Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ պաշտոն պետք չէ, ինձ Հայաստանի Հանրապետությունն է պետք. Էդուարդ Շարմազանով

Ապրիլ 04,2026 16:23 Share

«Պետք է կենտրոնանանք ազգային ուժերի համախմբման, Հայաստանի անկախությունը պաշտպանելու վրա եւ թույլ չտանք, որ Երրորդ Հանրապետությունը դառնա պատմություն: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը հետեւողականորեն գնում է Հայաստանի Հանրապետության գաղափարական եւ բովանդակային հիմքերը, այն է՝ Անկախության հռչակագիրը մերժելու ճանապարհով, այսինքն` 1990 թ. օգոստոսի 23-ը մերժելու, հետեւաբար նաեւ 1991-ի սեպտեմբերի 21-ի ԱՅՈ-ի գաղափարը մերժելու ճանապարհով, սա փաստ է: Այսօր մեր թիվ 1 խնդիրը պետք է լինի՝ թույլ չտալ Հայաստանի Հանրապետության վերածումը Էրմենիստանի»,- ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը,  պատասխանելով լրագրողների՝ իրեն ուղղված հարցերին:

Հարցին՝ կոնկրետ ո՞ր քաղաքական ուժի օգտին են աշխատելու, Շարմազանովն այսպես արձագանքեց՝ առանց մանրամասնելու. «Ես կոնկրետ ԱՅՈ եմ ասելու Անկախության հռչակագրին, ԴԵՄ եմ ասելու նիկոլիզմին: Պարոն Նախագահն իր խոսքում ասաց, որ կան ազգային ընդդիմադիր ուժեր, եւ ձայն է տրվելու ոչ թե նիկոլիզմին, այլ այն ուժերին, որոնք պայքարել ու պայքարելու են հանուն Հայաստանի Հանրապետության»:

Նա եւս ընդգծեց, որ ընտրություններին չմասնակցելու որոշումն իրենց հեշտ չի տրվել, 2 ամիս լուրջ քննարկումներ են ունեցել. «Ինչպես նշեցի, մեր նպատակն է՝ թույլ չտալ, որ Հայաստանը վերածվի Էրմենիստանի, գնա վիլայեթացման, իսկ որ գործող ռեժիմը Հայաստանը տանում է վիլայեթացման ու ադրբեջանացման,  դա  փաստ է»:

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի արած այն արտահայտությանը, թե Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամը նշեց. «Միգուցե իրենց՝ իշխանության մնալու լավագույն երաշխավորն Ալիեւն է, եւ հայ ժողովուրդը պետք է ապացուցի, որ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Հայաստանի քաղաքացին է: Ալեն Սիմոնյանն այստեղ անկեղծ է, որ ասում է իրենց, որովհետեւ իրենք շատ են սիրում ՀՀ-ն եւ իրենց իշխանությունը նույնացնել:Հայաստանի Հանրապետությունը ՔՊ-ն չէ, նիկոլիզմը չէ: Ժողովուրդը պետք է հանրաքվեով հստակ որոշի՝ինքն է տերը իր երկրի եւ թույլ չտա, որ Հայաստանի Հանրապետությունը հետ կանգնի Անկախության հռչակագրի նպատակներից»:

Դիտարկմանը, որ նախկին ՀՀԿ-ականները «Ուժեղ Հայաստանի» ցանկում են, Էդուարդ  Շարմազանովն այսպես պատասխանեց. «Բա կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանի ցանկում լինեին… Եթե պաշտպանում են ազգային, պետական գաղափարներ կրող ուժերին, ինչո՞ւ եք զարմանում… Նաեւ չառաջադրվելը ընտրություններին չմասնակցելը չէ, Հանրապետականը ակտիվ մասնակցելու է ընտրական պրոցեսներին: ՀՀԿ-ն ակտիվ տարածելու է իր գաղափարները… Թող որեւէ կուսակցություն իր վրա չվերցնի, ինձ պաշտոն պետք չէ, ինձ Հայաստանի Հանրապետություն է պետք: Դրա համար առաջնային խնդիրը նիկոլիզմից ազատվելն է»:

Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ի ու Երկրորդ նախագահի աջակիցների միջեւ փոխհրաձգությանը, Շարմազանովն ասաց, որ այնտեղ ունի բազմաթիվ պայքարի ընկերներ, եւ գոնե ինքը ՀՀԿ-ի կողմից երկրորդ նախագահի եւ նրա թիմի վերաբերյալ թիրախավորումներ չի արել եւ չի տեսել: Ինչ վերաբերվում է Միքայել Մինասյանին, նրա մասին էլ ասաց. «Ձեր նշած անձը ՀՀԿ անդա՞մ է, ղեկավար կազմո՞ւմ է,  համագումարի պատվիրա՞կ է… ՀՀԿ-ն կարիք չունի որեւէ մեկի թիկունքում պախկվելու»:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը կոչ արեց ոչ թե կենտրոնանալ ընդդիմության շրջանում առկա տարաձայնությունների, այլ  համազգային եւ համապետական շահի վրա, որպեսզի նրա ձեւակերպմամբ, հունիսի 8-ին չվերարտադրվի ստի ու կեղծիքի իշխանությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930