«Նախադպրոցական կրթության հասանելիությունը կրթության զարգացման մինչեւ 2023թ. պետական ծրագրի առանցքային բաղադրիչներից է, ամենաառաջնային թիրախները սահմանված են հենց նախադպրոցական կրթության ոլորտում: 2021թ. դրությամբ ունեցել ենք իրավիճակ, որ 3-5 տարեկան երեխաների միայն 64,3 տոկոսն է ընդգրկված եղել նախադպրոցական հաստատություններում: Հայաստանի Հանրապետությունում եղել է 229 բնակավայր, որտեղ բացարձակապես նախադպրոցական կրթության հասանելիություն չի եղել»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Նրա խոսքով. «Այն օրենսդրական փոփոխությունը, որը բոլորովին վերջերս ԱԺ-ում ներկայացվեց, վերաբերվում էր նախակրթարանների սահմանմանը եւ նախակրթարաններում երեխաների ընդգրկման տարիքային սահմանափակումների վերանայմանը: Մինչ այս կար սահմանափակում, որ նախակրթարաններում կարող են նախադպրոցական կրթություն ստանալ միայն 5-6 տարեկան, այսինքն՝ ավագ տարիքային խմբի երեխաները:
Միաժամանակ, մենք ունենք իրավիճակ, որ բազմաթիվ բնակավայրերում նախակրթարանները գործող միակ նախադպրոցական ուսումնական հաստատություններն են: Ունենք նաեւ բնակավայրեր, որտեղ գործող մանկապարտեզները չեն բավարարում բոլոր երեխաների ընդգրկվածությունն ապահովելուն, հետեւաբար որոշակի փոփոխություններ ենք առաջարկել: Մասնավորապես, այն բնակավայրերում, որտեղ նախակրթարանը կլինի նախադպրոցական կրթություն իրականացնող միակ հաստատությունը, 3-6 տարեկան երեխաները կարող են ընդգրկվել: Եվ այն բնակավայրերում, որտեղ կան մանկապարտեզներ, սակայն նախակրթարանների գործելու կարիքը կլինի, 4-6 տարեկանները եւս կարող են ընդգրկվել»:
Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում այս պահին գործում է 500 նախակրթարան. «Նախակրթարանները դպրոցահեն են, գործում են դպրոցի շենքում առանձնացված տարածքում, որտեղ հնարավոր է կազմակերպել նախադպրոցական կրթության համար հարմար միջավայր, երեխաներն ունեն առանձին մուտքի, առանձին սանհանգույցի հնարավորություն: Հիմնական տարբերությունը նախակրթարանների եւ մանկապարտեզների միջեւ այն է, որ նախակրթարաններում երեխաների գտնվելու ժամաքանակն ավելի պակաս է, քան մանկապարտեզներում: Նախակրթարանում ծրագիրը սովորաբար 4-5 ժամվա համար է»:
Կարդացեք նաև
ԿԳՄՍՆ վարչության պետը նշեց, որ նպատակ է դրված, որ մինչեւ 2030թ բոլոր երեխաները մինչեւ դպրոց գնալն առնվազն 1 տարի ընդգրկված լինեն նախադպրոցական կրթության մեջ:
Տեսանյութն՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































