2024թ. մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմեց ՀՀ Վարչական դատարան՝ ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ: Երրորդ անձ էր ճանաչվել Հայաստանի գրողների միությունը: Դատախազությունը մինչ դատարան դիմելը տարածեց հաղորդագրություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության, որը նաեւ հայցի հիմքն է, Երեւան քաղաքի Բաղրամյան-3 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի թիվ 2-244-2000 թ. քաղաքացիական գործով 2000 թ. սեպտեմբերի 22-ին կայացված վճիռը՝ Հայ գրողների միության հայցը մասնակի բավարարելու եւ Բաղրամյան-3 հասցեի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքի 1999 թ. մարտի 12-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին, այն դեպքում, երբ վկայակոչած վճռից նման իրավունք չի ծագել: Բացի այդ, «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թ. հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թ. սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ ՀՀ տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է: Վկայակոչած օրենքի հիմքով՝ Երեւան քաղաքի Բաղրամյան-3 հասցեում գտնվող անշարժ գույքը 1990 թ.-ից համարվել է պետական սեփականություն եւ որեւէ իրավական հիմքով այն չի փոխանցվել 1993 թ. հուլիսի 4-ին արդարադատության նախարարության կողմից գրանցված՝ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը, հետեւաբար Երեւան քաղաքի Բաղրամյան-3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն:
Թիվ ՎԴ/2960/05/24 վարչական գործով դատավորն է Կարեն Զարիկյանը: Գրողների միության ներկայացուցիչն է փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
Նախնական անդրանիկ դատական նիստը տեղի է ունեցել 2025թ. հունվարի 22-ին: ՀՀ գլխավոր դատախազությունը հետագայում խնդրել է վերացնել դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու միջնորդության մասին» 2025 թ. փետրվարի 12-ի որոշումը: Վերաքննիչ բողոքի պատասխանում երրորդ անձ «Հայաստանի գրողների միություն» հ/կ ներկայացուցիչը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքն անհիմն է:
Վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Հայաստանի գրողների միություն»-ը նշել է, որ թիվ 2-2444 գործով 22.09.2000 թ. վճռով փաստվել է, որ Հայ գրողների միությունը գրանցվել է Մարշալ Բաղրամյան պողոտա, թիվ 3 շենք հասցեում, երկու միությունների միջեւ նշված շենքի մասին իրենց հատկացնելու վեճը ծագել է դեռեւս 1991 թ.-ից, որը մինչ օրս չի լուծվել ամբողջությամբ: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Գեւորգյանը Հայ գրողների միությանը 05.02.1991 թ. գրավոր պատասխանել է, որ Հանրապետության դատախազությունը գտնում է, որ Գրողների միության վարչության շենքը, գույքը եւ այլ պարագաները յուրաքանչյուր կողմին պետք է հատկացվի՝ ելնելով գրողների միությունների քանակական կազմի հարաբերակցությունից, ինչից ակնհայտորեն բխում է որ ՀՀ գլխավոր դատախազությունը 1991 թ.-ից սկսած տեղյակ է եղել Հայ գրողների միության եւ Հայաստանի գրողների միության՝ Մարշալ Բաղրամյան պողոտա- 3 շենք հասցեի սեփականության իրավունքի վեճի մասին: Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազության նշված դիրքորոշումից փաստվում է, որ ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության, ընդունել է այն իրողությունը, որ Գրողների միության վարչության շենքը, գույքը եւ այլ պարագաները յուրաքանչյուր կողմին պետք է հատկացվի՝ ելնելով գրողների միությունների քանակական կազմի հարաբերակցությունից եւ չի ընդունել այն փաստը, որ վիճելի անշարժ գույքը հանդիսանում է ՀՀ-ի սեփականությունը, ըստ այդմ, քրեական գործ չի հարուցվել եւ վարույթ չի նախաձեռնվել: Հետեւաբար, 1991-ից սկսած Բաղրամյան – 3 հասցեի ՀՀ գրողների միության գույքային հաշվեկշռում լինելու փաստն ընդունվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, հակառակ դեպքում քրեական գործ պետք է հարուցվեր 1990-ական թվականներին: Ավելին, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ստացված նյութերի ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ ՀՀ քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Ա. Արամյանը ՀՀ կադաստրի կոմիտեին դեռեւս 17.09.2009 թ. խնդրել է հայտնել, Բաղրամյան-3 հասցեում տեղակայված Հայաստանի գրողների միության շենքի հետնամասում գտնվող բազմահարկ կիսակառույց շենքը պատկանում է Հայաստանի գրողների միությանը, թե՝ ոչ, ինչպես նաեւ այդ շենքը ում է պատկանում: Այսինքն, ՀՀ քննչական վարչությունը դեռեւս 17.09.2009 թ.-ից տեղյակ է եղել Հայաստանի գրողների միության՝ Մարշալ Բաղրամյան պողոտա-3 հասցեում գտնվող անշարժ գույքի պատկանելության մասին, ինչի վառ ապացույցն է հանդիսանում 17.09.2009 թ. թիվ 7/6-16-09 հարցումը:
Կարդացեք նաև
Հաջորդիվ, գրողների միությունը նշել է, որ ըստ դատարան ներկայացված 14.02.2024 թ. արձանագրությանը կից փաստաթղթերի՝ ՀՀ դատախազությունն առնվազն 16.01.2024 թ. տեղյակ է եղել վիճարկվող վարչական ակտերի գոյության մասին, որի փաստի ուժով էլ դիմել է ՀՀ կադաստրի կոմիտե իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի կադաստրային գործի նյութերի տրամադրման նպատակով, մինչդեռ սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 2024թ. մարտի 19-ին:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թ. փետրվարի 14-ին քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն է կազմվել եւ այդ պահից սկսած է ՀՀ գլխավոր դատախազությունն իմացել վիճարկվող վարչական ակտերի մասին, ապա երրորդ անձն այն անհիմն է համարել՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը կարող էր վարույթ նախաձեռնել կամ քրեական գործ հարուցել մինչ այդ եւս եւ զրկված չի եղել նման ընթացակարգային կառուցակարգերից օգտվել 2001 եւ 2013 թվականներից սկսած, ինչը, սակայն, չի արել:
Լ.Բաղդասարյանը հավելել է, որ հայցվորը սույն գործով չի հիմնավորել իր շահագրգիռ անձ լինելու հանգամանքը, ավելին՝ շահագրգիռ անձ չի հանդիսանում:
Վերաքննիչ դատարանը բավարարել է բողոքը, բաց թողնված ժամկետը վերականգնել: 2025թ.սեպտեմբերի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը ՀԳՄ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:Զեկուցողն էր Ք.Մկոյանը:
Դատարանում առկա են 116 թերթ գործի նյութեր եւ կից կադաստրային նյութերի պատճենները 8 մասից բաղկացած:
Գրողների միությունը 75 տարի է գործում այդ շենքում, Ավետիք Իսահակյանն անգամ գումարներ է ներդրել այդ շենքի հիմքերը գցելու ժամանակ:Գրողերի հոնորարներն են ուղղվել նաեւ այդ նպատակով:
Երեկ տեղեկացանք, որ վարչական դատարանում հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 7-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2026


















































