Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական հայը․ ամեն ինչ մեզնից է կախված. Մաս 1

Ապրիլ 06,2026 11:00 Share

Աշխարհի կարգ ու կանոնի տրամաբանությամբ հայերը կառուցում էին ժողովրդավարություն։ 

2020–2023 թթ․ այդ շրջանն ավարտվեց։

Հայերիս իրավունքների և անվտանգության պաշտպանությունը սերտաճել էր ժողովրդավարության տարածման հետ։

Սակայն 2023թ․ ժողովրդավար աշխարհն ընդունեց, որ Երկիր մոլորակի վրա գտնվող 12 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով ժողովրդավար տարածքը՝ Արցախը, կարող է անցնել բռնապետական երկրի՝ Ադրբեջանի տիրապետության տակ։ 

Ոչ միայն ընդունեց, այլև ողջունեց, քանի որ ժողովրդավար աշխարհին դա ձեռնտու էր որպես հակառուսական ռազմավարություն։

Արցախը 30 տարում փոխել է 5 նախագահ, մինչդեռ Ադրբեջանում արդեն 30 տարի նույն ընտանիքն է կառավարում։ Արցախում իշխանության ճյուղերն անկախ էին, Ադրբեջանում դրանք կենտրոնացած են մեկ մարդու ձեռքում։ Արցախում պաշտպանված էին ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների առաջնորդները սպանվում են բանտերում, ինչպես օրինակ Նովրուզալի Մամմադովը 2009թ-ին և Ֆահրադդին Աբոսզոդան 2020թ-ին, իսկ նրանց լեզուն ու մշակույթը նսեմացված է։

12 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով ժողովրդավար տարածքի հետ բռնապետության բանտերում հայտնվեցին նաև Արցախի ժողովրդավարական համակարգից ծնված և այն զարգացրած քաղաքական, ռազմական գործիչներն ու գործարարները՝ բոլորը հայեր։

Ադրբեջանում անազատության մեջ գտնվելով՝ նրանք զրկանքներ են կրում ոչ միայն ազգային ինքնության պաշտպանության համար, այլև ժողովրդավարության և մարդկության զարգացման համար։

Ստեղծված իրականության արդյունքում հայ ազգայնականությունը ստանում է համամարդկային նշանակություն։ Այդպիսով ընդլայնվում են հայերի առաքելության սահմանները․ ժողովրդավարություն կառուցելուց հայերը վերածվում են ժողովրդավարություն ուսուցանող ու տարածող խմբի։ Գաղափարի համար զրկանքներ կրելով են մարդիկ դառնում այդ գաղափարի իրական կրողներն ու տարածողները։

Ժողովրդավարության հիմքում ընկած է անձի պաշտպանությունն ու ազատությունը։ Իրադարձությունների բերումով հայերի առաքելությունն է դառնում ուրիշներին ուսուցանել անձի պաշտպանության և ազատության արժեքը, դրա կարևորությունն ու մարդկային համակեցության ձևերը։

2026 թ․ հունվարին Դավոսի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գաղափարը, ըստ որի՝ աշխարհում այլևս չկա կարգ ու կանոն, և ամեն ինչ հիմնված է ուժի վրա։ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակմամբ՝ Իրանի և շիաների հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի, նրա ընտանիքի անդամների և մոտ 170 իրանցի աղջիկների սպանությամբ վերահաստատվեց այն անկարգ աշխարհը, որի ճանապարհը բացվել էր Արցախի անկմամբ։

Այս անկարգ վիճակը հակամարդկային է և հակասում է մարդկության զարգացման տրամաբանությանը։ Արդարության հիմքում օրենքի գերակայությունն է և թույլին չճնշելու սկզբունքը։ Օրենքները գրվում են թույլերի համար, իսկ նրանց պաշտպանությունն ու ազատությունը նպաստում են մոլորակի զարգացմանը։

Աշխարհի ազատությունների կենտրոններից մեկը՝ միջուկային մարտագլխիկներով զինված Ֆրանսիան, 21-րդ դարում ընդունում է ժողովրդավարություն ավերող բռնապետի գաղափարները՝ Միշել Մոնտենի Մտքերը և Ժան Ժակ Ռուսոյի հանրային պայմանագիրը փոխարինելով ալիևյան բռունցքի մետաղական քանդակներով։ Ֆրանսիական քաղաքական տրամաբանությունը կպարտադրեր Ֆրանսիային դատապարտել թե՛ ժողովրդավար Արցախի օկուպացումը, թե՛ Ալի Խամենեի սպանությունը, փոխարենը Մակրոնն աջակցեց Նիկոլ Փաշինյանին, որ ժողովրդավար Արցախը հանձնի բռնապետական Ադրբեջանին:

Երբ բացակայում է Ֆրանսիան և կարգ ու կանոնի վրա հիմնված ժողովրդավար աշխարհը, բաց է մնում այն սուբյեկտի տեղը, որը պետք է ազգերին վերադարձնի կարգ ու կանոնի տրամաբանության մեջ՝ միջազգային նոր իրավունքի շրջանակ։

Այդ կարգ ու կանոնի հաստատման կնիքը հայերի ձեռքում է, որովհետև հայերը 2018 թ․ իրենց հանդեպ իրականացված դաժանություններն ու անարդարությունները շարունակում են լուծել քաղաքակրթական ճանապարհներով և, չնայած կրած զրկանքներին, չեն փոխում իրենց քաղաքակրթական աշխարհընկալումն ու ռազմավարությունը։

Այդ կնիքը հնարավոր է դնել ազգային էգոցենտրիզմը փոխարինելով ազգային համամարդկային առաքելությամբ, որի մասին կխոսենք հոդվածի հաջորդ մասում։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930