«18 տարեկան երեխային կալանավորել են, զրկել են Վերջին զանգի հնարավորությունից և հրապարակավ հրճվում են։ Սա նույնպես կախված է մեր եկեղեցու և դավանանքի ազատության հետ։ Պետական պաշտոնյաներով են հրճվում»,-«Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի՝ երկու ամսով կալանավորմանը։
Նա հորդորեց ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այդտեղ քաղաքացիները գտնվում էին իրենց հոգևոր պահանջմունքները բավարարելու նպատակով ու ասաց․ «Ի՞նչ նպատակով էին Նիկոլ Փաշինյանը ու նրան ուղեկցող մարդիկ։ Ըստ քննչական մարմնի՝ քաղաքական գործունեություն էր իրականացնում։ Սա ինքնին նշանակում է, որ Քննչականը միջամտություն է իրականացնում այն քաղաքացիների դեմ, որոնք այդտեղ կրոնական նպատակներով էին։ Հոդվածը, որ կիրառվել է Դավիթի և մյուսների նկատմամբ, քաղաքական գործունեությանը միջամտելն է։ Արդեն իսկ սա նշանակում է՝ հարգանքի բացակայություն կրոնական տարածքների նկատմամբ»։
Ռուբեն Մելիքյանը ցավով նշեց՝ մենք փաստորեն ունենք իրավիճակ, երբ գնահատականի չի արժանանում, թե ինչպես է այս միջադեպն առաջացել․ «Այն առաջացել է նրանից, որ անվտանգության աշխատակիցների հետ եղել է որոշակի անհամաձայնություն։ Քաղաքացին նրանց խնդրանքը չի ուզել բավարարել, չեմ գնահատում՝ ինչու։ Պետությունը չի կարող ստիպել, երբ քաղաքացին իր անդորրն է վայելում, իր պատարագն է վայելում, երբ Ավետարան է ընթերցվում, չի կարող ասել՝ աջ կամ ձախ։ Եղել է որոշակի անհամաձայնություն անվտանգության աշխատակիցների հետ։ Առաջինը հրել են անվտանգության աշխատակիցները։ Ո՞վ է ասում, որ այդ ձեռքի շարժումն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե անվտանգության աշխատակիցներին»։
Կարդացեք նաև
Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































