Լրահոս
Օրվա լրահոսը

Հասունանում է երկուստեք շահավետ՝ «դու ինձ, ես քեզ» սկզբունքով մի գործարք․ «Հայացք Երեւանից»

Ապրիլ 05,2026 09:36 Share

Դատելով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներից, որոնց «խմբավարը» վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է՝ իր փոքրիկ խմբակով, կարելի է մի հետաքրքիր եզրակացության հանգել: Պարզվում է՝ մեր խնդիրն այն չէ, որ Հայաստանը պարտվեց 44-օրյա պատերազմում: Անգամ այն չէ, որ Իլհամ Ալիեւը անվերջ պահանջներ է թելադրում, եւ Փաշինյանը լուռումունջ կատարում է: Մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահի ասածներն ու պահանջածները միանգամայն համահունչ են Նիկոլ Փաշինյանի գաղափարներին ու մտածումներին: Նա խորքային համոզմունք ունի, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել եւ չի անում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հանդեպ:

Այդ գործիչը, մեր մեջ ասած, որպես պետության գլուխ՝ պիտանի չէ, բայց կարողանում է ճարպկություն, աչքակապություն, շանտաժ բանեցնելով՝ միշտ խուսանավել ու մնալ «ջրի երեսին»: Ձեռնածություններ, ստեր հերյուրելու գործում հավասարը չունի, ի վիճակի է պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ, ձախողումը՝ ձեռքբերում, անկումը՝ վերելք եւ այդպես շարունակ: Նման որակների շնորհիվ է, որ շուրջ 8 տարի իշխանության գահին է եւ չի ուզում այն զիջել արժանի հետեւորդի, թեեւ իշխանավարման ընթացքում 3 պատերազմ է բերել, մահ ու ավեր, հայկական տարածքների կորուստ, 5 հազար զոհ, ավելի քան 10 հազար հաշմվածներ ու անհետ կորածներ: Լուսեղ հայորդիների մի ողջ աստղաբույլ:

Բայց, Տերը թող ներող լինի, բոլորովին հոգը չէ: Ոչ մի ապրումակցում, մեղքի ոչ մի զգացում, խղճի ոչ մի խայթ: Ուշնումիտքը ընտրություններում՝ երրորդ ժամկետով վերարտադրվելն է, իշխանությունը ձեռքից չտալը՝ թեկուզ աշխարհը շուռ գա: Փույթ չէ, թե այդ իշխանությունը բազմաչարչար հայ ժողովրդին միայն ցավ ու տառապանք է պատճառել եւ դեռ երկու ամիս պատճառելու է: Առհավատչյան Իլհամ Ալիեւի հետ Նիկոլի ակնհայտ համախոհությունն է: Ուշադիր հետեւեցեք երկու կողմի այս օրերի հռետորաբանությանը, քննարկումներին ու պաշտոնական խոսույթին, եւ պարզորոշ կտեսնեք կողմերի խոսքի ու գործողությունների համաժամանակեցումը, եւ կհասկանաք, թե ինչու են մեզ սպառնում պատերազմով:

Ակներեւ է, որ կողմերից մեկը Հայաստանում իշխանության մնալու խնդիր ունի, մյուսը՝ Հայաստանում ադրբեջանական նոր ծրագրեր իրականացնելու նպատակ: Կարճ ասած՝ հասունանում է երկուստեք շահավետ՝ «դու ինձ, ես քեզ» սկզբունքով մի գործարք, որը կարող է կործանաբեր լինել առանց այդ էլ թուլացած մեր պետականության համար: Եվ եթե հայոց «Լաոն» այս անգամ էլ չզարթնի լեթարգյան քնից եւ հունիսի 7-ին չասի իր վճռական խոսքը, նախախնամությունը, թերեւս, երեսը կշրջի Նիկոլ Փաշինյան ընտրող ազգից: Այդ անձի վերջին՝ մեկը մյուսից տարօրինակ հայտարարությունները, խոստովանությունները, որոնք հնչում են գրեթե ամենօրյա պարբերականությամբ, ոչ մի լավատեսություն չեն ներշնչում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930