Փաշինյան-Պուտին հանդիպումը, փաստորեն, դարձավ հերթական ապացույցն այն բանի, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում մրցակցում են ոչ թե սոսկ մեր տեղական քաղաքական ուժերը, այլ աշխարհաքաղաքական միավորները, ինչի մասին միշտ մենք գրել ենք, ինչը երկրի անվտանգության առումով ամենամեծ սպառնալիքն է հայերիս համար, եւ ինչի վտանգը հայ մեծամասնությունը չի ընկալում սովորաբար, բայց գոնե այս անգամ ակնհայտ տեսավ
Բազմաթիվ կարեւոր եւ օրակարգային տնտեսական հարցերը թողած` ՌԴ նախագահն իր փոքրիկ խոսքում հարկ համարեց Հայաստանում հնարավոր նախընտրական սրացումներից խոսել ու հույս հայտնել, որ դրանք չեն խանգարի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին, պրոռուսական քաղաքական ուժերին տեր կանգնեց, թե բա` մենք շատ կուզեինք, որ այդ քաղաքական կուսակցությունները կարողանային մասնակցություն ունենալ ներքաղական աշխատանքում`Հայաստանի ընտրություններին, նրանցից անազատության մեջ գտնվողներից-ՌԴ անձնագիր ունեցողներից խոսեց, ցանկություն հայտնելով, որ նրանք մասնակցություն ունենան ներքաղաքական աշխատանքում:
Այ քեզ բա՛ն, սա ի՞նչ էր, հո ժամանակային տուրբուլենտություն չէ՞ր այդ պահին` մի պահ մեզ Խորհրդային Միություն հետ տարած, երբ ՍՍՀՄ ղեկավարը հանրապետություններից մեկի ղեկավարին բան է հասկացնում: Բայց համ էլ Պուտինը հավատացրեց, որ ինչ էլ պատահի` ՌԴ-ն հայ ժողովրդի շահերից է ելնելու, ոնց էլ ավարտվեն ընտրությունները` հայ ռուսական համագործակցության կառուցումը կշարունակվի:
Չեք պատկերացնի անկախ երկրի քաղաքացի որպես` ապրածս վիրավորանքի չափը, ո՞նց կարող է այլ` թեկուզ գերտերության, թեկուզ երեւութապես գոնե բարեկամ երկրի ղեկավարն այդպես, առանց ձեւականությունների, խառնվել իմ երկրի ներքին կյանքին:
Կարդացեք նաև
Ու թեեւ Փաշինյանն ի պատասխան ասում էր, որ Հայաստանի ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիներ, ռուսական անձնագիր ունեցողները, համաձայն Հայաստանի Սահմանադրության, չեն կարող լինել ոչ պատգամավորության թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու, նստվածքը մնաց: Նույնիսկ երբ մեկ օր հետո կառավարության նիստին Փաշինյանը մեղմում էր Պուտինի խոսքի տպավորությունը, թե նա կարող է իրազեկված չլինել Հայաստանի ներքին իրողություններից` այդ տեսակետը հայտնելիս, այն է` որ ՌԴ քաղաքացին չի կարող Հայաստանում առաջադրվել: Է, որեւէ երկրի ղեկավար ինչպե՞ս պետք է չիմանա պետությունների դասագրքային սահմանումները, որոնք առաջին հերթին ելնում են նրա ներքին գործերին չխառնվելու ընդհանրական, համընդհանուր կանոնից, սա ի՞նչ կատակ է: Էլ չասած, որ ավելի ուշ հետեւեցին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մի շարք բարձրաձայնումներ, որոնք թաքնված սպառնալիքի ենթատեքստեր ունեն տնտեսական մակարդակում, որպես ամրագրում քաղաքական ուղերձների:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































