Պահպանելով արդեն դարձած ավանդույթը՝ ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օրերս կայացավ հրաշալի համերգ «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհաշատ ուսանողների մասնակցությամբ:
Ծրագրում ներառված էին 19-20-րդ դարերի ֆրանսիական կոմպոզիտորական արվեստի մեծանուն ներկայացուցիչներ Պուլենկի, Միյոյի, Դեբյուսիի, Սեն-Սանսի, Մասնեի, Դելիբի և Ռավելի ստեղծագործությունները:
Համերգի սկիզբն ազդարարեց «Հովեր»-ը (կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան): Վաստակաշատ երգչախումբն, ունկնդրի ակնկալիքներն արդարացնելով, ներկայացավ գեղարվեստական բարձր ճաշակով և վարպետությամբ՝ հանդիսականին ընձեռելով երգչախմբի անզուգական հնչողությունը վայելելու հնարավորությունը: Ինչպես միշտ, «Հովերի» երկացանկը հիացրեց հազվադեպ հնչող ստեղծագործությունների նրբաճաշակ ընտրությամբ և անբասիր կատարողական հնչողությամբ։
Հաջորդիվ, բեմը տրամադրվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարբեր ամբիոնների ուսանողներին: Տաղանդաշատ երիտասարդներն ի ցույց դրեցին իրենց ձիրքը եւ ունակությունները, իրենց և մասնագիտական դասարանների ղեկավարների համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքը: Նրանք ջանք ու եռանդ չխնայեցին արժանապատվորեն ներկայացնել կոնսերվատորիայի անունը:
Կարդացեք նաև

Aravot.am-ի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանն էլ նշեց, թե բեմ բարձրացած ուսանող-երաժիշտների թիվը կարող էր բազմապատկվել, հետո ասաց. «Արդեն ավանդույթ է դարձել կոնսերվատորիայի մասնակցությունը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին։ Տարեցտարի բազմապատկվում են եվրոպական մշակույթի խորհորդը կրող հանդիսությունները: Այս տարի կոնսերվատորիայի բոլոր ֆակուլտետները, բոլոր ամբիոններն արձագանքեցին Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի անցկացման մարտահրավերներին»:
Զրույցին ներկա, տիկին Մովսիսյանի ուսանողուհին՝ Սուսաննա Մարջանյանը, սահուն շարունակելով իր դասախոսի խոսքը, հայտնեց, որ արդեն իսկ անցկացվել են դաշնամուրային ֆակուլտետի երկու ներկայանալի ամբիոնների՝ մասնագիտական դաշնամուրի և կոնցերտմայստերական վարպետության երկու ծավալուն համերգները կոնսերվատորիայի դահլիճում։ Առջևում նվագախմբային, վոկալ տեսական ֆակուլտետների ամբիոնների ելույթներն են: Ռեկտորի պաշտոնակատարը հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ սպասում ենք ջազ-փոփ երաժշտության ամբիոնի յուրահատուկ համերգային նվիրումին: Իսկ այս համերգն իր բազմազան ներկայացվածությամբ կոնսերվատորիայի ֆրանկոֆոն համերգաշարի ամփոփումն է:
Մենք էլ հավելենք, որ երեկոն ընթացավ ջերմ, ավելին՝ տոնական մթնոլորտում: Ուսանողներն իսկապես հիացրին հանդիսատեսին իրենց ոգևորվածությամբ, մասնագիտական հմտություններով, նուրբ երաժշտականությամբ ու բարդագույն տեխնիկայով:
Երեկոյի ավարտին դասախոսներն ու հանդիսատեսը նշում էին, որ համերգն իրադարձություն էր ոչ միայն արվեստը գնահատող և ընկալող մարդկանց, այլև հենց ուսանողների համար, ովքեր հնարավորություն ունեցան ելույթ ունենալ Կոմիտասի անվան կամերային երաժշտության հեղինակավոր համերգասրահում՝ փորձառու և իր տեսակով եզակի «Հովեր» կամերային երգչախմբի հետ:
Հուսանք, որ այս ավանդույթը շարունակական կլինի և կնպաստի երաժշտության ամենակարող զորությամբ մեր իրականությունն ավելի մշակութային, ավելի նրբակիրթ և հուզական դարձնելուն։
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ դրվագներ Կամերային երաժշտության տանը կայացած համերգից
























































