Լոս Անջելեսի Լարչմոնտ շրջանի բնակչուհին դատապարտվել է 35 ամիս ժամկետով դաշնային ազատազրկման՝ Medicare ծրագրից ավելի քան 14 միլիոն դոլար խարդախությամբ յուրացման համար։
Նա ներկայացրել էր կեղծ պահանջներ հոսպիսային խնամքի եւ ախտորոշիչ ծառայությունների դիմաց, որոնք կամ անհրաժեշտ չէին, կամ ընդհանրապես չեն մատուցվել։ 38-ամյա Սոֆյա Շակլյանը դատապարտվել է ԱՄՆ շրջանային դատավոր Ստենլի Բլյումենֆելդ կրտսերի կողմից, որը նաեւ պարտավորեցրել է նրան վճարել 14,103,043 ԱՄՆ դոլարի փոխհատուցում։ Շակլյանը 2025 թվականի նոյեմբերին ընդունել է իր մեղքը՝ առողջապահական խարդախության մեկ դրվագով։ 2019 թ. մարտից մինչեւ 2024 թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում Շակլյանն ու նրա համախոհները՝ հաճախ օգտագործելով կեղծ անուններ, ստեղծել եւ գործարկել են մի շարք կեղծ հոսպիսային եւ ախտորոշիչ ծառայություններ մատուցող ընկերություններ, որոնք գրանցված են եղել Medicare համակարգում, եւ դրանց անունից ներկայացրել են կեղծ պահանջներ։ Այս սխեման իրականացվել է նաեւ այն ընկերությունների միջոցով, որոնք պատկանել են Շակլյանին։ Այդ կազմակերպությունների թվում էին Շակլյանին պատկանող՝ Փասադենայում գործող «Chateau d’Lumina Hospice and Palliative Care» հոսպիսային ընկերությունը, ինչպես նաեւ մի շարք ախտորոշիչ կենտրոններ՝ «Saint Gorge Radiology» (Սիլմար), «Hope Diagnostics» (Նորթ Հոլիվուդ), «Direct Imaging & Diagnostics» եւ «Lab One» (երկուսն էլ՝ Հոլիվուդ), ինչպես նաեւ «Labtech» եւ «Lifescan Diagnostics» (Քլերեմոնտ)։
Շակլյանն ու նրա համախոհներն օգտագործել են Medicare ծրագրի շահառուների անձնական տվյալները եւ ստուգել նրանց իրավասությունը՝ գիտակցաբար եւ դիտավորյալ ներկայացնելով կեղծ պահանջներ այնպիսի ծառայությունների համար, որոնք շահառուները չեն ստացել, դրանց կարիքը չեն ունեցել եւ անգամ ծանոթ չեն եղել նշված կեղծ ընկերություններին։ Նպատակն էր խաբեությամբ ստիպել Medicare-ին փոխհատուցել այդ կեղծ ծառայությունները։ Օրինակ, 2022 թ. նոյեմբերին Շակլյանն ու նրա համախոհները Medicare-ին ներկայացրել են կեղծ պահանջ՝ 2,000 ԱՄՆ դոլարի չափով՝ իբր իրականացված ախտորոշիչ ծառայության համար։
Իր մեղքի ընդունման համաձայնագրում Շակլյանը հաստատել է, որ կեղծ պահանջներ ներկայացվել են այդ կեղծ կազմակերպությունների անունից՝ մասամբ իր, մասամբ էլ համախոհների կողմից՝ նշված հանցավոր սխեմայի շրջանակում։ Քանի որ նա անմիջականորեն ներգրավված է եղել հաշվառման գործընթացում եւ տեղյակ էր Medicare-ի կողմից նման պահանջների համար վճարվող գումարների չափերին, նրա գործողությունների հետեւանքով Medicare-ին պատճառվել է առնվազն 14,103,043 ԱՄՆ դոլարի վնաս։
Կարդացեք նաև
Համագործակից ամբաստանյալ Ալեքս Ալեքսանյանը (48 տարեկան, Բըրբենք), ով հայտնի է նաեւ «Սամվել» եւ «Սամո» մականուններով, 2026 թ. հունվարի 20-ին ընդունել է իր մեղքը՝ դրամական միջոցների լվացման դավադրության մեկ դրվագով։ Նրա նկատմամբ դատավճիռը կկայացվի ապրիլի 28-ին, եւ նա կարող է դատապարտվել առավելագույնը մինչեւ 20 տարվա դաշնային ազատազրկման։
Գործը քննվել է ԱՄՆ Առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության գլխավոր տեսչության գրասենյակի եւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) կողմից։ Մեղադրանքը պաշտպանում է ԱՄՆ դատախազության խոշոր խարդախությունների բաժնի դատախազ Քեւին Բ. Ռեյդին։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
02.04.2026


















































