«Պաշտոնական քարոզարշավը չի մեկնարկել, բայց դասական նախընտրական փուլում ենք։ Կարող ենք արձանագրել, որ հիմնական հայտ ներկայացրած քաղաքական ուժերը՝ լինեն դրանք իշխանությունը, իշխանամերձ շրջանակները, թե ընդդիմությունը, ակտիվ գործողությունների մեջ են՝ հանդիպումներ կողմնակիցների հետ, քննարկումներ, մինի համաժողովներ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Կան բողոքի պասիվ և ակտիվ տարբերակներ։ Ակտիվ տարբերակն առաջին հերթին այն է, որ օգտվես ինստիտուցիոնալ մեխանիզմներից՝ ազդելու համար իշխանության ձևավորման մեխանիզմի վրա։ Աշխարհում այլ պրոցեսներ, գլոբալ առումով, բացի ընտրություններին մասնակցելը, չկան։ Կրկին շեշտեմ՝ 2018 թվականը հեղափոխություն չէր, մարդիկ ուղղակի «մասովկա» էին։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բողոքը կվերածվի՞ ընտրատեղամաս գնալուն։ Այստեղ ամեն ինչ մեծապես կախված է ընդդիմությունից, ընդդիմադիր քաղաքական էլիտայից։ Այն քաղաքական գործիչը կամ թիմը, որը կհայտարարի՝ ընտրություններն այն գլխից կեղծված են, կամ՝ իմաստ չկա մասնակցել ընտրություններին, իմացեք՝ նա Նիկոլ Փաշինյանի հետ նույն քաղաքական թիմում է։ Ինչ փաթեթավորում էլ ուզում է տա իր ասածին, այդ մարդը քաղաքականապես Նիկոլ Փաշինյանի թիմում է։ Քանի որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը տարբեր են, իրենց լսող զանգվածն էլ է տարբեր, հիմա իսկապես ունենք հնարավորություն «մտնել» այնպիսի մարդկանց տներ, որոնք այլ հավասար պայմաններում դուրս չէին գա փողոց, որովհետև իրենց համար նախընտրելի թեկնածու չէին գտնի։ Հիմա այդ ամենը մի փոքր շտկված է։ Վերջնարդյունքն ինչպիսի կլինի, ցույց կտա ժամանակը։ Ինձ համար նաև անընդունելի է, որ ընդդիմության ներկայացուցիչները բարկանում են ոմանց վրա, ովքեր ասում են՝ ՔՊ-ն ընդդիմություն է լինելու, զգալի քվեներ է ունենալու։ Սա այն իրողությունն է, որը մենք ունենք։ Չգիտեմ՝ ՔՊ-ն ընդդիմությո՞ւն է լինելու, թե՞ ոչ, բայց ՔՊ-ն զգալի ձայներ է ստանալու։ Երբ դուրս գանք ինքնախաբեության տիրույթից, ինձ թվում է՝ շատ բաներ ավելի հեշտ կլինեն։ Ռոբերտ Քոչարյանը կարգախոս ունի՝ աշխատենք միասին։ Հիմա ընդդիմությունն այս առումով այդ կարգախոսից սովորելու բան ունի։ Աշխատեք միասին, ամեն մեկդ ձեր էլեկտորատին մոբիլիզացրեք, վերջում տեսնենք, թե ինչ է լինում»,-նշում է քաղաքագետը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ Փաստ թերթի այսօրվա համարում։


















































