Ալեքսեյ Օվերչուկը` Հայաստանի հետ հարաբերություններում ռուսական բիզնեսի զգուշավորության մասին
Ռուսական բիզնեսները զգուշավոր են Հայաստանի հետ բիզնես վարելու հարցում՝ հանրապետության՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների պատճառով։ Դրա մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ես բազմիցս մեր հայ գործընկերներին ասել եմ, որ մեր բիզնեսները շատ զգուշավոր են Հայաստանի հետ բիզնես վարելու հարցում՝ Եվրամիությանը անդամակցելու այս խոսակցությունների պատճառով։ Իսկապես մենք ամփոփել ենք 2025 թվականի արդյունքները, մեր եկամուտը 12 միլիարդ դոլարից նվազել է մինչև 6,4 միլիարդ դոլար։ Այսպիսով, հենց միայն նրանց խոսակցությունները, ովքեր Հայաստանում խոսում են Եվրամիության մասին, հանգեցրել են նրան, որ Հայաստանն ու Ռուսաստանը միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար»,- նշել է նա։
Փաշինյանն ասաց, որ Հայաստանում ռուսական բիզնեսի համար սպառնալիքներ չկան, բայց փաստերն այլ բան են ասում
Կարդացեք նաև
«Անցյալ ամռանը մենք ՀՀ վարչապետին ուղղակիորեն հարցրեցինք Հայաստանում ռուս ներդրողների հեռանկարների մասին: Մեր ուղիղ հարցին ուղիղ պատասխան տրվեց. Հայաստանում ռուսական բիզնեսը սպառնալիքի տակ չէ: Փաստերը, սակայն, այլ բան են ասում: Մենք տեսնում ենք, որ մեզ մի բան են ասում, մինչդեռ իրականում տեղի է ունենում բոլորովին այլ բան: Նախ, խախտվեցին էլեկտրաէներգիայի ձեռքբերման և մանրածախ առևտրի ոլորտում շահագրգիռ ռուս գործարարի սեփականության իրավունքները, իսկ հիմա ռուսական պետական ընկերությանն առաջարկվել է վաճառել կոնցեսիան»,- ասել է նա:
Հայաստանը Մոսկվայի հետ ՌԴ երկաթուղային կոնցեսիայի վաճառքի վերաբերյալ չի բանակցել
Ռուսական կողմը ՌԴ երկաթուղային կոնցեսիայի՝ Հայաստանին հնարավոր փոխանցման մասին պատմությունն իմացել է այլ երկրների գործընկերներից. Մոսկվայի հետ ոչ ոք նման հարց չի քննարկել: «Вести»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Դա շատ հետաքրքիր պատմություն է, քանի որ ոչ ոք Ռուսաստանի Դաշնության հետ կոնցեսիայի փոխանցման հարցը չի քննարկում: Համենայն դեպս, մինչև այսօր ոչ ոք չի քննարկել: Եվ մենք այս մասին գիտենք միայն այլ երկրների մեր գործընկերներից: Արաբական Միացյալ Էմիրություններից մարդիկ կապ են հաստատում մեզ հետ, իսկ Ղազախստանից մարդիկ խոսում են մեզ հետ այդ մասին, բայց ոչ ոք մեզ հետ չի խոսում մեր կոնցեսիայի մասին: Դա շատ հետաքրքիր է»,- նշել է նա։
Փետրվարի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին պատմել է, որ Երևանն առաջարկել է վաճառել հանրապետության երկաթուղու իր կոնցեսիան մի պետության, որը բարեկամաբար է վերաբերվում և՛ Մոսկվային, և՛ Երևանին: Այլընտրանքների շարքում նա նշել է Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը: Փաշինյանը պնդել է նաև, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ոչինչ չունի, սակայն ռուսական կոնցեսիան հանրապետության համար «որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում»։
2008 թվականի փետրվարի 13-ին Երևանում «Ռուսական երկաթուղիներ»-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվեց կոնցեսիոն պայմանագիր, որով երկրի երկաթուղային համակարգը փոխանցվեց «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կառավարմանը։ Ըստ պայմանագրի՝ կոնցեսիայի ժամկետը 30 տարի է՝ շահագործման առաջին 20 տարիներից հետո այն ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով՝ երկու կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
ՀՀ-ն կրճատել է ՌԴ-ի հետ տրանսպորտային ապաշրջափակման հարցում համագործակցությունը և բախվում է սպառնալիքների
«2023 թվականի ամռանը մենք Ադրբեջանի հետ համաձայնության եկանք ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության վերաբերյալ հիմնարար համաձայնագրի շուրջ, որը պնդում էր Հայաստանի ղեկավարությունը, բայց դա անելուց հետո հայերը դադարեցրին մեզ հետ շփումը ապաշրջափակման գործընթացի հարցով»,- նշել է նա:
«Հետագայում մենք նմանատիպ ձևակերպումներ կարդացինք Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթում: Եվ ինչի՞ հանգեցրեց սա: Իրականում, մեր երկրի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշման պատճառով, Հայաստանը բախվեց նոր, շատ լուրջ սպառնալիքների, որոնց նախկինում չէր բախվել»:
Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր հարաբերությունները նրա հետ
Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները։
Նա խոստովանել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում, «հայ ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և հավաստիացնում են ԵԱՏՄ-ին իրենց հավատարմությունը»։
«Մեր կողմից քննարկումներն անկեղծ են և միշտ հարգալից,- հավելել է փոխվարչապետը։ -Միևնույն ժամանակ, համեմատելով խոսքերը գործողությունների հետ, կարելի է եզրակացնել, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները այդ երկրի հետ»։
Արևմտյան երկրները «պրոֆեսիոնալ ձևով գայթակղում» են Հայաստանին
«Ի տարբերություն Արևմուտքի, որը Հայաստանին կոչ է անում կրճատել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում այլ երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը։ Արտահանման շուկաների ընդլայնման նրանց ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա։ Հաջողության կհասնեն, թե ոչ, իրենք կտեսնեն»,- նշել է նա։
«Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, բայց առայժմ մենք պարզապես հետևում ենք, թե ինչպես են նրանք մասնագիտականորեն գայթակղվում։ Պետք է խոստովանենք, որ առայժմ դա աշխատում է»,- ընդգծել է Օվերչուկը։ Ըստ նրա՝ հակառակ դեպքում «չէին ընդունվի որոշումներ, որոնք կարող են տպավորիչ թվալ, կարող են կարճաժամկետ օգուտներ բերել, բայց կտրված են իրականությունից և երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ նյութական վնաս կպատճառեն այս երկրին»։
«Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի հետ մեր սերտ հարաբերությունները` չենք կարող բացահայտ չխոսել սրա մասին»,- հավելել է փոխվարչապետը։
ԱՄՆ-ին անհրաժեշտ է միջանցք Հայաստանով՝ Իրանը վերահսկելու համար
«Վաշինգտոնի համար «Թրամփի ուղին» միջազգային տրանսպորտային միջանցք է, որն ապահովում է կարևորագույն հանքանյութերի արտահանումը Կենտրոնական Ասիայից ԱՄՆ, ինչպես նաև Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը»,- նշել է Օվերչուկը։
«Այս երթուղու հետ կապված են բազմաթիվ շահեր։ Բոլորը նույնիսկ այն տարբեր անուններով են անվանում,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը,- Բաքվի տեսանկյունից «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է երկրի երկու մասերի միջև կապը վերականգնելու, Թուրքիայի հետ ուղիղ կապ բացելու և Ադրբեջանը որպես եվրասիական տրանսպորտային և լոգիստիկ խաչմերուկ զարգացնելու համար»։
Ռուսաստանը չի կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շուրջ զարգացումները
«Մենք չենք կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման և երկրում ատոմային էներգիայի ապագայի շուրջ տեղի ունեցողը»,- ասել է Օվերչուկը:
«Էլեկտրաէներգետիկ ընկերության բռնագրավման պատճառների մասին մեր հարցրին ի պատասխան մեզ ասացին, որ Հայաստանում մարդիկ դժգոհ են ծառայության ցածր մակարդակից։ Արդյոք դա ճիշտ է, թե ոչ, Հայաստանի ներքին գործն է»,- նշել է փոխվարչապետը։ Նա նաև նշել է. «Անկախ այս իրադարձությունների նախապատմությունից և ով էլ լինի ռուս ներդրողը, սեփականության իրավունքը գերակա է. դա ընկած է ցանկացած հարաբերության հիմքում։ Պետության կողմից մասնավոր սեփականության բռնագրավումը Հայաստանն ավելի գրավիչ չի դարձնում օտարերկրյա ներդրողների համար»։
Նրա կարծիքով՝ «անկախ ազգությունից, ներդրողները հիմա կհասկանան, որ եթե դա մի անգամ պատահել է իրենցից մեկին, երաշխիք չկա, որ չի պատահի մյուսներին»։ Օվերչուկը հավելել է, թե «փաստը, որ ընկերությունն ինքնին ռուսական չէր, միայն ամրապնդում է ներդրողների մտահոգությունները»։
«Հետևաբար, նրանք երկրի ներդրումային ռիսկերը կգնահատեն որպես ավելի բարձր, Հայաստանում ակտիվների արժեքը կլինի ավելի ցածր, քան կարող էր լինել, իսկմ գործարարների՝ հնարավորինս կարճ ժամկետում շահույթը մեծացնելու ցանկությունն ավելի մեծ կլինի։ Սա շուկայական տնտեսության տրամաբանությունն է»,- պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։
«Ի վերջո, սրանք հայ ձեռնարկատերերի և սպառողների ներքին խնդիրներն են»,- եզրափակել է Օվերչուկը։
Թարգմանությունը՝ News.am-ի


















































