«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից մոտ 500 մարդ աշխատանքից ազատվել է՝ ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու ՀՀ կառավարության գործողությունների արդյունքում։ Մի մասն ազատվել է սեփական դիմումի համաձայն, մի մասին կառավարության նշանակած ներկայացուցիչն է հեռացրել․ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
ՀԷՑ-ից աշխատանքից ազատվածների եւ հեռացվածների հստակ տվյալները անհրաժեշտ ու կարեւոր կլինեն, եթե վնասի փոխհատուցման հարց քննարկվի։ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ աշխատանքից ապօրինի կերպով ազատված է նաեւ ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը․ «Այս պահին այդ մասով վարույթ չունենք, հետագայում, եթե ժամանակավոր կառավարչի կողմից պատճառած վնասի փոխհատուցման խնդիր առաջանա, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, դա լինելու է մեր քաղաքացիների գրպանից գնացող գումար։ Այդ ամենը փոխհատուցվելու է ոչ պատշաճ իրականացված վարչարարության հետեւանքով»։
Փաստաբան Արամ Օրբելյանը եւ ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը ներկայացրեցին Վարչական դատարանի 200 էջանոց որոշումը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու մասին։
Դատարանն, ի դեպ, հստակ ֆիքսել է, որ Դավիթ Ղազինյանի ազատումը սխալ է, բայց չի վերականգնում, քանի որ նրա եւ ժամանակավոր կառավարչի հարաբերություններում ճգնաժամ կա։
Կարդացեք նաև
«Դատարանը ֆիքսում է, որ Դավիթ Ղազինյանի ու տասնյակ այլ մարդկանց աշխատանքից ազատվելու հրամանը եղել է ոչ իրավաչափ, բայց նաև փոխհատուցում է լինելու։ Դա վերաբերում է շատ մեծ թվերի, կոնկրետ իմը շատ մեծ գումար է։ Այ դա արդեն սեփականատիրոջ միջոցներից չի լինելու։ Նրանք մի գրչով քաղաքական ամբիցիաները բավարարելու համար ազատել են ինձ»,- ասաց Դավիթ Ղազինյանը։
ՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների վճարների թանկացմանը վերաբերվող հարցին էլ Դավիթ Ղազինյանը պատասխանեց՝ ասելով, որ այն վերագրվում էր ՀԷՑ նախկին ղեկավարությանը, այն պարագայում, երբ իրենք որեւիցե գործիք չունեին դա անելու համար․ «Դա անում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հիմա որոշել են այդ վճարներն իջեցնել, դա իրենց կողմից ընտրակաշառքի մի ձեւ է, այնպես ինչպես թոշակները եւ մյուս բաները, որոնք կատարվում են»։
Դավիթ Ղազինյանը պնդեց նախկինում իր հայտնած տեսակետը՝ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է․ «Նույնիսկ վախենում են պլանային անջատումներ կատարել, քանի որ իրենց վթարների քանակը շատ է։ Իմ տեղեկություններով՝ այսօր կորուստները բավականին աճել են, իսկ կորստի աճն անմիջական կապ ունի սակագնի հետ։ Ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, որովհետև այստեղ ծուղակներ են դրված»։
Տեսանյութը՝ այստեղ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































