ՀՀԿ անդամներն Ապրիլյան քառօրյայի 10-րդ տարելիցի առիթով այցելեցին Եռաբլուր՝ առաջինը ծաղիկներ դնելով Արցախի կանչը հուշակոթողի մոտ: «Հայկական կողմն ակնհայտորեն թշնամու համար անակնկալներ էր նախապատրաստել հնարավոր բոլոր ուղղություններով, ինչն Ադրբեջանին հնարավորություն չտվեց նախապես հայտարարված եւ ծրագրված պլանն իրագործել: Ադրբեջանում ոչ միայն հարվածի ուղղություններն էին պլանավորել, այլեւ այն, թե հաջողության դեպքում որտեղ պետք է զորահանդես անցկացնեն, որ միավորումները պետք է մասնակցեն եւ այլն: Դրանք հետագայում հետախուզական տարբեր տվյալներով հայտնի դարձան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Ապրիլյան քառօրյա պատերազմի հաջող հանգուցալուծման մասին:
«Պաշտպանության բանակը, նրանց միացած կամավորներն ամեն ինչ արեցին, որպեսզի Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ պատերազմի միջոցով հարցի հանգուցալուծումը տապալվի: Այսօր Հանրապետականը եկել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր բոլոր այն հայորդիներին, որոնք այդ պատերազմի ընթացքում իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար: Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել նաեւ այն մարդկանց, որոնք այս պատերազմում չնահատակվեցին, բայց հետագայում եւս որպես կամավորներ, որպես սպաներ եւ զինծառայողներ մասնակցեցին հայրենիքի պաշտպանության գործին»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանի խոսքով՝ ժամանակը ցույց տվեց, որ երբ կա պետություն, պետական կառավարման համակարգ, զինված ուժերն ունեն ոչ միայն կամք, այլեւ նվիրվածություն, պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ՝ իրենց մարտական խնդիրները լուծելու, հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը պատշաճ ձեւով կատարելու համար, պատկերն այլ է լինում. «Սակայն, երբ զինված ուժերը, բանակը, հայրենիքի պաշտպանները թիկունքում չեն զգում պետության ներկայությունը, ինչպես դա արտահայտվեց 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ագրեսիաների պարագայում, բնականաբար, այդտեղ հաջողության հասնելու հնարավորություն չկա»:
Կարդացեք նաև
Տեսանյութն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































