ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «զինծառայությունից գումարով ազատվելու մասին» նախագծի քննարկման ժամանակ կրքերը թեժացան, երբ հանձնաժողովի անդամները դեմ արտահայտվեցին պատգամավորի նախագծին։
Հիշեցնենք, Հայկ Սարգսյանի նախագիծը՝ վճարել զինծառայությունից ազատվելու համար, թեեւ կառավարության նիստում հավանության էր արժանացել, բայց խորհրդարանում տապալվեց․ ընդդիմությունը եւ մեկ իշխանական պատգամավոր դեմ քվեարկեցին։ Կառավարության նիստում պաշտպանության նախարարն էր ներկայացրել հարցը։
Հայկ Սարգսյանը ցանկացավ արձագանքել, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չէր ցանկանում նրան ձայնի իրավունք տալ։ Պատգամավորն ասաց․ «Ո՞նց չեմ կարող արձագանքել։ Կարևորագույն նախագիծ ենք քննարկում, առանց այդ էլ մի տարի վիժեցրել եք արդեն»։ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ մի տարի մերժել եք ձեր բերածը։ Հայկ Սարգսյանն ընդհատեց՝ դուք եք մերժել, ու շարունակեց․ «Ես դրան կանդրադառնամ, թե ինչ է տեղի ունեցել, բոլորը դրա մասին պետք է իմանան»։
ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասաց․ «Այս պահին այս օրենքի ընդունումը կառավարության կողմից գտնվել է ոչ նպատակահարմար, ուստի կառավարությունը խնդրում է ձեռնպահ մնալ կողմ քվեարկելուց»։
Կարդացեք նաև
Իր ամփոփիչ խոսքում Հայկ Սարգսյանը վրդովվեց․ «Չեք ուզում, չենք անի։ Դե, թող չհաշվառվեն, 27 տարեկանից հետո էլ գան, հաշվառվեն ու ոչ ծառայեն, ոչ էլ գումար վճարեն։ Ինձնից կախված արել եմ առավելագույնը, և սրանով են նաև պայմանավորված այն հետագա շանսերը, որ իմ՝ ԱԺ պատգամավոր չլինելուց հետո այլ մարմին կամ պատգամավոր նման նախագիծ կշրջանառի, զրոյական եմ համարում, ինչով պայմանավորված բանակի թիվը չի աճի ու չի դառնա այն, ինչի մասին երազել ենք և բանավոր ու գրավոր խոսքում պարտավորվել, որ անենք։ Տարակուսած եմ ԱԺ պատգամավորների վարքից»։
Հայկ Սարգսյանը ներկայացրեց նաև, թե ինչ հանգամանքներում է իր բերած նախագիծը մերժվել․ «Կառավարության դրական եզրակացությունը ստացած նախագիծն ԱԺ-ում իշխանական խմբակցությունն ամբողջությամբ կողմ քվեարկեց՝ բացառությամբ Քոչարյան Անդրանիկի, ինչի պատճառով մենք կորցրել ենք բանակի 30 տոկոսը։ Ամբողջ պատասխանատվությունն ընկնում է դեմ ու ձեռնպահ քվեարկած պատգամավորների վրա, և մեր ժողովուրդը պետք է սա իմանա։ Թե մեր հակառակորդ կամ հավանական թշնամի պետություններն ինչքան գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, դուք դա գիտակցված, թե չգիտակցված արել եք անվճար»։
Հանձնաժողովի անդամների քվեարկությամբ նախագիծը չընդունվեց։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































