Երկքաղաքացին՝ Հայաստանի եւ միաժամանակ այլ երկրի քաղաքացին, գործող սահմանադրությամբ իրավունք չունի ընտրվելու ԱԺ պատգամավոր, դառնալ նախարար կամ վարչապետ: Սակայն երկքաղաքացիություն ունեցող անձն օրենքով իրավունք ունի Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ՝ որպես ընտրող մասնակցելու ընտրություններին: Փաշինյանը որեւէ հիմք չունի ընտրություններում չգրանցելու «Ուժեղ Հայաստան» դաշինքը, եթե դրա ցուցակում չլինի Սամվել Կարապետյանը, բայց բացառված չէ, որ վարչապետի գրպանային ԿԸՀ-ն եւ ՍԴ-ն գնան այդ անօրինական քայլին՝ միտումնավոր «խառնելով» վերը նշված՝ օրենքով թույլատրված եւ չթույլատրված իրավական նորմերը: Պուտինն այդքանը չգիտի՞: Բացառված է: Իսկ եթե գիտի, ինչի՞ մասին էր քննարկումը:
Ինձ թվում է, հրապարակավ երկու պետությունների ղեկավարները քննարկում էին մի բան, բայց նկատի ունեին ինչ-որ «հարակից թեմա», որի մասին խոսել են ոչ հրապարակավ: Սամվել Կարապետյանն անազատության մեջ է ոչ այն պատճառով, որ նա նաեւ ՌԴ անձնագիր ունի, ինչպես պնդում է Պուտինը, այլ՝ որովհետեւ Փաշինյանը վախենում է համեմատաբար հավասարպայմաննեվ մրցակցության մեջ մտնել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ: Պուտինն ու Փաշինյանն անցնում էին թեմայի «մոտակայքով», բայց հանդիպման բաց հատվածում դրա մասին չէին խոսում:
Նույնը՝ Արցախի հետ կապված: Նախ՝ Պուտինը փորձեց գործը ներկայացնել այնպես, իբր Հայաստանը դժգոհ է, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Արցախը: Բայց մենք դժգոհ ենք այլ բաներից. ա/ որ ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները եւ թույլ են տվել Արցախի շրջափակումը եւ հայաթափումը, բ/ ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց, երբ ադրբեջանական զորքը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք: ՌԴ նախագահը գիտի, թե ինչից ենք մենք դժգոհ, բայց թեման շեղում է:
Մյուս կողմից՝ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է ոչ թե այն պատճառով, որ դրանից առաջ Պուտինն է նույն բանն ասել, այլ՝ որովհետեւ նրան դա համոզել են անել Շարլ Միշելը, Էրդողանը եւ Ալիեւը, եւ Փաշինյանին թվում էր (գուցե հիմա էլ է այդպես թվում), որ այդպիսով նա ավելի հեշտ է պահելու իր աթոռը:
Կարդացեք նաև
Մի խոսքով, երկուստեք ասվում էր մի բան, նկատի էր առնվում բոլորովին այլ բան: Ինչպես հաճախ է պատահում ցանկացած տրամաչափի քաղաքական գործիչների մոտ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































