Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած․ Բագրատ Սրբազան

Ապրիլ 05,2026 16:18 Share

«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» (Մարկ. ԺԶ:3-4)

Այս մտքերով ու մտահոգությամբ տարված, տագնապով պատված` թույլ ու անօգնական թվացող կանայք ընթանում էին դեպի Հիսուսի գերեզմանը:
Գիտակցում էին, որ դժվար է` գրեթե անհնար ու անկարելի, հեռացնել այն ծանր քարը, որ դրված էր Լույսի Ճանապարհին` իրենց երազների, ձգտումների, նպատակի իրականացման ու կյանքի վրա:

Սակայն, որքան էլ անհնար թվար, նրանք չկասկածեցին, չվարանեցին, այլ ընթացան, որովհետև իրենց նպատակն ու պատասխանատվությունը, պայքարի ու հաղթանակի ձգտումն ավելի մեծ էր, քան իրենց վախերն ու թվացյալ անզորությունը:

Եվ արձագանքը չուշացավ… քարը գլորվեց, լույսը ճառագեց և ձայնը գոչեց. «Մի’ վախեցեք, Քրիստոս Յարեա՜ւ»:

Այո՛, քարը գլորվեց, որովհետև նրանք չվախեցան:

Նրանց համառ ընթացքը, ճշմարտության համոզմունքը, արդարության անպարտելիությունը, նպատակին հասնելու ձգտումը և անսակարկելի հավատքը գլորեցին այդ մեծ գերեզմանաքարը և ո՛չ սոսկ անհույս հրաշքի սպասումը:

Նրանք հաղթեցին, որովհետև արդեն հաղթել էին, որովհետև չհամակերպվեցին, որովհետև չվախեցան և չընկրկեցին: Նրանք չսպասեցին և չակնկալեցին, որ որևէ մեկը իրենց փոխարեն կհեռացնի այդ ծանր քարը:

Այս փոքրիկ դրվագը իր համառոտությամբ առավելագույնս արտացոլում է մեր կյանքի իրականությունը` մեր ունեցած վախերի, տագնապների, կասկածների, մտահոգությունների մեծ քարին դեմ հանդիման կանգնած` մեր համառ ընթացքով, նպատակներով, երազներով ու ձգտումներով:

Այսօր, այդ չարիքի քարը կարծես դրված է մեր երկրի և մեր ժողովրդի վրա: Եվ մենք գիտակցված կամ ակամա նույն հարցն ենք տալիս. «Ո՞վ է գլորելու այդ քարը մեզ համար».

Ո՛չ ոք, ո՛չ անհույս հրաշքի սպասումը, և ո՛չ այլ ինչ պատանք, այլ միայն դո՛ւ և դո՛ւ, մե՛նք և մե՛նք, մեր նպատակով, մեր երազներով, պատասխանատվությամբ և աննահանջ կամքով ու սիրով`

Վախին հակադրելով քաջությունը,
Անզորությանը` հույսը և կամքը,
Կասկածին` հավատքն ու վստահությունը,
Ստին` ճշմարտությունը,
Կեղծիքին` արդարությունն ու հավատարմությունը,
Անորոշությանը` նպատակն ու երազի իրականացումը,
Հարմարվելուն` համառ ընթացքը և պատասխանատվությունը,
Ատելությանը` սերն ու հաշտությունը:

Եվ կգլորենք այդ քարը մեր վրայից, կգլորենք անպայման ու անկասկած:

Եվ վստահաբար, կլսենք ու կտեսնենք ու կպատմենք, որ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»:
Նա ո՜ղջ է, ինչպես և դուք, ինքներդ ձեզ մի սպանեք և, առավել ևս, մի փնտրեք մեռելների մեջ:
Եվ այդ քարը մե՛նք կգլորենք… Այն չի ուշանա…
Քրիստոս Յարեաւ ի մեռելոց,
Մեծ Ավետիս բոլորիս:

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
05.04.2026
Տօն Սբ Յարութեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930