Լրահոս
Օրվա լրահոսը

10 տարի առաջ, երբ Սամվել Կարապետյանը ձեռք բերեց ՀԷՑ-ը, ընկերությունը «երեք ամսվա կյանք է ունեցել», երկու փոխվարչապետերը դա գիտեն․ Դավիթ Ղազինյան

Ապրիլ 02,2026 17:20 Share

ՀՀ-ում մոտ տաս հազար ենթակայան կա, ու չեք գտնի հայտարարություն, երբ «Տաշիր կապիտալ ինվեստ» ընկերությունն ասել է, թե բոլորը վերազինել է․ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Նա պնդեց՝ 2025-ի վերջին եռամսյակում անջատումները շատացել են, 2024-ի վերջին եռամսյակի հետ համեմատությամբ եւ առաջարկեց եռակողմ հանձնաժողով ստեղծել, որտեղ ընդգրկված կլինեն ՀԾԿՀ ներկայացուցիչները, ՀԷՑ նախկին եւ ներկայիս կառավարիչները եւ ստուգեն այդ ու էլի այլ հանգամանքներ։

Փաստաբան Արամ Օրբելյանը եւ ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը ներկայացրեցին Վարչական դատարանի 200 էջանոց որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու մասին։

Արամ Օրբելյանն էլ հավելեց՝ իր որոշման 9-րդ կետով Վարչական դատարանն արձանագրել է՝ եթե անգամ ընդունենք, որ կան որոշակի խախտումներ, պետք է գնահատել դրանց ծանրությունը եւ համադրել կիրառված մեթոդին։ Խոսքն այն մասին է, որ ժամանակավոր կառավարիչը տեսչական մարմնին հանձնարարել էր ՀԷՑ 10 հազար ենթակայաններից ամենավատ 25-ում ստուգումներ իրականացնել։ Ստուգման ժամանակ խախտումներ են հայտնաբերվել․ օրինակ, որ կրակմարիչ չկա, որը ներդրումային ծրագրի հետ կապ չունի, ընդամենը հետեւողական լինելու հարց է։ Ընդհանուր առմամբ, դատարանն արձանագրել է, որ այս եւ հայտնաբերված նմանօրինակ խնդիրները չեն կարող լիցենզիայի դադարեցման հիմք հանդիսանալ, քանի որ դրանք առանձին ենթակայանների խնդիրներին են վերաբերվում։

Նա հայտարարեց՝ ՀԷՑ-ի սեփական կապիտալը 500 միլիարդ դրամը գերազանցում է։ Ընկերությունը տաս տարի առաջ էր վնասով աշխատող՝ մոտ 30 միլիոն դոլար վնասով էր աշխատում, այժմ «պլյուսով» աշխատող է․ «Ոչ ոք չի արել պնդում, որ ՀԷՑ-ն իդեալական վիճակում է, բայց մենք արել ենք պնդում, որ ՀԷՑ-ը շատ ավելի լավ վիճակում է, քան կարող էր լինել»։

Արթուր Ղազինյանն էլ հավելեց՝ 10 տարի առաջ, երբ Սամվել Կարապետյանը ձեռք բերեց ՀԷՑ-ը, ընկերությունը «երեք ամսվա կյանք է ունեցել»․ «Այս կառավարությունում էլ կան մարդիկ, ովքեր տեղյակ էին․ երկու փոխվարչապետերը՝ մեկը՝ բանկ, մեկը՝ էկոնոմիկայի նախարարություն։ Ամենաշատը երեք ամիս հետո սնանկության էր գնալու ՀԷՑ-ը, խնդրեցին՝ Սամվել Կարապետյանը վերցրեց՝ առանց որեւէ ակնկալիքի, անգամ մինուսները փակելու հեռանկարով ինքը վերցրեց ՀԷՑ-ը։ Ճիշտ մենեջմենթի, ճիշտ աշխատանքի արդյունքում, սնանկության գնացող ՀԷՑ-ը դարձել է շահութաբեր ընկերություն։ Բայց մոտ 10 միլիարդ դոլար արժե ՀԷՑ-ը հարյուր տոկոսով ոսկեջրելը։ Հանձնաժողովի կեղծությունն այստեղ է, թույլ չի տալիս մեր միջոցներով ներդրումներ անենք, եթե հիշում եք, 2025-ին հայտը մերժեց»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930