«Մեր ամենադառը երևակայության մեջ, մեր ամենավատ երազներում չէինք կարող պատկերացնել, որ հայ առաքելական եկեղեցին կարող էր կանգնել այսպիսի թրքաբարո արշավանքի առջև, և մենք այս ամբիոնից բարձրաձայնեինք սահմանադրության պաշտպանության անհրաժեշտության մասին։ Սա աբսուրդի, նույնքան ազգային ողբերգության ժանրից է»,- «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվող «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակը խոսում է երկրում տիրող տոտալիտար համակարգի մասին։
Լիլիթ Գալստյանն ահազանգեց՝ Հայաստանի ներկայիս ներազգային օրակարգերը վաղուց թելադրված են Բաքվի ու Անկարայի կողմից․ «Հենց այդ համատեքստում պետք է դիտել այս արշավանքն այն ամենի նկատմամբ, ինչն ազգային է։ Սա հարված է մեր պետականությանը և մեր ժողովրդին։ Պատահաբար չի ընտրվել հայ առաքելական եկեղեցին, քանի որ այն այսօր ամենատոկուն, ամենաբարձր և անսասան վարկանիշ ունեցող ազգային ինստիտուտն է։ Ես չեմ տեսնում այլ ճանապարհ, քան այս իշխանության մերժումը։ Նրանց ութամյա և այժմ շարունակվող ձեռագիրը, արժեհամակարգը, ուրախ ավտոբուսը՝ սև պատուհաններով, որը թույլ չի տալիս իրականությունը տեսնել, այլ բան չեն հուշում։ Չկա այլ ճանապարհ, քան մերժել այս իշխանություններին և երկրում վերականգնել սահմանադրական կարգը, բարոյականությունը և ազգային արժանապատվությունը»։
Կարդացեք նաև
Լսումներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































