Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի-Պետություն հակամարտության հնարավոր հանգուցալուծման ամենաիրատեսական ուղղությունը 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն են․ Գենադի Մնացականյան

Ապրիլ 03,2026 19:18 Share

Պետությունը քաղաքական իշխանությունն է, իսկ Եկեղեցին՝ հոգևոր իշխանությունը։ Ունենք այն, ինչ ունենք։ Ազգապահպանման տեսակետից այս երկու հույժ կարևոր՝ քաղաքական և հոգևոր կառույցները, մոտ ութ տարի է՝ սուր հակամարտության մեջ են։ Իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ պնդում են, որ Եկեղեցում իշխանությունը զավթված է, իսկ ողջամիտ հայ հանրությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, մտահոգություն են հայտնում հոգևոր անվտանգության և ինքնավարության նկատմամբ բազմակողմանի ոտնձգությունների վերաբերյալ։ Սակայն այս հակամարտությունը չի կարող հավերժ տևել։ Անպայման պետք է գա այն ժամանակը, երբ Պետությունն ու Եկեղեցին համայն հայության հետ մեկ ամբողջություն կկազմեն։ Այդպիսի երանելի իրավիճակի համար անհնար է ճշգրտությամբ որևէ ժամկետ կանխատեսել։ Դա սերտորեն փոխկապակցված է Հայաստանի ներքաղաքական վերադասավորումների ու առաջիկա ընտրական գործընթացների հետ։

Այդուհանդերձ, Հայաստանի շուրջ ներկայումս  ընթացող քաղաքական խմորումների վրա հիմնվելով, փորձենք նշմարել Եկեղեցի-Պետություն հակամարտության հանգուցալուծման որոշ ուղղություններ։ Եկեղեցի-Պետություն հարաբերություններում սահմանները համապարփակ հստակեցնելու և համերաշխ գործելու համար բավականին խելամիտ առաջարկություններ եղել են քաղաքական-հասարակական գործիչների կողմից, ինչպես նաև Եկեղեցու կողմից։ Նկատենք, որ ՀՀ իշխանությունների կողմից նման ուղղամիտ առաջարկություններ չեն եղել և արված առաջարկություններին պատշաճ արձագանք նույնպես չեն տրվել։

Այս համատեքստում ժամանակին Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն էր շատ ուշագրավ առաջարկությամբ հանդես եկել և, մեծ հաշվով, դրանից հետո՝ փետրվարին Ավստրիայում տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունն էլ, կարծում եմ, արդար կլինի դիտարկել այդ կառուցողական դաշտում, որին նույնպես ՀՀ իշխանությունները ըստ արժանվույն չարձագանքեցին։ Ազնիվ մտադրություններով միջնորդավորված հաշտեցման նախաձեռնությունները նույնպես ապարդյուն են անցնում։

Հակամարտության հանգուցալուծման փոքր-ինչ հավանական ուղղություններից կարելի է դիտարկել նաև համակարգային բաժանումն ու նոր իրավական կարգավորումները։ Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ Եկեղեցու տնտեսական ու հարկային արտոնությունների վերանայման, ինչպես նաև Սահմանադրական բաժանման գործնական կիրառումը։ Խնդրի հանգուցալուծման տեսանկյունից կարելի է դիտարկել նաև Եկեղեցու և Պետության ղեկավարության փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների իրականացումը, որը, սակայն, խիստ վիճահարույց է։ Ավելի իրատեսական կարող է լինել միայն Պետության ղեկավարի փոփոխությամբ բարեփոխումների իրականացումը։ Ինչո՞ւ։ Որովհետև Եկեղեցին անընդհատ ինքնաբարեփոխվում է, և Եկեղեցու առաջնորդների փոփոխությունները այդ գործընթացը կասեցնել որևէ կերպ չեն կարող, քանի որ այս սրբազան գործում ամենակարևոր գործոնը աստվածային ներգործությունն է։

Մինչդեռ տեսնում ենք, որ նման փորձեր կատարվում են քաղաքական իշխանությունների անօրինական միջամտությամբ։ Եկեղեցի-Պետություն հակամարտության հնարավոր հանգուցալուծման ամենաիրատեսական ուղղությունը 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում սպասվող Խորհրդարանական ընտրություններն են։ Բազմաթիվ փորձագետներ տեսակետներ են հայտնել, որ ընտրությունների նախաշեմին հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, իր գագաթնակետին կհասնի։ Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքներով պայմանավորված նոր կառավարության ձևավորումը կարող է հանգեցնել կա՛մ լարվածության թուլացման ու վերացման, կա՛մ սկզբնավորել հարաբերությունների վերանայման նոր փուլ։ Ավելի պարզ, քաղաքական իշխանափոխությունից հետո Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կլինեն համագործակցային, իսկ ներկայիս քաղաքական իշխանության վերարտադրման պարագայում՝ Եկեղեցին «կբարեփոխվի», համաձայն տարեսկզբին վարչապետի կեցավայրում գրավոր և բանավոր արված հայտարարության՝ իր բոլոր ազգակործան հետևանքներով։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930