Լրահոս
Օրվա լրահոսը

Վաստակաշատ գիտնական-մանկավարժ կնոջ դիմանկար  

Ապրիլ 02,2026 12:30 Share

Գիտնական-մանկավարժ Սեդա Բեժանյանն իր կյանքի շուրջ չորս տասնամյակը նվիրել է հայ մանկավարժական գիտության անցյալի փորձի, հայ դասական մանկավարժության ելակետային դրույթների ուսումնասիրմանը, տեղայնացրել է դրանք, գտել եւ ավելացրել է մանկավարժական գիտության նոր ուղղություններ, առաջադրել դրանց զարգացման նոր հայեցակարգեր։

Միջնակարգը՝ ոսկե մեդալով, ապա ԲՈՒՀ-ը՝ գերազանցությամբ ավարտելով՝ ապագա գիտնականը կարողանում է հաղթահարել երկրաշարժի արհավիրքների եւ իննսունականների լճացման տարիների պատճառած դժվարություններն ու անախորժությունները, աշխատել, ուսանել ու միաժամանակ ուսուցանել հայրենի քաղաքի՝ Վանաձորի տարբեր ուսումնական հաստատություններում ու կրթահամալիրներում։ Ապա, Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնում «Դասարանի ղեկավարի գործառույթները որպես ավագ դպրոցականների մոտ բարոյական արժեքների ձեւավորման միջոց» թեմայով թեզի պաշտպանությամբ ստացավ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, կարճ ժամանակ անց՝ դոցենտի կոչում։ Գիտամանկավարժական գործունեությունը շարունակեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտում եւ շուրջ երեքուկես տասնամյակ ԲՈՒՀ-ի գիտական քարտուղարն է, մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի դոցենտ։ Այնուհետեւ կին գիտնականը շարունակաբար հրապարակեց թվով 35 գիտական, մեթոդաբանական աշխատանքներ, ամենաժամանակակից գիտական, դիդակտիկական եւ բարոյագիտական պահանջների մակարդակով գրված «Դասարանի ղեկավարի գործառույթները ավագ դպրոցի սովորողի բարոյական արժեքների ձեւավորման միջոց» վերտառությամբ մենագրությունը:

Դոցենտ Սեդա Բեժանյանը մանկավարժ տեսաբան է: Նրա դիդակտիկային, նորագույն տեխնոլոգիաներին, մանկավարժական ինովացիաներին, դաստիարակության տարբեր բաղադրամասերին նվիրված աշխատություններից յուրաքանչյուրը նոր խոսք են մանկավարժության տեսական մտքի եւ պրակտիկայի մեջ: Նա բնատուր դասախոս է, տիրապետում է դասախոսական աշխատանքի բոլոր հմտություններին, մանկավարժական խոսքի բոլոր տեսակներին, պարզ ու մատչելի խոսքին, որը շարժում է ուսանողների միտքը, իմաստավորում նրանց արարքների նշանակությունը, վստահություն ներշնչում սովորողների կարողություններին, ոգեւորում հավատով ու ինքնավստահությամբ, բովանդակալից ու գրագետ խոսքով ընդլայնում ուսանողների մտահորիզոնը, սովորեցնում է նրանց բացահայտել նոր առարկաներ եւ երեւույթներ, դիպուկ եւ սուր բնութագրություններով ակտիվացնում է սովորողների եռանդն ու ստեղծագործական միտքը, վերաբերմունք դաստիարակում ուսանողների մեջ դեպի շրջապատն ու մարդիկ: Դասախոսն օժտված է հումորի զգացումով, ամենալուրջ գիտական հիմնախնդիրների լուծման պահին կարողանում է կատակել, հետաքրքիր զրույցի բռնվել, բանավիճել, դիմացինի հետ հաճելի եւ ընդունելի լեզվով երկխոսություն վարել:

Նշանակալի է նրա վաստակը կրթության համակարգի կառավարման գործում։ Նրա կարծիքով մանկավարժական գիտության մեջ առանձնահատուկ ընկալումներ են պետք. համբերատար խառնվածք եւ բնավորություն, անձի ձեւավորման ու զարգացման հաստատուն գործոնների ընկալում, դաստիարակության ներքին շարժիչ ուժերի եւ մեթոդական ուղղվածությունների տիրապետում, տարիքային, հոգեբանական եւ անհատական որոշակի առանձնահատկությունների կռահում, իմացական զգայություններ եւ ընկալումներ։

Այժմ էլ վաստակաշատ մանկավարժ կին գիտնականը շարունակում է երիտասարդական եռանդով, իր մասնագիտության հանդեպ ունեցած նվիրումով կրթել ու դաստիարակել ապագա սերունդը, երիտասարդներ, ովքեր պետք է սիրելի ուսուցչի օրինակով ապրեն, սովորեն ու արարեն։

ՀՀ վաստակավոր մանկավարժ

Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930