Լրահոս
Օրվա լրահոսը

89 տարի անց էլ բացահայտված չէ «Կարմինա Բուրանայի» առեղծվածը

Ապրիլ 06,2026 13:20 Share

Աշխարհում 1937 թ. պրեմիերայից հետո մինչ օրս ամենաշատը կատարվող Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» սիմֆոնիկ կանտատի առաջին հնչյուններից հանդիսատեսին համակում է տագնապալի, կտրուկ մեղեդին, լարվածությունն աճում է… «O Fortuna» խմբերգային կոմպոզիցիան, որը եզրափակում է կանտատը, թվում է դիվային երաժշտություն, որի օգնությամբ, մասնագետների բնորոշմամբ, կարելի է առնվազն սատանային կանչել, բայց՝ ոչ. միջնադարյան երգերի բովանդակությունը ոչ մի կապ չունի սև մոգության հետ։ Ինքը՝ կոմպոզիտորը, կանտատի իմաստը բնորոշել է որպես մարդկային ոգու հաղթանակի տոն՝ մարմնականի և տիեզերականի հավասարակշռության միջոցով, իսկ ժանրը՝ որպես «Աշխարհի երգեր երգիչների և երգչախմբի համար՝ նվագակցությամբ»՝ հղում անելով միջնադարյան գերմանական պոեզիայի 24 բանաստեղծությանը, որոնք հայտնաբերվել էին Բավարական Ալպերի նախալեռներում գտնվող Բոյերնի բենեդիկտյան վանքում։

Օրֆի այս հանճարեղ ստեղծագործությունն օրերս դարձյալ հնչեց Երևանի օպերային թատրոնի նվագախմբի և Հովհաննես Չեքիջյանի անվան ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան), մեներգիչներ՝ Արծվիկ Դեմուրչյանի (սոպրանո), Պերճ Քարազյանի (տենոր), Առնոլդ Քոչարյանի (բարիտոն) կատարմամբ։ Դիրիժորական վահանակի մոտ էր մաեստրո Կարեն Դուրգարյանը։

Aravot.am-ը քանիցս անդրադարձել է «Կարմինա Բուրանային»՝ պարզելու, պարզաբանում ստանալու, թե վերջապես ո՞րն է այդ ստեղծագործության առեղծվածը։ Այդպես էլ մասնագետների կողմից հիմնավոր ոչ մի պատասխան չենք ստացել։ Պարզվում է՝ աշխարհն էլ այս հարցի պատասխանը դեռևս չունի․ արևմտյան մեկ-երկու մասնագիտական կայքեր, անդրադառնալով «Կարմինա Բուրանային», ընթացիկ տարեսկզբից գրել են, թե այս գլուխգործոցով Օրֆը երես թեքեց իր ժամանակի մոդեռնիստական շարժումներից՝ փոխարենը ստեղծելով կանոն, որը հեշտությամբ ճանաչելի էր և շատ օրիգինալ, և որի հարուստ ռիթմերն ու ներդաշնակությունները, էլեգիական տեքստերը և կյանքի ուժը ստեղծում են հսկայական պրիմիտիվիստական էպոս, որը պարզապես դեռ սպասում է իր բացահայտմանը…

Այս գործը գրվել է գերմանացի ժողովրդի համար դաժան ժամանակներում, երբ արվեստի շատ գործիչներ ստիպված լքում էին երկիրը, Օրֆը դարձավ այն կոմպոզիտորը, որը գրեց ու կատարեց իր ստեղծագործությունը նացիստական Գերմանիայում։ Նա արդեն 42 տարեկան էր և հայտնի էր որպես նորարար մանկավարժ, որը մշակել էր երեխաներին երաժշտություն սովորեցնելու սեփական մեթոդը։

Այդ տարիներին էլ գտնվեցին հեղինակավոր երաժշտագետներ, որոնք մեղադրում էին կոմպոզիտորին, որ նա միտումնավոր հավատարմություն է պահպանում նացիստական վարչակազմին։ Բայց Օրֆը, ում տոհմածառում հրեական արյուն կար, չենթարկվեց բռնաճնշումներին, այլ հակառակը՝ գլխապտույտ կարիերա արեց հենց Երրորդ ռեյխում։

Նա Վիեննայի գաուլյայտեր և «Հիտլերյուզենդի» ղեկավարներից մեկի՝ Բալդուր Ֆոն Շիրախի մտերիմ ընկերն էր։ Ստանում էր պարգևներ և պատվերներ, օրինակ՝ նոր երաժշտություն գրում «Ամառային գիշերվա երազը» պիեսի համար այն բանից հետո, երբ Գերմանիայում արգելվեց Մենդելսոնը։ Նրա «Գյունտերշուլե» դպրոցի սաները հաճախ հանդես էին գալիս պաշտոնական միջոցառումներին, իսկ Օրֆի երաժշտությունը հնչում էր կուսակցական ընդունելությունների ժամանակ։

Այնուամենայնիվ, Կառլ Օրֆը չէր համարվում դասական «նացիստ» կոմպոզիտոր և շարունակեց ստեղծագործել Երրորդ ռեյխի անկումից հետո՝ հայտարարելով իր ստեղծագործությունների հակապատերազմական բնույթի և «Սպիտակ վարդ» դիմադրության շարժման հետ կապի մասին։ Իսկ կոմպոզիտորն իր կանտատի մասին եղել ու մնացել է հետևյալ մտքին․ «Ո՛վ բախտ, լուսնի պես դու փոփոխական ես, միշտ ստեղծում ես կամ կործանում։ Դու խաթարում ես կյանքի ընթացքը՝ մեկ ճնշում ես, մեկ բարձրացնում, և բանականությունն ի զորու չէ քեզ ըմբռնել․ թե՛ աղքատությունը, թե՛ իշխանությունը՝ ամեն ինչ անկայուն է, ինչպես սառույցը»։

Մենք կարճ զրույց ունեցանք օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանի հետ, ում խոսքը մեջբերում ենք առանց միջամտության․ «Այս հռչակավոր ստեղծագործության հիմքում ընկած էր գերմանական մանուսկրիպտի մոտ 315 երգերից ու բանաստեղծություններից կազմված ժողովածուն, որից Օրֆն առանձնացրել էր 24-ը։ Մարդկային կյանքի ճակատագրի փոփոխություն, որին միշտ չէ, որ կարող է դիմակայել սովորական մահկանացուն։ Այս թեման արդիական է նաև մեր օրերում․ սեր, ատելություն, հավատարմություն և դավաճանություն, մարդկային արատների դրսևորում… Իհարկե, ոչ բոլորը գիտեն, թե ինչ է «Կարմինա Բուրանան», և ով է Կառլ Օրֆը, բայց ստեղծագործության առաջին հնչյունները ծանոթ են բոլորին։ Դա երգչախմբային «Օ՜, Ֆորտունա» հատվածն է, որի երաժշտությունն ուղղակի հնարավոր չէ չիմանալ։

Բայց հիմա զուգահեռ պիտի տանեմ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի պետական երգչախմբային կապելլայի մասին, որին նույնպես հնարավոր չէ չիմանալ, և մի քանի օր առաջ իրավամբ անվանակոչվեց մաեստրոյի անվամբ։ Ինձ բախտ է վիճակվել ոչ միայն ճանաչել Հովհաննես Չեքիջյանին, այլ աշխատել նրա հետ՝ բացառիկ ունակություններով օժտված, հայացքի մեկ շարժումով հզոր երգչախումբը հիպնոսացրած, երաժշտական նուրբ ճաշակի տեր Մեծ Հայի հետ, որի շնորհիվ աշխարհը ծանոթացավ, գնահատեց և հիացավ հայ խմբերգային երգարվեստով։ Հիմա շատ կարճ անդրադարձ «Կարմինա Բուրանային», ինչի ականատեսը եղաք դուք․ Կարեն Դուրգարյանի ինքնատիպ ղեկավարությամբ այնքան իրական էր օրֆյան մեկնաբանությունը, բեմում գտնվող մոտ 200 երաժիշտներ դարձել էին մի ամբողջականություն, որը ունկնդրին մինչև վերջ պահեց լարվածության մեջ»։

Սամվել Դանիելյան
«Կարմինա Բուրանայից» հատվածը՝ Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930