Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբանը՝ հիմնադրամի դեմ

Ապրիլ 03,2026 12:00 Share

Մարիամ Մելիքյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի քաղաքացիական դատարան «Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի դեմ՝ աշխատանքից ազատելու մասին հիմնադրամի տնօրենի 2024 թ. թիվ 055-Ա հրամանն անվավեր ճանաչելու, իրեն՝ Մ. Մելիքյանին «ավագ իրավաբան, արբիտրաժային գործերի կառավարիչ» պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով գումար բռնագանձելու, իսկ նախկին պաշտոնում վերականգնելու անհնարինության դեպքում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, միջին աշխատավարձի չափով հատուցում, ինչպես նաեւ աշխատանքում չվերականգնելու դիմաց միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին պահանջով։

Հայցվորը տեղեկացրել էր, որ աշխատանքի անցնելիս պատասխանող հիմնադրամի նախաձեռնությամբ սահմանվել է փորձաշրջան, որի ընթացքում ստուգվել է իր համապատասխանությունն «ավագ իրավաբան, արբիտրաժային գործերի կառավարիչ» պաշտոնին եւ փորձաշրջանի դրական արդյունքներով անցել այն։

Կողմերի միջեւ եղել են բնականոն աշխատանքային հարաբերություններ։ Մ. Մելիքյանը պատշաճ ձեւով կատարել է իր աշխատանքային պարտականությունները, 8 ամիս շարունակ հիմնական աշխատավարձից զատ ստացել է լրացուցիչ աշխատավարձ՝ պարգեւատրում, սակայն իր հանդեպ վերաբերմունքն առանց բացահայտ պատճառների եւ հիմնավորման փոխվել է։

Որոշ ժամանակ անց ստացել է «աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին» 7 էջանոց ծանուցում, իրավաբանին չի առաջարկվել իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան աշխատանք, չնայած նրան, որ Հիմնադրամում հրամանն ընդունելիս եղել են ազատ հաստիքներ (ավագ իրավաբան, հաշտարարության գործերի կառավարչի հաստիքը, կրտսեր իրավաբանի հաստիքը)։ Հիմնադրամը հարցազրույցի է հրավիրել նոր անձանց եւ աշխատանքի է ընդունել նոր աշխատակցի՝ այդ հաստիքը չառաջարկելով Մ. Մելիքյանին։ Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը բավարարել է ամբողջությամբ, հիմնադրամի տնօրենի հրամանը ճանաչել անվավեր։ Յոթ հատորանոց գործով բերված բողոքով եղել է վերաքննիչ դատարանի դատավորի՝ Լ. Սարգսյանի հատուկ կարծիքը, որը ներկայացվել է 2025 թ. հուլիսի 29-ին։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասնակի է բեկանում վճիռը, վճռի 2-րդ եւ 4-րդ կետերը փոփոխում՝ դրանք շարադրելով հետեւյալ կերպ. «Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին պարտավորեցնել Մ. Մելիքյանին վճարել հարկադիր պարապուրդի հատուցում` միջին աշխատավարձի չափով՝ 03.07.2024 թվականից մինչեւ 03.10.2024 թվականը։ «Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին պարտավորեցնել Մ. Մելիքյանին վճարել աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի միապատիկի չափով»։

2026 թ. մարտի 30-ին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն: Վերաքննիչ դատարանի որոշման՝ Հիմնադրամին պարտավորեցնել Մ. Մելիքյանին վճարել հարկադիր պարապուրդի հատուցում` միջին աշխատավարձի չափով՝ 03.07.2024 թվականից մինչեւ 03.10.2024 թվականը մասը բեկանել է եւ այդ մասով օրինական ուժ տվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թ. մարտի 3-ի վճռին: Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով թողել է օրինական ուժի մեջ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930