառնար ներքաղաքական գործընթացի մաս, հատկապես նախընտրական արշավի ընթացքում»,- ասաց նա։

Փաշինյանի այցն ու Իրանի դեմ պատերազմի գործոնը

Փաշինյանի սպասվող այցը Ռուսաստան պետք է դիտարկել հատկապես Իրանի դեմ պատերազմի համատեքստում։ Իրանը Հայաստանի անմիջական հարեւանն է եւ կարեւոր ռազմավարական գործընկեր, իսկ տարածաշրջանում ռազմական գործողությունների սրացումը ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության եւ տնտեսության վրա։ Այս պայմաններում Մոսկվայի հետ քննարկումները կարող են վերաբերել ոչ միայն երկկողմ օրակարգին, այլեւ տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությանը։ Ռուսաստանը, Իրանի հետ ունենալով սերտ կապեր, միաժամանակ կարող է դառնալ այն հարթակը, որտեղ Երեւանը փորձում է հասկանալ զարգացումների ուղղությունը։ Հաշվի առնելով նաեւ էներգետիկ եւ տրանսպորտային համագործակցության թեմաների ընդգրկումը՝ կարելի է ենթադրել, որ քննարկվելու են նաեւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը՝ նոր իրողությունների պայմաններում։

Այսպիսով, Փաշինյանի այցը ոչ թե պարզապես դիվանագիտական ժեստ է, այլ՝ ճգնաժամային իրավիճակում դիրքորոշումների ճշգրտման փորձ։

«Զանգեզուրի միջանցք». Թուրքիայի ռազմավարական ծրագրերը

Թուրքիան հետեւողականորեն առաջ է տանում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային կապերի ընդլայնման առանցքային նախագիծ։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն վերջերս հայտարարել է, որ «միջանցքը պատրաստ կլինի 4-5 տարիների ընթացքում» եւ այն կապ կհանդիսանա «թյուրքական աշխարհի» երկրների միջեւ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հատվածում աշխատանքները գրեթե ավարտված են, իսկ Թուրքիայի տարածքում արդեն մեկնարկել են ենթակառուցվածքային ծրագրերը՝ միջազգային ֆինանսավորմամբ։ Ավելի վաղ նա նշել է, որ միջանցքը կարող է գործարկվել մինչեւ 2030 թվականը՝ ընդգծելով նաեւ ԱՄՆ-ի մասնակցությունը գործընթացին։ Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Անկարան նախագիծը դիտարկում է ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական նախաձեռնություն՝ ուղղված տարածաշրջանում իր ազդեցության ամրապնդմանը։ «Զանգեզուրի միացումը» ներկայացվում է որպես կապող օղակ Կասպից եւ Միջերկրական ծովերի միջեւ, ինչը մեծացնում է դրա ռազմավարական արժեքը։

Անկարայի դիրքորոշման կախվածությունը Բաքվից

Պաշտոնական Անկարայի հայտարարությունները բացահայտ ցույց են տալիս, որ Անկարայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է Ադրբեջանի դիրքորոշմամբ, եւ այս հարցում ոչինչ չի փոխվել։ Ուրալօղլուն ավելի վաղ ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների առաջընթացը հնարավոր է միայն Բաքվի հետ համաձայնության դեպքում։ Նա նաեւ նշել է, որ եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, հնարավոր է «միայն Ադրբեջանի համաձայնությամբ»։ Այս մոտեցումները փաստում են, որ տարածաշրջանային գործընթացներում Ադրբեջանը հանդես է գալիս որպես առանցքային որոշում կայացնող դերակատար Թուրքիայի համար։ Միեւնույն ժամանակ, թուրք պաշտոնյան անցյալ տարեվերջին նաեւ պնդել է, թե «Հայաստանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքին», ինչը հակասում է Երեւանի պաշտոնական դիրքորոշմանը։

Նշյալ հայտարարությունները ցույց են տալիս տեղեկատվական եւ քաղաքական ճնշման գործիքների կիրառումը՝ Հայաստանի դիրքերը շարունակ թուլացնելու նպատակով։ Արդյունքում ձեւավորվում է մի իրավիճակ, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը հանդես են գալիս միասնական ճնշման ռազմավարությամբ։

ՀՀ իշխանությանը չի հաջողվում «միջանցք» տերմինը հանել թուրք-ադրբեջանական տանդեմի խոսույթից

Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն մերժում են «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը՝ այն դիտարկելով որպես ինքնիշխանության նկատմամբ սպառնալիք։ Փաշինյանը մի առիթով հայտարարել է՝ «նման արտահայտություն չկա, չի եղել եւ չի լինի Հայաստան–Ադրբեջան որեւէ փաստաթղթում»։ Նա նաեւ ընդգծել է, որ եթե այդ տերմինը վերաբերում է Հայաստանի տարածքին, ապա այն նշանակում է ինքնիշխանության խախտում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւս հայտարարել է, որ «միջանցք» տերմինը անընդունելի է Երեւանի համար։ Փոխարենը հայկական կողմը առաջ է մղում «Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, որը ենթադրում է հաղորդակցությունների բացում՝ պետությունների ինքնիշխանության պահպանմամբ։ Այս իրավիճակը վկայում է, որ կողմերի միջեւ չկա ոչ միայն քաղաքական, այլեւ կոնցեպտուալ համաձայնություն։

Տարածաշրջանային ենթակառուցվածքներ եւ տնտեսական հաշվարկներ

Չնայած քաղաքական լարվածությանը, «Զանգեզուրի» ուղղությամբ ենթակառուցվածքային ծրագրերը շարունակվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքներում։ Կարս–Իգդիր–Նախիջեւան երկաթգծի շինարարությունը եւ Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքները ցույց են տալիս, որ նախագիծը առաջ է շարժվում՝ անկախ Հայաստանի դիրքորոշումից։ Թուրքիան արդեն ֆինանսական համաձայնագրեր է կնքել միջազգային կառույցների հետ, ինչը վկայում է ծրագրի երկարաժամկետ բնույթի մասին։ Այս զարգացումները ստեղծել են փաստացի մի իրավիճակ, երբ Հայաստանը կանգնում է ընտրության առջեւ՝ ներգրավվել գործընթացին իր պայմաններո՞վ, թե՞ դուրս մնալ եւ կորցնել հնարավոր տնտեսական շահերը։ Միեւնույն ժամանակ, ենթակառուցվածքների զարգացումը կարող է օգտագործվել որպես քաղաքական ճնշման գործիք՝ ստիպելով պաշտոնական Երեւանին գնալ զիջումների։

Հարավային Կովկասը՝ բարդ աշխարհաքաղաքական փուլում

Ներկայացված զարգացումները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասը մտնում է նոր, ավելի բարդ աշխարհաքաղաքական փուլ։ Հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացումը, Թուրքիայի եւ Ադրբեջանի չդադարող ճնշումների գործադրումը, ինչպես նաեւ Իրանի դեմ պատերազմի ազդեցությունը ձեւավորում են բազմաշերտ եւ անկայուն միջավայր։

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպելու ցանկությամբ, ամենայն հավանականությամբ, նպատակ ունի վերագնահատել Հայաստանի դիրքը այս բարդ իրավիճակում եւ գտնել անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։ Միեւնույն ժամանակ, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շարունակվող ճնշումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն հրաժարվում իրենց ռազմավարական նպատակներից։

Իհարկե, հնարավոր են որոշակի պայմանավորվածություններ հաղորդակցությունների բացման շուրջ, սակայն դրանք կուղեկցվեն տերմինաբանական եւ քաղաքական տարաձայնություններով։ Խոշոր հաշվով, տարածաշրջանի կայունությունը կախված կլինի այն բանից, թե արդյոք հնարավոր կլինի համատեղել տնտեսական շահերը քաղաքական ինքնիշխանության պահպանման հետ։

Հայաստանի համար գլխավոր մարտահրավերը մնում է արտաքին քաղաքականության հավասարակշռումը, ինքնիշխանության պահպանումն ու տարածաշրջանային նախագծերից դուրս չմնալը։

Այս պայմաններում Ռուսաստանն իր ակտիվացմամբ կարող է վերականգնել իր ազդեցությունը որպես հիմնական միջնորդ։ Սակայն դա եւս այս իրավիճակում չի երաշխավորում կայուն խաղաղություն, քանի որ մեծ տերությունների մրցակցությունը կարող է շարունակվել նաեւ մեր տարածաշրջանում եւ էլ ավելի սրվել։

Կարճաժամկետ հեռանկարում խաղաղության հասնելու հնարավորությունները մնում են սահմանափակ՝ պայմանավորված գլոբալ անկայունությամբ։ Միջնաժամկետում հնարավոր է որոշակի առաջընթաց, եթե միջազգային դերակատարները վերադառնան համակարգված քաղաքականության։ Երկարաժամկետում խաղաղության կայունությունը կախված կլինի ոչ միայն արտաքին գործոններից, այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության կառուցումից եւ տարածաշրջանային անվտանգության նոր մեխանիզմների ձեւավորումից։ Իսկ Ադրբեջանում տիրող մթնոլորտը՝ Հայաստանի, հայկական ամեն ինչի նկատմամբ վերաբերմունքն ու տարվող պետական քաղաքականությունը, փաստում են, որ Բաքուն ամբողջությամբ այլ հեռահար նպատակներ, ծրագրեր ունի՝ Հայաստանի հետ «խաղաղության» գործընթացներում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930