Օրեր առաջ՝ մարտի 12-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է որոշումը։ Լիպարիտ Սիմոնյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այս գործով Եվրոպական դատարանը փաստել է, որ դիմողի արդար դատաքննության իրավունքը խախտվել է, քանի որ՝ 1. Առկա է պաշտպանական իրավունքի խախտում, պաշտպանն առերես հարցաքննության ժամանակ մենակ էր թողել պաշտպանյալին։ 2. Քանի որ իր դեմ վկայած անձը մահացել էր եւ մեղադրյալը զրկված էր եղել իր դեմ վկայած անձին հարցաքննելու իրավունքից։ Մահացած անձի ցուցմունքը միակն ու վճռորոշն էր։
Եվրոպական դատարանը Աշոտ Առուշանյանի գործով կայացված վճռով գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ 3-րդ մասի «դ» կետի խախտում։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը 2400 Եվրո փախհատուցում, ոչ նյութական, այլ բարոյական, 1500 եվրո կատարված ծախսերի համար փախհատուցում: 56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրված HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի գործին «Առավոտն» անդրադարձել է սկսած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նիստերը լուսաբանելուց մինչեւ ՀՀ վճռաբեկ դատարան, մինչեւ անգամ այն պահը, երբ պաշտպանը դիմեց ՄԻԵԴ։
5.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել նա: Աշոտ Առուշանյանի պաշտպանն է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, որը «Առավոտին» հայտնել էր, որ շարունակելու է բողոքարկել դատավճիռը, նաեւ այն նպատակով, որ սպառեն ներպետական բոլոր ատյանները` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար: Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 հազար դրամի գողություն կատարելուն օժանդակելու մեջ: Նախաքննության մարմինը մեղադրել էր այս գործով ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանին գողության համար: Իսկ մյուս կասկածյալ Արտաշես Գալուստյանն էլ դեռեւս 2012թ.-ին հոր հետ ինքնասպան էր եղել:
Կարդացեք նաև
Դեռ 2018թ.-ի մարտին տեղեկացրել էինք, որ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը դիմել էր ՄԻԵԴ: Իսկ դատարանն էլ ներպետական դատարանների մասով հարցեր է ուղարկել Հայաստանի կառավարությանը: Մասնավորապես՝ արդյոք դատավարության ընթացքում Առուշանյանի կալանավորումը համապատասխանո՞ւմ էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Առուշանյանին կալանավորելը թույլատրող որոշումները ապահովե՞լ են համարժեք պաշտպանություն կամայականությունից եւ բավարարել օրինականության պահանջը` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.04.2026


















































