Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցերից հրաժարումը ստեղծում է իրավիճակ, երբ փաստերի դաշտը դատարկվում է հայկական կողմից, և այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական կեղծ պնդումներով. «Փաստ»

Ապրիլ 02,2026 09:00 Share

Վերջին տարիներին հայ–ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ձևավորված քաղաքական դինամիկան վերածվում է ոչ միայն դասական հակամարտության շարունակության, այլ նաև խորքային անհամաչափության դրսևորման, որտեղ կողմերի վարքագիծը պայմանավորված է ոչ միայն ուժային ռեսուրսներով, այլև քաղաքական կամքով, գաղափարական հենքով և միջազգային շրջանակների հետ աշխատանքի արդյունավետությամբ։

Հայկական կողմից նկատվում է շարունակական զիջողականության և «խաղաղության օրակարգի» կարևորության բարձրացումը, որը ներկայացվում է որպես անհրաժեշտություն՝ պատերազմից խուսափելու համար։ Ավելին՝ Փաշինյանը իր իշխանության շարունակությունն ու զիջողականությունը ներկայացնում է որպես միակ տարբերակ վերահաս պատերազմից խուսափելու նպատակով։ Սակայն մյուս կողմից՝ հենց այդ մոտեցումն է, որ ստեղծում է հակառակ էֆեկտ՝ խթանելով Ադրբեջանի առավել ագրեսիվ և պահանջատիրական քաղաքականությունը, որը արդեն դուրս է գալիս ոչ միայն Արցախի հարցի շրջանակներից, այլ ուղղակիորեն ուղղվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս իրավիճակը առավել հստակ է դառնում այն հանգամանքի ֆոնին, որ հայկական պետական մակարդակում նկատվում է պատմական արդարության օրակարգի աստիճանական նահանջ, որը հատկապես կապված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման հարցերի հետ։ Երբ պետական քաղաքականությունը դադարում է համակարգված ձևով առաջ տանել նման հիմնարար հարցեր, առաջանում է վակուում, որը շատ արագ լցվում է հակառակ կողմից։ Ադրբեջանը և Թուրքիան, հենց այդ վակուումից օգտվելով, ակտիվացնում են իրենց քարոզչական և դիվանագիտական գործիքակազմը՝ փորձելով ոչ միայն նսեմացնել հայկական պատմական պահանջները, այլև ձևավորել հակադարձ նարատիվներ, որոնք իրենց էությամբ կեղծարարական են, սակայն միջազգային տեղեկատվական դաշտում կարող են որոշակի ազդեցություն ունենալ։

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները «ադրբեջանցիների ցեղասպանության» վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայի պաշտոնական շրջանակների աջակցությունը այդ թեզերին, վկայում են, որ գործ ունենք համակարգված և բազմաշերտ տեղեկատվական ռազմավարության հետ։ Այս ռազմավարության նպատակն է ստեղծել կեղծ համարժեքություն՝ Հայոց ցեղասպանության պատմական իրողության և ադրբեջանական կողմից ներկայացվող կեղծ պնդումների միջև, ինչը ոչ միայն խաթարում է պատմական ճշմարտության ընկալումը, այլև թույլ է տալիս Բաքվին ձևավորել նոր քաղաքական պահանջներ՝ հիմնվելով այդ կեղծ նարատիվների վրա։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի ակտիվ առաջմղումը և Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հարցի բարձրացումը պետք է դիտարկել ոչ թե հումանիտար կամ իրավական դիսկուրսի շրջանակներում, այլ որպես հստակ քաղաքական և ռազմավարական գործիք։ Սա ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնելուն և ապագա հնարավոր պահանջների լեգիտիմացմանը։ Երբ նման օրակարգերը շրջանառվում են պետական մակարդակով և չեն ստանում համարժեք հակադարձում, դրանք աստիճանաբար կարող են վերածվել միջազգային քննարկման առարկայի, ինչն արդեն ինքնին վտանգավոր է։

Այս համատեքստում կարևոր է նաև այն հանգամանքը, որ հայկական կողմը հրաժարվեց միջազգային դատական ատյաններում ներկայացված մի շարք հայցերից, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և ցեղասպանական բնույթի հանցագործություններին։ Այդ հայցերը ոչ միայն իրավական գործիք էին, այլ նաև քաղաքական և դիվանագիտական լծակ, որոնք կարող էինք միջազգային հարթակներում ամրագրել աղաղակող փաստերի վրա հիմնված գնահատականներ։ Դրանցից հրաժարումը ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ փաստերի դաշտը դատարկվում է հայկական կողմից, և այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական կեղծ կամ մանիպուլյատիվ պնդումներով։ Այստեղ գործում է պարզ, բայց վտանգավոր տրամաբանություն՝ եթե դու չես ձևակերպում քո ճշմարտությունը, ավելին՝ հրաժարվում ես դրանից, ապա ուրիշը կձևակերպի իր կեղծիքը։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930