«Իրանն այսօր». «Այսօր կարող եմ ասել, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ շուտով իրականացնելու Ամերիկայի բոլոր ռազմական նպատակները [Իրանում] ․․․ Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածներ ենք հասցնելու հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց հետ ենք շպրտելու քարի դար, որտեղ նրանց տեղն է»,- ասել է Դոնալդ Թրամփն իր երեկոյան ուղերձում (Երևանի ժամանակով՝ 5:00)։
📍Նա հայտարարել է Իրանի պատերազմի մոտալուտ դադարեցման մասին։ Ասում է՝ իրենց հիմնական նպատակին արդեն գրեթե հասել են, և ինքը զոհվածների հարազատներին խոստացել է շուտով ավարտել գործողությունը։
📍Թրամփը խոստացել է հարվածել Իրանի էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին, եթե առաջիկա օրերին Իրանը համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ (այս ուղերձում որևէ բան չի ասել բանակցությունների մասին)։
📍Հորմուզի նեղուցի փակ լինելուց տուժող պետություններին էլ Թրամփը կոչ է արել գնալ ու բացել նեղուցը, քանի որ նրանք ԱՄՆ-ին չեն աջակցել, իսկ ԱՄՆ-ին նեղուցի փակ լինելը չի խանգարում։
Կարդացեք նաև
📌Մի քանի թեզ ԱՄՆ նախագահի ուղերձից (ոչ բառացի)։ Մի մասը նախկինում ասածի կրկնություն է։
- «Մենք ոչնչացրել ենք Իրանի նավատորմը, ղեկավարությանը, և խիստ կրճատել ենք հրթիռային արձակման կայանները, զենքի արտադրության հնարավորությունները։
- Եթե ես ժամանակին չսպանեի Ղասեմ Սոլեյմանիին, մենք հնարավոր է պատերազմի այլ վիճակում լինեինք հիմա։ Եվ եթե վերջ չտայի միջուկային գործարքին, Իրանը կհասներ միջուկային զենք ունենալուն։
- Իրանը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի՝ Իսրայելի վրա հարձակմանը։
- Իրանի իշխանությունները հունվարի ցույցերին 45 հազար ցուցարար են սպանել (այս թիվը գնալով մեծացնում են, նախկինում 20 հազար, հետո՝ 30 հազար էին ասում)։
- Իրանի իշխանությունները փորձում էին միջուկային զենք ստանալ։ Հունիսին մենք թիրախավորեցինք նրանց միջուկային օբյեկտները։ Բայց նրանք այլ տեղերում վերսկսեցին միջուկային զենքի պատրաստման աշխատանքները։
- Իրանի իշխանությունները արագորեն մեծացնում էին իրենց հրթիռային սպառազինությունը, և շուտով կարողանալու էին թիրախավորել ԱՄՆ տարածքը (չափազանցնում է, Իրանի ամենահեռահար հրթիռները 4000 կմ հեռահարություն ունեն)։
- Մեր նպատակները հստակ էին՝ ոչնչացնել Իրանի կարողությունը իր տարածքից դուրս ռազմական գործողություններ ձեռնարկելու և միջուկային զենք ունենալու հարցում, և այդ նպատակին արդեն գրեթե հասել ենք։
- Այն պետությունները, որոնք Հորմուզի նեղուցի միջոցով են նավթ ստանում, պետք է ստանձնեն առաջնորդությունը և բացեն Հորմուզի նեղուցը։ Դրանք այն երկրներն են, որոնք որոշեցին չմասնակցել Իրանի գլխատման գործողությանը, և մենք դա արեցինք միայնակ։
- Երբ հակամարտությունը ավարտվի, Հորմուզի նեղուցն ինքնաբերաբար կբացվի։ Եվ այդ պետությունները պետք է գնան ու վերցնեն, պաշտպանեն այդ նեղուցը։ Մենք արել ենք ամենադժվարը, և իրենք կարող են վերականգնել նավթի հոսքը։
10․ Քիչ է մնացել մեր ռազմական նպատակներին հասնելուն։ Եվս 2-3 շաբաթ հարվածներ կհասցնենք։
- Մենք երբեք չենք ասել, որ ռեժիմի փոփոխությունը մեր նպատակն է։ Բայց ռեժիմը փոխվել է, որովհետև նախկին ռեժիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները սպանված են։ Նոր ղեկավարությունն ավելի քիչ ռադիկալ է։
- Եթե մոտ ժամանակներս պայմանավորվածության չհասանք, մենք խփելու ենք Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ու նավթի ենթակառուցվածքներին։ Նրանց նավթի ենթակառուցվածքը ամենահեշտ թիրախներից է, բայց մենք դրան չենք խփել, որ Իրանին չզրկենք վերականգնվելու հնարավորությունից։
- Իրանի ՀՕՊ կարողությունները և ռադարները ոչնչացված են։ Իրանի միջուկային կարողություններին այնպիսի հարվածներ ենք հասցրել, որ ամիսներ կպահանջվի վերականգնման համար։ Եվ մենք մեր արբանյակներով հետևելու ենք դրան։
- 32 օրում մենք ոչնչացրինք Իրանի ռազմական կարողությունը, և այն այլևս չի կարող սպառնալ ԱՄՆ-ին և աշխարհին։ (Համեմատում էր ԱՄՆ-ի՝ նախկինում ունեցած երկարատև պատերազմների հետ)։


















































