«Անգամ դատարանի ֆիքսած իրավական հիմնավորումները բերում են այն բանին, որ ՀԷՑ-ը խլելու գործընթացն ամբողջովին քաղաքական է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
Փաստաբան Արամ Օրբելյանը եւ ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը ներկայացրեցին Վարչական դատարանի 200 էջանոց որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու մասին։
Խոսելով Վարչական դատարանում կայացած քննության մասին, Դավիթ Ղազինյանը նույնպես հայտարարեց՝ խախտումները, որոնք կատարվել էին ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, վերագրվում էին իրենց․ «Հանձնաժողովի ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում։ Օրինակ, բերել էին ապրիլ-մայիս ամսվա մեր կատարած աշխատանքների արդյունքները, ասում են՝ բայց դա նախկինների ժամանակ է եղել, պատասխանում են՝ մենք գտել ենք, պատժել ենք, ասում են՝ կապ չունի՝ երբ է եղել, եղել է։ Բացի այդ, իմ ինֆորմացիայով ժամանակավոր կառավարչի օրոք նոր միացման մոտավորապես 1500 ուշացած գործ կա, դրա մասին ոչ մեկ չի խոսում»։
Դատարանում ՀԷՑ սեփականատիրոջ ներկայացուցիչները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հարցրել են՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի ութամսյա գործունեության ընթացքում մոնիտորինգ, ուսումնասիրություն իրականացվե՞լ է, վարույթներ հարուցվե՞լ են։ Պարզվել է՝ ոչ։
Կարդացեք նաև
«Այն քարտ բլանշը, որը տրվել է ժամանակավոր կառավարչին, ընդամենը նպատակ ունի վախեցնել, ճնշել Սամվել Կարապետյանին, ինչպես նաեւ ՀԷՑ-ն օգտագործել որպես ընտրական ռեսուրս»,-ասաց Դավիթ Ղազինյանը։
Դավիթ Ղազինյանը հայտարարեց՝ 70 եւ ավելի միլիարդ շահույթ ունենալու դեպքում՝ Սամվել Կարապետյանը չի վերցրել այն, քանի որ ՀԷՑ-ում ներդրումների համար էր նախատեսված այդ գումարը․ «Դատարանը ֆիքսեց, որ այդ համակարգը չի ջնջվել, դիտավորությունը բացառվել է, եւ չի էլ ուսումնասիրվել՝ համակարգը կա՞, վերականգնելի՞ է։ Դատարանն ասաց նաեւ, որ հայտարարությունը, թե ՀԷՑ սեփականատերը մտել է 3 միլիոն մարդու գրպանը, սուտ է։ Այդ մարդիկ պատրա՞ստ են տղամարդավարի ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Իրենց ներողություն խնդրելով՝ ժողովուրդը կհասկանա, թե ինչ է կատարվել։ Փոքրիկ խմբակի կողմից ՀԷՑ-ի գործը համարում եմ պարտված»։
Մանրամասները՝ տեսանյութում
Բանախոսները հայտարարեցին, որ Վարչական դատարանի որոշումն իրենք բողոքարկելու են։ Դավիթ Ղազինյանը նաեւ հավելեց՝ «Ուժեղ Հայաստանի» իշխանության գալու պարագայում, այս գործը քաղաքական ենթատեքստով չի վերանայվելու, միայն օբյեկտիվ քննություն է իրականացվելու։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































